Ինչու է Մոսկվան տարածքների հանձնման մասին «ինֆորմացիոն արտանետում» կատարում

Ինչու է Մոսկվան տարածքների հանձնման մասին «ինֆորմացիոն արտանետում» կատարում

Հայկական մեդիան սկսել է ակտիվորեն շրջանառել այն տեսակետը, թե հունիսին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում բեկում է լինելու։ Մասնավորապես, համաձայնագիր է ստորագրվելու, որով հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ։ Այս մասին հայկական «168 ժամ» թերթի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։ Տարասովը լուրջ վերլուծաբան է։ Նույնիսկ Բաքվի խոստովանությամբ՝ հայամետ։ Նրա խոսքին ականջալուր լինել պետք է։ Ունի անցած ուղի եւ կշիռ քաղաքագիտական շրջանակներում։ Հետեւաբար, եթե նա է նման բան ասում, ուրեմն ինչ որ բան կա։ Սակայն հարցն այլ տեղում է։ Իսկ ինչու է ռուսական կողմը հանձինս վերլուծաբան Տարասովի գնում ըստ ամենայնի «ինֆորմացիոն արտահոսքի»։ Եթե փորձենք վերլուծել Տարասովի ասածը, ապա

  • Առաջիկա հունիսին կնքվելու է համաձայնագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
  • Հայկական կողմը զիջելու է մի քանի շրջաններ, ինչը ըստ ամենայնի Բաքվի անթաքույց նկրտումն է
  • Տարածքների զիջումը բերելու է հայ-թուրքական արձանագրությունների «վերակենդանացմանը»
  • Անկարան բացելու է հայ-թուրքական սահմանը եւ հայ-թուրքական հարաբերությունները նորմալանալու են։

Տեսականորեն այս ամենը իհարկե հնարավոր է։ Սակայն կա մի հարց։ Հայաստանում որեւէ իշխանություն, լինի հեղափոխական թե այլ, հասկանում է, որ Ղարաբաղյան հարցն այն եզակի հարցերից է, եթե չասենք միակը, որն ունի չափազանց մեծ զգայունակություն եւ այստեղ փոքր սխալը կարող է ճակատագրական լինել թե սխալը թույլ տվածի թե երկրի եւ ողջ ժողովրդի համար։ Խնդիրը հետեւաբար ոչ թե քաղաքական կամքի ու համարձակության մեջ է, այլ հարցի չափազանց վտանգավորության։ Այլ կերպ ասած, նա ով կփորձի «համարձակ նախաձեռնողականություն» ցուցաբերել, նույնիսկ «ուժեղ մանդատով», միեւնույն է լուրջ ռիսկերի է գնում։

Այստեղ մի հարց է առաջանում։ Իսկ արդյոք Փաշինյանը կգնա նման ռիսկի։ Մինչ այժմ, սկսած անցյալ տարվա մայիսից, եթե փորձենք հասկանալ Փաշինյանի մոտեցումը Ղարաբաղյան հարցի առնչությամբ, ապա պարզ կդառնա, որ նա ամեն կերպ փորձում է խուսափել անձնական պատասխանատվությունից, լինի դա բանակցելու, որոշումներ կայացնելու կամ այլնի տեսքով։ Հետեւաբար, «հենց այնպես» դժվար է պատկերացնել, որ մինչ այս Ղարաբաղյան հարցի պատասխանատվությունից խուսափող Փաշինյանը հանկարծ որոշի ամբողջովին ստանձնել պատասխանատվություն եւ ավելին, նստել ու տարածքների հանձնման համաձայնագիր ստորագրել։

Մնում է մի տարբերակ․ նա պետք է դա անի հարկադրված, իսկ հարկադրանքը՝ ռազմական բախումն է, այսպես ասած՝ «մինի պատերազմը», որը կարող է նման միջանկյալ հանգուցալուծման տանել։ Այլ կերպ ասած, կա հստակ ակնարկ, որ սպասվում է ռազմական բախում Ղարաբաղյան ճակատում։ Սակայն կա նաեւ հետեւյալ հարցը։ Ինչու է ռուսական կողմը հենց հիմա, Փաշինյան-Ալիեւ հանդիպումից անմիջապես հետո, գրեթե, եւ Փաշինյանի Մոսկվա կատարելիք այցից առաջ նման «ինֆորմացիոն արտանետում» կատարում։ Ինչ է ուզում հասկացնել Կրեմլը։ Ինտրիգը թերեւս հենց այստեղ է։ Բանն այն է, որ սկսած անցյալ տարվա մայիսից Ղարաբաղյան բանակցային գործընթացում հետաքրքիր առեղծվածային տեկտոնիկ զարգացումներ են տեղի ունենում․ ավանդական ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական առաքելությանը զուգահեռ, կարելի է ասել, սկիզբ են առնում ուղիղ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, կարելի է ասել, նույնիսկ ձեռք է բերել սիմվոլիկ նշանակություն եւ պահպանվում է այս ձեւաչափը թերեւս միայն նրա համար, որ ունի ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի մանդատը հակամարտության կարգավորման մասով եւ գնալ նոր ձեւաչափի ձեւավորման, նոր մանդատի ստացման, այն էլ ներկայիս խառը աշխարհաքաղաքական ժամանակներում, կարող է լինել ռիսկային եւ նաեւ՝ ավելորդ ժամանակի կորուստ։ Սակայն նույն Մինսկի խմբի համանախագահությունում, ինչքան էլ փորձենք հակառակը ասել, գրել կամ ինքներս մեզ համոզել, երբեմն-երբեմն արտացոլվում են ընդհանուր աշխարհաքաղաքական շահերի բախումները նույնպես եւ նաեւ սա է պատճառը բանակցային գործընթացի՝ այսքան տեւական ժամանակ «տեղում դոփելու»։ Ուղիղ բանակցություններում այս ամենը կարծես թե չկա։ Սակայն միայն կարծես թե։ Իրականում, այն, որ Մոսկվայի «քավորությամբ» Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո, նման հանդիպում է տեղի ունենում Դավոսում եւ հանդիպումից հետո Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույց է տեղի ունենում, շատ բան է մատնում․ օրինակ այն, որ ռուսների եւ ամերիկացիների միջեւ մրցակցություն է գնում նաեւ այս հարցում։ Այլ կերպ ասած՝ մրցակցությունը հետեւյալի մեջ է՝ ով է ի վերջո լինելու Կովկասի խաղաղարարը։

Առաջիկայում Փաշինյնը մեկնում է Մոսկվա։ Ամենայն հավանականությամբ այնտեղ կուզենան իմանալ, թե ինչ է խոսել նա Ալիեւի հետ Դավոսում եւ այդ խոսածը որքան սինխրոն է Դուշանբեում խոսածի հետ, կամ էլ ասենք, հո Փաշինյանը չի որոշել «խաղեր տալ» ամերիկացիների հետ ու ավանդաբար ռուսների ազդեցության գոտի համարվող Կովկասում սասանել Կրեմլի հեղինակությունը։ Այս ամենով պայմանավորված էլ չափազանց լավատեղյակ Տարասովի միջոցով իրականացվում է «ինֆորմացիոն արտանետում»։

Եվ բացի այդ, այս «արտանետումը» բավական լավ կարող է ինդիկատոր դառնալ հանրային տրամադրությունների համար։ Հատկապես, որ ընդամենը օրեր առաջ եւս մեկ ինդիկատոր նետվեց ասպարեզ՝ հայ-ադրբեջանական բարիդրացիական հարաբերությունների մասին Հ1-յան ռեպորտաժի տեսքով։