«Թղթերի մեջ գրված է, թե Փաշինյանին փորձել ենք դաժանաբար սպանել, գրավել կառավարության շենքը»

Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը եւ մեկ տասնյակից ավելի անձինք դատվում են՝ ենթադրաբար «Փաշինյանին վերացնելու եւ հեղաշրջման փորձ» կատարելու մեղադրանքով։ Գործի հիմքում մեկ անձի՝ Արմեն Հարությունյանի ցուցմունքն է դրված, ով նախորդ դատական նիստերին չէր գալիս դատարան, իսկ այս անգամ ներկայացել էր: Նա դեմքը փակել էր դիմակով, հավանաբար, ամաչում էր իր ստանձնած նսեմ դերի համար։ Դատավարությունն ընթանում է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակի նստավայրում։
«ԱԱԾ-ի կողմից «վերբովկա» է եղել, ուղղորդել են, որ իմ դեմ ցուցմունք տա»,-Հարությունյանի մասին իր կարծիքը հայտնեց Ալբերտ Բազեյանը, ով չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքը։
«Անցյալ տարի ԱԱԾ-ն շինծու մեղադրանք է առաջադրել իմ եւ մյուս մեղադրյալների դեմ, թե մենք 2023թ. սեպտեմբերի 22-ին հանրահավաքի ժամանակ պետք է ճեղքեինք 6-7 շարք վահաններով ոստիկանական պատնեշը, բարձրանայինք կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնեինք Նիկոլ Փաշինյանին եւ բռնազավթեինք իշխանությունը։ Ըստ ԱԱԾ քննիչի՝ մենք վարչապետի հետ ունեցել ենք գաղափարական թշնամանք։ Դատական նիստերի ժամանակ ես ասել եմ, որ չկա նման հասկացողություն, մենք ունենք նրա հետ գաղափարական տարաձայնություններ։ Ես անձամբ ընդդիմադիր եմ գործող, ապազգային, պարտվողական իշխանությանը եւ ընդդիմադիր պայքարն այս իշխանության դեմ իմ սահմանադրական իրավունքն է»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Ալբերտ Բազեյանը։
Գործով մեղադրյալ, «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը շեշտում է՝ հեղափոխություն, իշխանափոխություն անելու, որեւէ մեկին սպանելու ցանկություն չի ունեցել, հեղաշրջում անելու փորձ չի իրականացրել, ինքը զինվորական է։
«Մենք մինչեւ հիմա ապօրինի կալանավորված ենք մեկ անձի ցուցմունքով, ով ուղարկված մարդ է, համագործակցում է իշխանությունների հետ, ինչ ասում են՝ անում է։ Ոչ մեկը չգիտի, թե ինչու է հայտնվել կալանավայրում։ Մեզ կալանավորեցին, որ չխոչնդոտենք Արցախի հանձմանը։ Մենք այդ ժամանակ եղել ենք կալանավայրում, խաչակիրներից ունեցել ենք զոհեր։ Ես ոչ մի արդար բան չեմ տեսնում էս երկրում։ Մարդու ծիծաղ է գալիս՝ թղթերի մեջ գրված է, թե Փաշինյանին փորձել ենք դաժանաբար սպանել, հեղաշրջում անենք, իբր իր աթոռը գրավենք, նստենք վրեն»,-ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ 2023թ․ նոյեմբերին ԱԱԾ-ն հաղորդեց, որ «Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ 8 անդամներ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաև այլ անձինք ձերբակալվել են։ «Ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների և ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ` պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ ՀՀ կառավարության լիազորություններին»,- նշված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ: Ըստ ԱԱԾ-ի՝ հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ և գործիքներ։
Կարծիքներ