Ի՞նչ խորհուրդ էր տալիս 26-ամյա իռլանդուհին մահվանից առաջ

Ի՞նչ խորհուրդ էր տալիս 26-ամյա իռլանդուհին մահվանից առաջ

Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ աշխարհի ավելի քան 70 երկրում, այդ թվում՝ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 36 երկրում արդեն իսկ իրականացվում են մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումներ։ Գայանե Սահակյանը նշեց, որ դրանք բարձր եկամուտ ունեցող, հարուստ երկրներ են, որտեղ պատվաստանյութը բավականին թանկ է։ Սակայն մարդիկ համոզվել են, որ ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը, որովհետեւ պետության վրա մեկ հիվանդի բուժումը ավելի թանկ է նստում։ 

Գայանե Սահակյանը բերեց Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ օրերս հրապարակած մի տեղեկատվության օրինակ, որը վերաբերում էր 26-ամյա իռլանդուհու մահվանը, որի մոտ արգանդի վզիկով քաղցկեղի հիվանդությունն ախտորոշվել էր 25 տարեկանում։ 
«Աղջնակն ինքը իր ամեն կոչով փորձում էր բոլորիս զգոնությունը բարձրացնել, որ մի՛ վարանեք, մի՛ տրվեք ապատեղեկատվությանը, դրանից վատ բան չկա»,- ասաց Գայանե Սահակյանը։ Իսկ ապատեղեկատվության դեմ պայքարն ընդունվել է այն տասը գերակա խնդիրների շարքում, որի դեմ պետք է պայքարել։ 

Հետո նա ավելացրեց, որ առողջապահության նախարարություն եղել են բազմաթիվ զանգեր, որ ավելացնեն պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման տարիքային շեմը, այդ հնարավորությունն ընձեռեն նաեւ տղամարդկանց։ Եվ դրանից հետո էլ տարիքային շեմն ավելացրեցին՝ դարձնելով 13-ից մինչեւ 45 տարեկան։ 

Պարզվում է, որ պապիլոմա վիրուսով են պայմանավորված նաեւ ուղիղ աղու քաղցկեղի 91 տոկոսը, կոկորդի քաղցկեղի 72 տոկոսը, տղամարդկանց ու կանանց սեռական օրգանների քաղցկեղը (հեշտոցի՝ 75 տոկոսը, վուլվայի՝ 69 տոկոսը եւ առնանդամի՝ 63 տոկոսը), որոնց համար սկրինինգային ծրագիր դեռեւս չի գործում։ Իսկ պատվաստումը մեր երկրում ներդրվել է միջազգային մի կազմակերպության շնորհիվ, որն աջակցում է աղքատ երկրներին։ 

Պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2017թ․ դեկտեմբերին, առ այսօր արվել է 2567 պատվաստում, որից 944-ը եղել է պատվաստման տարիքի շեմն  ընդլայնելուց հետո։ 
Գայանե Սահակյանը նշեց, որ երբ ներդրվել է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը, տարածվել են վախեցնող կոչեր, տեսանյութեր։ Այդ իսկ պատճառով էլ չեն կարողացել բնակչության մեջից հանել սարսափի մթնոլորտը։ 

Գայանե Սահակյանը հիշեց, որ տարիներ առաջ, երբ արշավ էին սկսել կարմրուկի դեմ, նույն հակազդեցությանն են արժանացել, ինչ այսօր, իսկ արդյունքն այն է, որ այսօր չունենք կարմրուկ։