Դատապարտյալ․ ամբողջ օրը հեռուստացույցով՝ կոռուպցիան արմատախիլ է արվե՜լ

Դատապարտյալ․ ամբողջ օրը հեռուստացույցով՝ կոռուպցիան արմատախիլ է արվե՜լ

Խմբագրություն զանգահարած դատապարտյալ Սերգեյ Կարոյի Աբրահամյանը ոչ միայն քաղաքակիրթ, այլև ոսկեղենիկ հայերենով պատմեց իր պատմությունը, ապա ավելացրեց․ «Ամբողջ օրը հեռուստացույցով լսում եմ, որ կոռուպցիան արմատախիլ է արվել, որ կոռուպցիայի դեմ լուրջ պայքար է գնում, բայց երկու մանկահասակ երեխայի հորն անարդարացի դատապարտել 7 տարվա ազատազրկման, չեն ուզում ընթացք տալ։ Ուղղակի չեն ուզում և վերջ»։ 2 անչափահաս երեխաների հայր Սերգեյը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել 2017 թվականին։ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել նրան առաջադրված մեղադրանքը։ Այն է՝ Նունե Ավետյանին ծեծելը, իսկ Նորայր Արամյանին` մարմնական վնասվածք պատճառելը։

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. հունվարի 1-ին` ժամը 16-ի սահմաններում, մորաքրոջ` Զոյա Բալյանի հարևան Նորայր Արամյանի բակում նկատելով Արման Մանուչարյանին պատկանող ավտոմեքենան և իմանալով, որ նա այդ ավտոմեքենան պարտքի դիմաց որպես երաշխիք հանձնել է մեկ ուրիշին, առանց վերջինիս թույլտվության, Նորայր Արամյանից պահանջել է վերադարձնել այն, սակայն մերժում ստանալուց հետո, նրա ընտանիքի անդամների ներկայությամբ, սկսել է հայհոյել և դարպասների մոտ դասավորված վառելափայտերից մեկով հարվածել ու ջարդել է ավտոմեքենայի դռան ապակին՝ հրահրելով վիճաբանություն։ Այնուհետև իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքը ցուցադրելով` սպառնալիքներ է տվել Նորայր Արամյանին և բռնի գործողություն կատարել` նույն գործիքով դիտավորությամբ հարվածել է նրա աջ դաստակին, ապա մոտեցել Նունե Ավետյանին ու ծեծել նրան ոտքերով ու ձեռքերով։

Ըստ մեղադրանքի՝ ծեծված կինը նրան մինչ այս ասել էր․ «Այ թաղված, ինչո՞ւ ես կռվում»։ Դատաքննության ժամանակ էլ Սերգեյ Աբրահամյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ հակառակը՝ վիճաբանության ժամանակ Նվեր Արամյանն ավտոմեքենայով կտրել է, իջել և երկաթե ձողով հարվածել իր գլխին: Հարվածից ընկել է գետնին և գետնին եղած ինչ-որ առարկա է վերցրել ու պաշտպանվելու համար թեքվել Նվեր Արամյանի ուղղությամբ: Նա էլ վնասվածք է ստացել։

Սերգեյը հիմա էլ չի ընդունում և ասում է․ «Նախկին կառավարության օրոք դատապարտվել են, ապացույցներ են կեղծել՝ մի շարք, և դրանով վկաների հակասություն են տվել, ինչի արդյունքում ինձ դատապարտել են։ Դրա շուրջ Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում եմ տվել, Գլխավոր դատախազությունից գրությամբ պատասխանել են, որ հանցակազմի հատկանիշներ չի պարունակում։ Դիմել եմ նաև Ազգային անվտանգության պետ պարոն Վանեցյանին, եկել են, ամբողջությամբ ուսումնասիրել են իմ մատնանշած կեղծիքները, եկել են այն եզրահանգման, որ առկա են բոլոր կեղծիքները»։ Սրանից հետո դատախազության պատասխանը բողոքարկվել է դատարանում, որպեսզի, ըստ դատարանի որոշման, գործը նորից քննության առնելու իրավասություն ունենա։

«Դատավորն էլ եղել է Ռոբերտ Քոչարյանի առաջին ատյանի դատավորը, դատախազության հրահանգն է կատարել, մերժել է դիմումը, վերաքննիչ դատարանի դատավորն այնպիսի որոշում է կայացրել, որ իմ բոլոր իրավունքները՝ մինչև նույնիսկ սահմանադրական, խախտվել են»,- ասում է Սերգեյը, ինչի մասին գրել է նաև վարչապետին։ Նա նշեց, որ այս ընթացքում դատախազությունն անընդմեջ տարբեր միջոցներով սպառնացել է իրեն։ Մասնավորապես, իր այդ գրությունից ՔԿՀ է եկել ոմն Մնացականյան (անունը չի հիշում), նրան զգուշացրել զրպարտության մասին։

«Ես գրիչը վերցնում եմ, որ ստորագրեմ, քանի որ վստահ եմ, որ կեղծել են բոլոր ապացույցները, քննիչն անմիջապես ինձ սպառնում է՝ ասելով․ նայի՛ր, հա, դու պետք է ապացուցես, եթե չապացուցես, զրպարտության համար կդատապարտվես։ Մինչդեռ ապացուցողական պարտականությունը կրում է նախաքննող մարմինը»,- մեկնաբանում է դատապարտյալը։ Դրանից հետո նորից գրել է Փաշինյանին, որ իրեն սպառնում են, ու այս անգամ դիմումը վերահասցեագրվել է Գլխավոր դատախազությանը։ Այսինքն՝ նա գրում է, որ դատախազությունն իրեն սպառնում է, դիմումը վերահասցեագրում են դատախազությանը։ Այսինքն, ըստ հաղորդման հեղինակի՝ սպառնացողին։ «Ավելին, ասում եմ, որ ունենք անգամ վկա, որը եկել դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ եկել իրեն տեսել են «տուժող» կողմը և ասել, որ մեր գործերը սարքել ենք, թող ինքն էլ իրենը սարքի»,- մեկնաբանեց Սերգեյը։ Նա խնդրեց, որ ներկա լինենք իր վերաքննիչ դատաքննությանը, որ հանրությունը տեղեկացված լինի, թե ինչ մոտեցում է ցուցաբերվում իր հանդեպ։ Սա նոր միջնորդություն է՝ դատախազին պարտադրելու քրեական գործ հարուցել քննիչի դեմ։

«Դատավորն էլ էն դատավորն էր, որը դատարանների շրջափակման օրը լուսամուտով դատարան էր մտնում»,-մանրամասնեց դատապարտյալը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Սերգեյ Աբրահամյանի՝ 13.08.2018թ. ամսաթվով թվագրված հանցագործության մասին հաղորդման բովանդակությունը կազմող փաստական տվյալների և դրանց կից նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալների առկայության մասին բավարար տեղեկություններ չեն բովանդակում: Հանցագործության մասին հաղորդում ներկայացնելն ինքնին չի հանգեցնում դրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգով քննարկելուն և որոշում կայացնելուն այն դեպքում, եթե դրա բովանդակությունը կազմող հանգամանքները չեն վկայում կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող բավարար տվյալների առկայության մասին: