Սա այն հարցը չէ, որ բաժանվենք ճակատների

Սա այն հարցը չէ, որ բաժանվենք ճակատների

Ամուլսարի շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ, գնդակը կառավարության դաշտում է, որը լրացուցիչ փորձաքննություն իրականացնելու համար 400 հազար դոլար է տրամադրել պետբյուջեից։ Մայիսի 11-ին Ամուլսարի հանքի շահագործումը դադարեցրած եւ դեպի հանք տանող ճանապարհները փակած ցուցարար-բնապահպանները հանրահավաք են արել, ապա դիմում-նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Հանրահավաքին մասնակցել է մոտ 300 հոգի, նամակը ձեւակերպված է Գնդեվազ եւ Ջերմուկ համայնքների բնակիչների անունից։ Սակայն բնակիչները պնդում են, որ իրենք ստորագրահավաքին չեն մասնակցել, չեն կիսում բնապահպանների մոտեցումները եւ խնդրի լուծումը թողնում են կառավարությանը։ «Ես իրենց բնապահպան չէի անվանի, իրենք բնության հետ ընդհանրապես կապ չունեն։ Այո, իրենք համայնքի անունից հայտարարություն են անում, բայց դա իրականությանը չի համապատասխանում, այսինքն՝ Ջերմուկում հեղափոխություն չի եղել, այստեղ այդ վախի մթնոլորտը դեռ կա»,- ասաց Գնդեվազի բնակիչ Արսեն Ստեփանյանը։ 

Հարցին, թե ինչ են պատրաստվում անել, պատասխանեց․ «Վստահելու ենք մեր կառավարությանը, տեսնենք, թե ինչ են անում, ինչ են որոշում, մեր ապագան որ ուղղությամբ են ուզում տանել։ Մենք ցուցարարների հետ ոչ մի բան չունենք, ինձ թվում է, որ իրենք չեն էլ հասկանում, թե ում համար են աշխատում, ինչ են անում։ Իրական անհանգստացողների թիվը շատ քիչ է, մնացածն ուղղակի ուղղորդված են։ Այդ հանրահավաքին մոտ 300 հոգի է մասնակցել, որոնցից մեծ մասը Ջերմուկից չեն։ Ես կոնկրետ Գնդեվազ համայնքի բնակիչ եմ, Գնդեվազն ունի 1000 բնակիչ, մեր համայնքից գնացել էին մոտ 15-20 երեխաներ, անչափահասներ»։

Գնդեվազի մեկ այլ բնակիչ՝ Հասմիկ Եգորյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ երբեւէ չի աշխատել «Լիդիան»-ում, սակայն կարծում է, որ մարդկանց իրավունքներն են ոտնահարվում․ «Ես Ջերմուկում եմ աշխատում, ես նայում եմ ճանապարհներին, ամբողջը քանդված է, փոսեր են, շատ վատ վիճակ է, այստեղ առողջարանային կենտրոն Դուք չեք տեսնի, մարդիկ ապրում են վատ պայմաններում, զարգացման ոչ մի նշան ես չեմ տեսնում։ Երբեք ցույցերի չեմ մասնակցել, երբեք ստորագրահավաքի չեմ մասնակցել, բայց իմ եւ մյուս համագյուղացիների անունից բազմիցս հնչեցրել են «համայնքը դեմ է» արտահայտությունը։ Ես իմ կամարտահայտությունն իրականացրել եմ այն դեպքերում, երբ «Լիդիան Արմենիան» է իրականացրել ստորագրահավաք, մասնակցել եմ, բայց ավելին անել չեմ պատրաստվում։ Ես կարծում եմ՝ սա այն հարցը չէ, որ որոշեմ ես, հարեւանս կամ մյուսը։ Կան այնպիսի հարցեր, որոնք լուծելու համար կան համապատասխան պետական գերատեսչություններ՝ նախարարություններ, կառավարություն եւ այլն։ Սա էն հարցը չէ, որ մենք բաժանվենք բանակների՝ կո՞ղմ ենք, թե՞ դեմ ենք»։