Երբ ձին ու ձիավորն արժանի են միմյանց

Երբ ձին ու ձիավորն արժանի են միմյանց

Դրվագներ ՀՀԿ պատմությունից

2003թ․ թեեւ ՀՀԿ նախագահը վարչապետ  Անդրանիկ Մարգարյանն էր, բայց կուսակցության փաստացի ղեկավարումը մասամբ հայտնվեց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձեռքում։ Դա տեղի ունեցավ հետեւյալ կերպ․ նորանշանակ վարչապետը չընդդիմացավ  նախագահի առաջարկությանը, ըստ  որի՝  կուսակցության մարզային կառույցի ղեկավար պիտի դառնային մարզպետները։ Ու քանի որ մարզպետներին նշանակում էր երկրի նախագահը, ինքնաբերաբար կուսակցական կառույցները հայտնվեցին նախագահական մամլիչի տակ։ Մեկը մյուսի ետեւից փոխվեցին ոչ միայն կուսակցության  մարզային, այլեւ տեղական կառույցների ղեկավարները։ Հին կուսակցականներից շատերը, որոնց աջակցությամբ տեղի էր ունեցել Հանրապետականի 1999թ․ ընդլայնումը, նրբորեն դուրս թողնվեցին ասպարեզից։ Ըստ էության, կուսակցության ստորին ու միջին օղակների զգալի  մասում տեղի ունեցավ աննկատ հեղաշրջում։ Այդ օղակներն ինչ-որ առումով քոչարյանականացվեցին: Այնտեղ դիրքավորվեցին բազմաթիվ պատեհապաշտ ու կասկածելի համոզմունքներ ունեցող  «հանրապետականներ»։ Կուսակցության մեջ ձեւավորվեց երկիշխանություն։ Անդրանիկ Մարգարյանը դրան վերաբերվում էր հանգիստ՝ հասկանալով, որ 2008թ․ նախագահի կառավարման ժամկետը լրանալուց  հետո  «ով-ում»-ի հարցն ինքնըստինքյան  լուծվելու էր իր օգտին։

Ուստի, սկզբնական շրջանի զիջումները պետք է վերագրել ոչ այնքան նրա թուլությանը, որքան՝ շրջահայացությանը, մանավանդ, որ իր առաքելություններից մեկը նա անկեղծորեն համարում էր Հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված անառողջ կասկածանքների ու լարվածության մթնոլորտի  թուլացումը, որը նա կատարեց իր համոզմունքներին համահունչ։
Մարգարյանին ճանաչողները, իհարկե, գիտեն, որ արտաքնապես որքան էլ մեղմ ու հանդուրժող, կարեւորագույն հարցերում  սկզբունքային էր ու անզիջող։ Նա բոլորովին այլ կերպ էր պատկերացնում երկրի հաջորդ նախագահի հետ իր հարաբերությունները: Գտնում էր, որ թեկնածուն, եթե  ուզում է ստանալ կուսակցության աջակցությունը, պետք է լինի ՀՀԿ անդամ։ Դա վերաբերում էր պաշտպանության նախարար  Սերժ Սարգսյանին, ով, ընդունելով այդ պայմանը, դարձավ ՀՀԿ խորհրդի նախագահ՝ կուսակցական առումով մնալով Անդրանիկ Մարգարյանի ենթական։

Վարչապետական տարիներն ուժեղացրին քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի դիրքերը։ Քաղաքական դաշտում նրա նկատմամբ ավելի մեծ համակրանք ձեւավորվեց, քան մյուս պաշտոնատար անձանց։ Նրան վստահում էին գրեթե բոլոր ուժերը։ Նրա մարդկային այնպիսի որակները, ինչպիսիք էին բարությունը, ընկերներին ու քաղաքացիներին ավելի հասանելի ու մատչելի լինելը, նկատելի էին բոլորին: Եթե դրան էլ գումարենք հանրային այն ընկալումը, որ երկրում առկա բացասական երեւույթների   պատասխանատուների շարքում նա, մեղմ ասած, առաջինը չէր, ապա պարզ կդառնա, թե ինչու էին շատերը քոչարյանական «ոչ պետական» ժամանակներում հենց Մարգարյանի մեջ տեսնում որեւէ հայրենանվեր գործ անելու պատրաստակամ անհատի: Ճիշտ է, Անդրանիկ Մարգարյանն ամեն ինչ չէ, որ կարող էր անել, բայց անկասկած է, որ մարդիկ նրա հետ հույս էին կապում: Նա ժամանակի  իշխանության ամենաբաց  դուռն էր ու  յուրօրինակ խիղճը: 

Դա 2006 թիվն էր։ Երկու տարի էր մնացել նախագահական ընտրություններին, եւ կասկածից վեր էր, որ գալիք ընտրություններում նրա կարծիքն ու դերակատարությունը լինելու էին վճռորոշ։ Սակայն Անդրանիկի հանկարծամահությունը  մարեց այն հույսը, որով ենթադրվում էր, որ կուսակցության մեջ կիրականացվեն բարեփոխումներ, կվերականգնվեն երբեմնի առողջ սկզբունքները։ «Ով-ումի» հարցը լուծվում էր ինքնաբերաբար. կուսակցությունը ժառանգություն էր մնում Սերժ Սարգսյանին, ով դրանով դառնում էր  ավելի անկախ՝ ձեռք բերելով սեփական քաղաքական հենարան։ Երկու անձերից մեկը, ում հետ Սերժ Սարգսյանը ստիպված պիտի հաշվի նստեր, այլեւս չկար։ Նրա հեռացումով, ըստ էության, եւս մի հեղաշրջում տեղի ունեցավ կուսակցության մեջ: Եթե Քոչարյանը ՀՀԿ-ի ներուժից փորձում էր օգտվել հեռահար, բայց ոչ պակաս արդյունավետ «ինձ՝ արմատը հողումը, քեզ՝ տերեւն ու ցողունը» սկզբունքով, իրեն վերցնելով շաղգամը, իսկ կուսակցությանը թողնելով հասարակական պարսավանքն ու թուքումուրը, ապա  Սերժ Սարգսյանը ձեւականությունների կարիք չուներ: Որովհետեւ նա շատ լավ էր հասկացել՝ ով այդ պահին տիրում է ՀՀԿ-ին, նա տիրում  է իշխանությանը:

