23 մլրդ-ի չարաշահումներ և երկու մեղավոր. «Հյուսիս-հարավ»-ի գործով պաշտոնյաների մեղադրանքներ չի առաջադրվել

23 մլրդ-ի չարաշահումներ և երկու մեղավոր. «Հյուսիս-հարավ»-ի գործով պաշտոնյաների մեղադրանքներ չի առաջադրվել

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհն անհատակ տակառ դարձավ Հայաստանի համար։ 2012 թվականից մինչ այսօր 550 կմ երկարության ճանապարհի չնչին մասն է կառուցվել՝ 31 կմ-ն միայն, այն էլ՝ երեւանամերձ հատվածները, որոնք մյուսների համեմատ ավելի բարեկարգ էին։ 
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը 2019 թվականի ապրիլին բարձրաձայնեց թիվ, որը մինչ այդ չէր հնչել՝ ճանապարհի կառուցման համար ծախսվել է մոտ 200-220 միլիոն դոլար։ Եթե 200-220 մլն դոլարով կառուցել են ընդամենը 31 կմ, դա նշանակում է, որ մենք գերթանկարժեք մայրուղի ենք կառուցում, որի մեկ կիլոմետրի արժեքը 7 մլն դոլարից բարձր է եւ գրեթե կրկնակի գերազանցում է եվրոպական շուկայական գները։
Թե որքան գումար է իրականում ծախսվել ու «լվացվել» Հյուսիս-հարավի» կառուցման ընթացքում, ինչ չարաշահումներ են եղել, փորձում են պարզել իրավապահները։
Քննչական կոմիտեն 2018 թվականին քրեական գործեր հարուցեց: Նախաքննության ընթացքի մասին տեղեկությունները շատ չեն։ Առհասարակ, գործով նախաքննությունը կրիայի տեմպով է առաջ գնում: 

Հայտնի է, որ 500-ից ավելի մարդ է հարցաքննվել, այդ թվում նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։ Այս մասին Քննչական կոմիտեն հայտնել էր դեռ մեկ տարի առաջ: Այս մեկ տարում Բեգլարյանին մեղադրանք չի առաջադրվել: Նա այս գործով դեռեւս վկայի կարգավիճակ ունի: Հայտարարվել է, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավված ֆրանսիական «Սաֆեջ Էս. Ա. եւ Էպտիսա» համատեղ ձեռնարկության ծրագրի թիմի ղեկավարը՝ 1 միլիոն 800 հազար դոլարին համարժեք դրամ խարդախությամբ հափշտակելու համար։ 
Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի խարդախության համար (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): Այս ընկերությունը տեխնիկական հսկողություն էր իրականացնում: «Հարցաքննվել են բոլոր այն պաշտոնյաները, ովքեր այդ ծրագրի իրականացման ընթացքում աշխատել են եւ առնչություն են ունեցել շինարարական աշխատանքներին»,- հայտնում է Քննչական կոմիտեի լրատվության պատասխանատու Նաիրա Հարությունյանը, սակայն այլ անուններ չի նշում: Մեղադրանք է առաջադրվել նաև մեկ կապալառու ընկերության ներկայացուցչի: Նա մեղադրվում է երեք հոդվածներով՝ խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով):
Երկու մեղադրյալների անունները չեն նշվում: Ըստ ՔԿ հաղորդագրության, հայտնաբերվել են առերեւույթ չարաշահումներ, որոնց հետեւանքով պետությանը պատճառված վնասը, նախնական հաշվարկներով, կազմում է 23 մլրդ 553 միլիոն 817 հազար ՀՀ դրամ:

Ստացվում է, որ 23 մլրդ-ից ավելի չարաշահումների գործը մեկ տարի է՝ քննվում է, բայց ընդամենը երկու մեղադրյալ կա գործով: Երկուսն էլ պաշտոնյաներ չեն: 
«Հյուսիս-հարավ» ծրագրի գրասենյակ, որպես այդպիսին, այժմ գոյություն չունի: Նոր կառավարության օրոք այն փոխանցվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը եւ վերանվանվել դարձել է տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն: 
««Հյուսիս-հարավի» «Տրանշ-3»-ում, որն ընդգրկում է Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածները, իրականացվում են տարբեր տիպի շինարարական աշխատանքներ»,- հայտնեցին այս կազմակերպությունից: 

«Տրանշ-3» ծրագրի շրջանակներում հողային աշխատանքներ են կատարվում: 
Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավը», որը պետք է, ըստ նախագծի, Իրանից հասներ Վրաստան, կառուցվում է 2012 թվականից եւ պետք է ունենար 556 կմ երկարություն: «Հյուսիս-հարավը» կառուցելու համար ՀՀ նախկին իշխանությունների գլխին միջազգային կազմակերպությունները վարկային անձրեւ են թափել։ 556 կիլոմետր երկարությամբ ճանապարհի կառուցման համար նախատեսված էր 962 միլիոն դոլար։ Ասիական զարգացման բանկը նախկինում մոտ 500 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել։ 

Հ․Գ․ Հիշեցնենք նաեւ, որ իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունը, որին ժամանակին դուրս մղեցին «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունից, դիմել է արբիտրաժային դատարան եւ ակնկալում է մեծ գումարներ շահել Հայաստանից։ Եթե այդ դատական պրոցեսում Հայաստանը պարտվի, պետք է հասկանալ, թե ով պետք է փոխհատուցի պետությանը պատճառված վնասը։