Աղդամի առեղծվածը

Աղդամի առեղծվածը

Հուլիսի 23-ը Աղդամի անկման օրն է: Ֆեյսբուքում կարդացի, որ ռազմագործողության ընթացքում հայկական կողմն ունեցել է 11 զոհ: Հաջորդ պահին բացեցի ադրբեջանական լրատվամիջոցի կայքէջը, որտեղ գրված էր. «Աղդամի համար մարտերում զոհվել է վեց հազար հոգի»: Խոսքը, բնականաբար, Ադրբեջանի զոհերի մասին է: Որ ադրբեջանական լրատվամիջոցը զոհերի կեղծ թվաքանակ է հրապարակում՝ անկասկած է: Դա նպատակային քարոզչություն է: Աղդամի համար հնարավոր չէ մեղադրել ԱԺՃ-Մուսավաթ կոալիցիոն կառավարությանը, որովհետեւ դրանից մեկուկես ամիս առաջ տեղի էր ունեցել իշխանափոխություն, նախագահի եւ գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներն իրեկանացնում էր խորհրդարանի խոսնակ ընտրված Հեյդար Ալիեւը: Ուրեմն հարկ է քարոզչական տպավորություն ձեւավորել, որ ադրբեջանական բանակը մինչեւ վերջ կենաց-մահու կռվել է, որպեսզի պաշտպանի Աղդամը, տվել վեց հազար զոհ, բայց…

Այստեղ ադրբեջանական քարոզչությունը ձեռքը գրպանն է տանում եւ հանում պատրաստի ծածկաթերթիկը, որտեղ գրված է, որ «հայերին օգնության շտապեց ռուսական կանոնավոր զորքը, եւ Աղդամի հերոս պաշտպաններն ստիպված էին նահանջել»: Սա իրականության ադրբեջանական առասպելացումն է: Մեր կողմից 26-ամյա վաղեմության դեպքերը ներկայացվում են այնպես, որ մշակված էր անթերի ռազմագործողություն, որի շնորհիվ հաջողվեց նվազագույն կորուստներով ազատագրել ադրբեջանական ազգայնականության միջնաբերդ Աղդամը:

Ոչ ոք չի խոսում, որ Աղդամի ռազմագործողություն է իրականացվել նաեւ 1993թ. հունիսի 12-13-ին, բայց՝ անհաջող: Ֆեյսբուքի ոգեւորված օգտատերերից շատերը նաեւ չգիտեն, որ ազատագրված է ոչ թե Աղդամի ամբողջ շրջանը, այլ՝ քաղաքը եւ 80 գյուղ, ավելի քան 250 քառակուսի կիլոմետր տարածք մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ:

Խնդիրը, իհարկե, թվաբանությունը չէ, այլ՝ պատմության ընկալումը, որի վրա է կառուցվում երիտասարդ սերնդի պատկերացումը պատերազմի մասին: Ի՞նչ դեր է խաղացել Ադրբեջանում իշխանության ճգնաժամը ոչ միայն Աղդամի, այլեւ մյուս շրջանների անկման հարցում: Պատմագիտությունը կտա այս հարցի պատասխանը: Մինչ այդ, սակայն, վատ չէր լինի ձեռնպահ մնալ առասպելա-քնարական զեղումներից: