Մենք ստացել ենք պատասխան, թեման փակված է 

Մենք ստացել ենք պատասխան, թեման փակված է 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար անընդունելի է, որ Արցախի ղեկավարությունից որեւէ մեկը ներկա չի եղել Սարդարապատում մայիսի 28-ի տոնակատարություններին։ Բայց թե ով պետք է հրավիրեր, գուցե հրավիրել են՝ Արցախի՞ց են մերժել, դժվարացավ ասել՝ այդ հարցով պետական արարողակարգի ծառայությանն է պետք դիմել, ինքը տեղյակ չէ։ Ինքը կապ է հաստատել պաշտպանության փոխնախարարի եւ խոսնակի հետ, եւ իրեն պարզաբանել են, որ պետական արարողակարգն է զբաղվել այդ հարցերով, իրենք պատասխանատվություն են կրել միայն բովանդակային հարցերում։ Նկատենք, որ անցյալ տարի, երբ դեռ նախորդ գումարման խորհրդարանն էր գործում, իշխանությունները պատշաճ հրավեր չէին ուղարկել ՀՀԿ-ական ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ինչը քննադատությունների առիթ տվեց։ Սա հատկապես ուշագրավ է վերջին օրերին Արցախ-Հայաստան նկատվող լարվածության ֆոնին։ Լիլիթ Մակունցը կարծում է, որ որեւէ մեկի շահերից չի բխում միտում տեսնել, թե այս լարվածության արդյունքում է, որ հրավեր չի ուղարկվել Արցախի իշխանություններին։ 

- Իսկ ի՞նչ կասեք այն մթնոլորտի մասին, որ ձեւավորվել է վերջին շրջանում Հայաստանում,  բռնության կոչեր են հնչում, թե «Արցախի նախագահի գլուխը կցխեն» եւ այլն․ երբեւէ նման մթնոլորտ չէ՞ր եղել մեզանում։

- Մեր դիրքորոշումն այդ առումով բավականին կոշտ է, եւ մեր կողմից ընդունելի չի կարող լինել ցանկացած կողմից բռնության կոչը, ով ուզում է այդ կոչը հնչեցնի եւ որտեղից ուզում է հնչեցնի՝ փակ սենյակում, թե հանրային տիրույթում։ Այնպես որ, դատապարտում եմ ցանկացած նման դրսեւորում, թե՛ ֆիզիկական գործողության եւ թե՛ խոսքի միջոցով բռնության կոչ անելուն։ 

- Ովքե՞ր էին այդ մարդիկ, որոնք ներկայանում էին որպես Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, նույնիսկ նկարներ ունեին Փաշինյանի հետ ու կոչ էին անում Արցախի նախագահի գլուխը ջարդել։

- Ես չեմ կարող ասել, կարծում եմ՝ իրավապահ մարմինների տիրույթում է դա։ Մենք կարող ենք միայն ամրագրել դա եւ եթե առանձին կոչերի հետեւից գնանք, պարզենք, թե ով է, ինչ է արել․․․ ես կարծում եմ՝ դա մեր, մասնավորապես՝ օրենսդիրի տիրույթում չէ։ Քաղաքական գնահատական հնչեցնում ենք եւ ասում ենք, որ՝ այո, երբեք չի կարող դա ընդունելի լինել՝ անկախ նրանից, թե ով ուզում է դա անի։ 

- Սա կապ ունի՞ Քոչարյանի դատավարության հետ, Արցախի նախագահների երաշխավորության հետ։

- Ես կարող եմ ասել, որ մենք տասնյակ վարկածներ կարող ենք բերել, թե ինչով էր պայմանավորված այդ ակցիան կամ հանրահավաք կազմակերպելը, նման կոչեր հնչեցնելը։ Շատ վարկածներ կարող են լինել։ Ես վարկածների տիրույթից չեմ ուզում որեւէ մեկնաբանություն հնչեցնել, պարզապես դատապարտում եմ, եւ ունենք կոշտ, անընդունելի դիրքորոշում՝ նման դրսեւորումների հետ կապված։

- Անկախ այդ ակցիաներից՝ այս լարվածությունը կարո՞ղ է կապ ունենալ Քոչարյանի դատավարության հետ։

- Թե՛ Արցախի իշխանությունը եւ թե՛ մենք գտնում ենք, որ երկու․․․ մասնավորապես ես խորհրդարանականի մասին կարող եմ ասել, որ համագործակցության առումով Արցախի եւ ՀՀ խորհրդարանների միջեւ որեւէ լարվածություն գոյություն չունի, եւ դրա մասին խոսել է նաեւ Արցախի ԱԺ նախագահը։ Ես կարող եմ միայն այդ տիրույթից խոսել։

- Այդ երաշխավորությունից հետո ՀՀ իշխանությունների վերաբերմունքը չի՞ փոխվել Արցախի ղեկավարության հանդեպ։

- Գիտե՞ք, ընդհանրապես, իհարկե, հարցեր առաջացել էին, եւ, ինչպես  պայմանավորվել էինք նախկինում Արցախի իշխանությունների հետ, մենք պարբերաբար թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում հանդիպումներ ունենալու ենք, եւ եթե կան հարցեր, բաց քննարկելու ենք, մենք ներկայացնելու ենք մեր մտահոգությունները կամ անհանգստությունները։ Մենք ներկայացրել ենք մեր անհանգստությունները, ստացել ենք պատասխան, թեման փակված է։

- Իսկ մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս լարված մթնոլորտը։

- Ի՞նչ լարված մթնոլորտի մասին է խոսքը։

- Չգիտեմ, մարդիկ իրենց դիսկոմֆորտ են զգում, ասում են՝ լավ է, որ հեղափոխություն է եղել, բայց անընդհատ լարված մթնոլորտում ենք ապրում՝ մեկին բռնում են, մյուսին դատում են, մի տեղ փողոց են փակում, անընդհատ ինչ-որ բռնության կոչեր են հնչում։

- Ես կարծում եմ՝ առանձին ուժեր, իհարկե, շահագրգռված են, որ որոշակի լարվածություն լինի, ընդ որում՝ արհեստական լարվածություն, եւ հատկապես այդ լարվածությունը փորձում են ստեղծել Արցախ-Հայաստան հարաբերություններում։ Եվ կարծում եմ, որ յուրաքանչյուրս, ինչպես մենք՝ օրենսդիր իշխանության շրջանակներում, այնպես էլ դուք՝ որպես չորրորդ իշխանություն, պետք է մեր տիրույթում, ներկայացնելով միայն ճշտված եւ հստակ տեղեկատվություն, չնպաստելով ընդհանուր միտմանը, որը ձգտում է դեպի լարվածություն ստեղծելուն, դրան ուղղակի չնպաստենք։

- Իսկ պարոն Փաշինյանն իր կոչերով ու հայտարարություններով չի՞ նպաստում այդ լարվածությանը՝ դատարաններ արգելափակել, փողոց փակել, ակցիա անել եւ այլն։

- Դա պայմանավորված է առաջին հերթին հանրային բավականին խորը անվստահությամբ, եւ ինչպես կարող է Հայաստանի ժողովուրդն իր դիրքորոշումը ներկայացնել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների նկատմամբ վստահություն կամ անվստահություն հայտնելով, այնպես էլ դատական իշխանության։