Դրսում Կոմիտասին ներկայացնելու ֆորմուլան մի ուրիշ բնույթ ունի
Կոմիտասի 150-ամյակին ընդառաջ կանադահայ կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանը մարտի 27-ին Կանադայում նախաձեռնել է մեծածավալ համերգ։ Մենք կապվեցինք Կանադայում ապրող կոմպոզիտորի հետ եւ մի քանի հարց ուղղեցինք համերգի եւ ոչ միայն դրա հետ կապված։
- Պարոն Շուժունյան, մարտի 27-ին Կանադայում նախատեսված է մի համերգ, որի շրջանակներում ելույթ եք ունենալու նաեւ Դուք, կատարելու եք Կոմիտաս։
- Լինելով կանադահայ, արմատներով գյումրեցի կոմպոզիտոր՝ ինձ համար Կոմիտասի 150-րդ ծննդյան հոբելյանը չէր կարող անհիշատակելի անցնել: Գիտեք, սփյուռքում մեր մշակութային արժեքներն են մեզ արժեւորում՝ տալով մեզ արվեստասեր եւ ստեղծագործող ժողովրդի գնահատական: Գիտակցելով, որ Կոմիտասի երաժշտությունը եղել է միայն կամերային եւ վոկալ, ինձ մոտ գաղափար հղացավ, թե ինչ կարելի է անել, որ այն հնչի մեծ նվագախմբային բեմում: Դրա համար որոշեցի նրա դաշնամուրային գործերից 7 պարերը վերածել դաշնամուրային կոնցերտի, պայմանով, որ դաշնամուրային պարտիտուրան մնում է անփոփոխ, իսկ նվագախմբային պարտիտուրը ներշնչված է նույն երաժշտական մոտիվներից, որոնցով կազմված է գործը: Այն տեղավորվել է 4 բաժինների մեջ, եւ այն երկխոսությունը, որ ստեղծվել է դաշնամուրի եւ նվագախմբի միջեւ, մի հրաշալի զգացողություն է ստեղծում՝ ենթադրելով, որ եթե Կոմիտասն առիթ ունենար իր տրամադրության տակ ունենալ մեծ նվագախումբ, անկասկած, հիանալի գործեր կարող էր ժառանգել մեզ: Գալով երկրորդ գործին՝ նույն համերգի ծրագրում, այս անգամ իր հրաշալի եռաձայն Պատարագից ընտրել եմ 20 րոպեանոց խտացված շարականների շարք, ուր տալիս ենք Սուրբ Պատարագի հակիրճ համերգային շարքը, որտեղ այդ եռաձայն հոգեւոր միտքը վերածված է նվագախմբային շարքի, ուր վառ արտահայտվում է մեր աղոթքի ուժը՝ եռաձայնը վերածելով բազմաձայնի՝ առանց բառերի:
- Մի փոքր մանրամասնեք՝ ո՞վ է համերգի կազմակերպիչը։
- Այս խոշոր ծրագրի հետեւում կանգնած է երկու կազմակերպություն․ Մոնրեալի Անթիլիասի թեմի առաջնորդարանը, հանձինս Տեր Գառնիկ ավագ քահանայի, որ այն քիչ հոգեւորականներից է, որ հավատում է մշակույթի ուժին եւ անում է անկարելին Մոնրեալում: Եվ, անշուշտ, Լավալի սիմֆոնիկ նվագախումբը՝ ղեկավարությամբ տաղանդավոր դիրիժոր Ալեն Թրուդելի եւ դաշնակահարուհի Լուիզ Բեսսեթի, որը համարվում է կանադացի այն հատուկ դաշնակահարներից, որ ճանաչված է որպես ժամանակակից երաժշտության լավագույն մեկնաբանող: Դիրիժորը եւ ադմինիստրացիան ընդառաջեցին իմ առաջարկը եւ այս յուրահատուկ համերգը անելու են՝ նվիրելով այն Կոմիտասին:
- Յուրաքանչյուր երաժիշտ Կոմիտասի հետ իր փոխհարաբերություններն ունի, իր մտերմության աստիճանը։ Ձեր դեպքում ինչպե՞ս է։