Ուստի մի գիշերվա մեջ նա դարձավ Հանրապետականի  իրական տերը։ Դա այն հզոր նժույգն էր, որը նրան տանելու էր իշխանության բարձունքներ։ Տարիները ցույց տվեցին, որ կուսակցությունը նրա համար այդ իշխանությանը հասնելու համար սոսկ միջոց էր։ Այլ կերպ ասած՝ ոչ թե Հանրապետականը գրավեց իշխանությունը, այլ Սերժ Սարգսյանը գրավեց ՀՀԿ-ն ու նրա ուսերով բարձրացավ իշխանական Օլիմպոս։ 
Քաղաքագիտության մեջ կա մի հասկացություն՝ շահերի խումբ։ Այդպիսի խմբերն այս կամ այն կերպ փորձում են օգուտներ քաղել՝ ազդելով  իշխանության  վրա։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը, սեփական խմբով ու բարքերով, տրոյական ձիու պես, գրավելով ՀՀԿ «ամրոցը», երկար տարիներ կուսակցությամբ միջնորդավորված իշխանությունն օգտագործեց իր մի քանի համախոհների, այդ թվում այն օլիգարխների շահերը սպասարկելու համար, ովքեր փողով իշխանություն պահելն ու  վերարտադրվելը համարում էին բնական երեւույթ։ Նա տարիների ընթացքում շահագործեց Հանրապետականի անունը, փչացրեց ու վարկաբեկեց կուսակցության քաղաքական ահռելի վարկը, մսխեց նրա երբեմնի բարի համբավն ու հեղինակությունը։

Շարունակեց կուսակցությունը ներսից բարոյազրկող ու քայքայող քոչարյանական ավանդույթները՝ հասցնելով վերջնական այլասերման։ Սովորաբար այդպես անխղճորեն  վարվում են այն անձինք, ովքեր ստեղծելու վրա ջանք չեն թափել եւ ինչպես անաշխատ եկամտի դեպքում՝ ցավ չեն ապրում քոռուփուչ անելիս:

Փաստորեն, հսկայական կուսակցությունը վերածվեց շահերի խմբի՝ նեղ անձնական խնդիրներով զբաղվող կուլիսային ակումբի, որն աննկատ դարձնելու համար «շեֆի» ցուցումով կուսակցությունն  անընդհատ  համալրվում էր նոր անձանցով։ Այդպես սովորաբար, ծննդյան օրը տպավորություն թողնելու համար, հսկայական արկղի մեջ թաքցնում են բազմաթիվ շերտերով փաթեթավորված փոքրիկ  «նվերը»՝ արկղի իրական պարունակությունը։

Եվ այսքանից հետո էլ դեռ մարդը կուսակցությանը վերաբերվում է ինչպես  սեփական ձիուն՝ իր քմահաճույքով փակի տակ դնելով ու հեռու պահելով նրան վարգումի դաշտից։ Ակնհայտ է, որ այդ դաշտը տիրելու նպատակով այնտեղ՝ «խորհրդավոր մշուշում», շահերի նոր խումբ է ձեւավորվում։ Այդ գործում իր նպաստը բերելու, դրա համար ժամանակ շահելու եւ հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, քաղաքական դաշտի գլխավոր «լռակյացը» փորձում է հանրության աչքում պահպանել ինտրիգի հնարավորությունը՝ ձեւացնելով, թե ուր որ է կխոսի ու «կարեւոր» բան կասի՝ իհարկե, խորապես հասկանալով, որ ինքը չունի ո՛չ հրապարակային գործչի հատկանիշներ եւ ո՛չ էլ ասելիք, այլապես իր անգործությամբ չէր որակազրկի իրեն ու յուրայիններին։ Թեեւ ակնհայտ է, որ մեկամյա լռությունից հետո ամենաարժեքավոր ասելիքն այն կլիներ, որ նա կուսակցության ղեկը հանձներ որեւէ երիտասարդի՝ քչերին հետաքրքրող ալբոմի համար նկարվելու փոխարեն: Իսկ այն թաքուն ակնկալությունը, թե իրավիճակը մի օր կարող է այնքան վատանալ, որ մարդիկ սկսեն երանի տալ «հին ու բարի» ժամանակներին, անհեթեթ է այնքանով, որ անգամ այդ պարագայում  այլընտրանքն այլեւս ինքը չի լինելու։ Պատմության մեջ ոչ մեկին չի հաջողվել երկու անգամ մտնել նույն գետը՝ նույն ջրով: Առավել եւս այն հեծյալին, ով գետափին մնացել է մենակ՝ իր իսկ ձիուն դավաճանաբար մեռցնելու պատճառով:

Ի դեպ՝ ձիու մասին. երբ ժամանակին նա չի ըմբոստանում եւ չի շպրտում անարժան հեծյալին, ակներեւ է, որ դա այն դեպքն է, երբ ձին ու ձիավորն արժանի են միմյանց:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