«ՍՈՍ մանկական գյուղեր» բարեգործականը մորն ու երեք փոքրիկներին դուրս է նետում փողոց

«ՍՈՍ մանկական գյուղեր» բարեգործականը մորն ու երեք փոքրիկներին դուրս է նետում փողոց

Այսօր Հայաստանի հպարտ քաղաքացի Լիլիթ Թ-ն իր երեք մանր՝ երկու, երեք և չորս տարեկան երեխաների հետ գիշերելու է փողոցում: Նրան դուրս են շպրտում «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպության Կոտայքի ապաստարանից: Լիլիթն այն աստիճանի հպարտ քաղաքացի չէ, որ թույլ տա նշել իր ազգանունը, կամ տեղադրել փոքրիկների լուսանկարները: «Մայրս հիվանդ կին է, չգիտի, ինչ է մեզ հետ կատարվում», -ասում է նա:

Հիվանդ մայրը եղբոր ընտանիքի հետ ապրում են Գումրիում: Ինքը ամուսնացել է, ապրել է ամուսնու հետ վարձով, ամուսինը գնացել է Գերմանիա, որտեղ այժմ բանտարկված է: Իսկ Լիլիթը երեխաների հետ թափառում է տարբեր բարեգործական հաստատություններով:  «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպության Կոտայքի մասնաճյուղի համակարգողը՝ Վահե անունով որոշել է, որ Լիլիթ Թ-ն և նրա երեք երեխաները պետք է ապրեն դրսում: Այսպես նա պատժում է կնոջն այն բանի համար, որ վերջինս չի կարողացել երեխաների հետ նույն սենյակում ապրել հոգեխախտ մի կնոջ հետ:

«Այդ կինը հոգեբուժարանում է բուժվել: Իմ փոքիկ երեխաներին ու ինձ նրա հետ մեկ սենյակում են պահում: Ասում են՝ սա է մեր պայմանները: Նա զուգարանը ննջարանից չի տարբերում: Տնօրինությունը ուշացրել էր նրա դեղերը, ես ստիպված էի ամիսներ օր ու գիշեր երեխաներիս թողած, այդ կնոջը հսկել, նրա կեղտոտածը մաքրել: Նա խելոք էլ է լինում, բայց երբ «վիճակի» մեջ է, ագրեսիվ է, ամեն վարկյան երեխաներիս հետևից հսկում է, ինձանից պահանջում է, որ նրանց պատժեմ: Նա էլ երեխաներ ունի, բայց նրա երեխաներին իրենից հեռու են պահում, իսկ իմ երեխաներին նրա հետ են պահում: Ես 25 օր է, չեմ քնում գիշերը, վախենում եմ երեխեքիս գլխին մի բան բերի: Ամեն օր կռիվ է: Հիմա էլ Վահեն ինձ ասեց, որ այսօր երեխաներիս վերցնեմ ու դուրս գնամ: Պատճառը՝ որ ես կոպիտ եմ խոսել սոցիալական աշխատող Ժաննա Մկրտչյանի հետ, իսկ ես նրան ասել եմ, որ չեմ հարգում նրան», - պատմում է Լիլիթը:

Սոցիալական աշխատողները կոնֆլիկտները հարթելու, ոչ թե ստեղծելու համար են: Սա է սոցիալական աշխատողի առաքելությունը, հակառակը՝ կոնֆլիկտը սոցիալական աշխատողի հետ, ուղղակի անհասկանալի է: Այսօր Լիլիթը դիմել է սոցիալական ապահովության նախարարություն: Ինչ անել, նրան չեն ասել: Հրահանգել են մի դիմում թողնել ու խոստացել են, որ կպատասխանեն 1 ամսվա ընթացքում: Դիմումը գրել է, իսկ որտեղ է գիշերելու, տեղյակ չի:

«ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպության Կոտայքի մասնաճյուղի տնօրեն Ռուբեն Փաշինյանի հետ ուշագրավ հեռախոսային խոսազրույց ունեցանք: 
-Ի՞նչ պատճառով եք ասել, որ Լիլիթ Թ-ն երեխաների հետ թողնի ապաստանը: 

-Նախ, ես Լիլիթ Թ-ին դեռ  չեմ հանդիպել, երկրորդը՝ ես այդ տեղեկատվությունը հեռախոսով չեմ տալիս: 
-Կարո՞ղ եք երեք երեխաներին փողոց նետել ձմեռվա կեսին, բայց հեռախոսով հարցերի պատասխանել չեք կարող: 
-Կարող եմ պատասխանել, բայց ոչ հեռախոսով: 