- Կոմիտասի հետ իմ բարեկամությունը սկսվել է շատ վաղուց, երբ առաջին անգամ սկսեցի նվագել ջութակով իր «Կռունկը», որտեղ անբացատրելի կապ ստեղծվեց իր եւ իմ մեջ՝ որպես պատանի երաժիշտ։ Հետո, երբ հաստատվեցի Մոնրեալում՝ ղեկավարելով երգչախմբեր, իմ երգացանկի անբաժանելի մասնիկը դարձավ, չէի կարող առանց Կոմիտասի հայտագիր կազմել: 1984 թվականին դաշնավորեցի լարային նվագախմբի համար իր ձայնի եւ դաշնամուրի գործերը․ ի դեպ, ինքը շատ լավ պատկերացրել էր, որ կարելի էր այդ տարբերակն ունենալ, բայց նախընտրել էր դրա փոխարեն մի գեղջկական երգ ավել արձանագրել եւ թողնել իրենից հետո եկողներին մի մեծ ազգային բյուրեղ, երաժշտության շտեմարան: Կոմիտասն ինձ համար այն հայն է, որ կամուրջ հանդիսացավ մեր անցյալի եւ ներկայի միջեւ, չեմ կարող պատկերացնել՝ եթե նա չլիներ, ինչ կարող էր լինել մեզ հետ…։
- Որպես երաժշտի՝ որքանո՞վ է Ձեզ համար դյուրին կամ բարդ Կոմիտաս մատուցելը։
- Գիտեք, ամենաբարդ երաժշտությունն այն է, որ պարզորեն է գրված եւ առաջին հայացքից թվում է շատ պարզ, եւ երբ սկսում ես աշխատել, տեսնում ես այդ պարզությունը վերարտադրելու դժվարությունը եւ չես բավարարվում ու շարունակում ես աշխատել ու աշխատել: Սա է իմ փորձառությունը Կոմիտաս մատուցելիս:
- Ընդունված է կարծել, որ հոգեւոր երաժշտությունը մեծ լսարան չունի, եւ, ցավոք, կա դրանում ճշմարտություն։ Կանադայում հոգեւոր երաժշտությունը պահանջվա՞ծ է, ունի՞ լսարան։
- Հոգեւոր երաժշտությունը եղել է եւ կմնա միշտ արդիական, եթե ոչ՝ կդառնանք չորացած ու ցամաքած էակներ, այո, հավանաբար մի ժամանակ, երբ կրոնը մի կողմ էր դրված սովետական օրերին, մենք այն միայն ենթագիտակցությամբ էինք զգում, որովհետեւ բոլորովին արգելված չէր (ես, օրինակ, երգել եմ Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ 1972-1976-ին), բայց այսօր չկա մի զարգացած մշակույթով երկիր, ուր հոգեւոր երաժշտությունը բացակա է: Նույնը՝ մեզ մոտ։ Հայաստանում ես տեսնում եմ, որ օր օրի շատանում է հոգեւոր երաժշտությամբ զբաղվողների թիվը: Լինենք լավատես:
- Այս տարի լրանում է Կոմիտասի 150-ամյակը։ Այդ առիթով Հայաստանում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված։ Հնարավո՞ր է որեւէ հայաստանյան համերգի նաեւ Ձեր մասնակցությունն ու ներկայությունը։
- Ես կասկած չունեմ, որ բազմիցս որակով ձեռնարկներ են լինելու Հայաստանում: Ճիշտն ասած՝ ես այս ծավալային աշխատանքից բացի, երբ 2016-ին Հայաստանում էի համերգներով, սփյուռքի նախարարությանն առաջարկեցի մի մասշտաբային փոքր ծրագիր, ցավոք՝ չընդառաջեցին, հիմա նույն ծրագիրն անելու ենք Փարիզում: Շատ յուրահատուկ մի ծրագիր է, որ իր ձեւի մեջ ամբողջությամբ նորություն է: Դրսում Կոմիտասին ներկայացնելու ֆորմուլան մի ուրիշ բնույթ ունի, քանի որ օտար երաժշտասերն իր հատուկ ընկալումն ունի, եւ դա անելը պահանջում է մեծ աշխատանք:
Կարծիքներ