-Հա, բայց ես կարող է ձեզ մոտ վաղն եմ գալիս, իսկ այսօր այդ երեխաները որտե՞ղ են քնելու:

-Այդ երեխաները քնելու են այնտեղ, որտեղ որ մինչ այսօր քնել են:

Ի դեպ, Ռուբեն Փաշինյանի մասին լուրեր են շրջում, որ նա Նիկոլի ազգականն է: Ինքը սակայն հերքում է, որ կապ ունի վարչապետի պաշտոնակատարի հետ: 

Ավելի ուշ կապվեցինք Լիլիթի հետ, և նա հայտնեց, որ ինքն ու երեխաները առանձին սենյակում են և որ առայժմ իրենց դուրս չեն հանել:

Բարեգործական կազմակերպությունների գովազդային ցուցանակներից ու էլեկտրոնային կայքերի «Մեր մասին» բաժիններից երեխաներ ու սոցաշխատողներ են ժպտում, բարություն է հորդում: Իրականությունն այլ է: Նման հաստատություններում ապաստանած կանայք և նրանց երեխաները հայտնվում են տնօրենների, սոցիալական աշխատողների, ծրագրերի համակարգողների գրեթե լիակատար տիրապետության, երբեմն նաև բռնատիրության տակ, ենթարկվում են վատ, կոպիտ, կամ դաժան վերաբերմունքի:

Մինչև «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը, Լիլիթը իր երեխաների հետ մոտ մեկ ամիս ապրել է «Լայթ Հաուզ» բարեգործական հիմնադրամում, որի «մայրապետը» հոգեբան Լիանան է: Պատմում է, որ այնտեղ երեխաներին նախաճաշի են կանչում ժամը ութին:

«Նախաճաշից ուշանալու համար 2 տարեկան երեխայիս զրկեցին առավոտյան յոգուրտից, իսկ երկրորդ անգամ ընդհանրապես զրկեցին սննդից»,- գանգատվում է Լիլիթը: Նա հեշտ շահառու չէ: Բողոքողներից է: Ի վերջո, ինքն է հեռացել երեխաների հետ այս կազմակերպությունից: Հիմնական պատճառը եղել է այն, որ կազմակերպության աշխատակիցները չեն տրամադրել Լիլիթի երեխաներին «Հումանա» կաթնախառնորդը, ասելով, որ իրենք չունեն դրանից: «Դրա փոխարեն այլ կեր տվեցին, որից երեխեքս փորացավ ընկան: Քանի որ ես «Հումանա» էի ստանում ավետարանչական եկեղեցուց, գնացի այնտեղ կաթ ստանալու ու իմացա, որ իրենք «Լայթ հաուզին» տալիս են այդ կաթնախառնորդից, նաև շատ ուրիշ կերեր, որոնք երեխաներին չեն տրամադրվում», - պատմում է Լիլիթը: Նա գնացել է ու պահանջել է կերը իր երեխաների համար, ապա, կարճ ժամանակ անց նրա համար անհաղթահարելի պրոբլեմներ են ստեղծել,  որոնց պատճառով կինը վերցրել է երեխաներին և գնացել է այլ ապաստան փնտրելու: 

Մենք խոսեցինք նաև «Լայթ հաուզ» բարեգործականի աշխատակցի հետ: Ցավոք, դա Լիանա «մայրապետը» չէր: Լիանայի ազատ օրն էր, ուստի նրան չէին կարող անհանգստացնել: «Լիանան այստեղի հոգեբանն է, նաև մայրական ծրագրի ղեկավարը,- պատասխանեցին մեզ «Լայթ հաուզից»,- շահառուների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կարող են լինել, և լավ, և վատ: Շահառուներ կլինեն, որ հնարավոր է, ուռճացրած լինեն խնդիրները, հնարավոր է, որ ոչ, բայց այն փաստը, որ իրենք ապաստան չեն ունենում, ու մենք առաջինն ենք, որ արձագանքում ենք իրենց, կասկածի ենթակա չի: Գուցե, այդ կնոջը ինչ որ բան դուր չի եկել, և նա ապաստանը լքել է»:

Ի՞նչ անել: Բարեգործական կազմակերպություննրի ատամները հաշվելու սովորություն մեր պետական մարմինները չունեն, քանի որ դրանք հաճախ անում են այն, ինչ չեն կարողանում կատարել սոցիալական քաղաքականության պատասխանատուները: Բայց գոնե վերահսկել դրանց գործունեությունը և պաշտպանել հանգամանքների բերումով այնտեղ հայտնված մարդկանց իրավուքնները հնարավո՞ր է: