Եկեք դեմագոգիան գցենք մի կողմ, մեզ լսում են նաև Արցախում․ Հովհաննես Իգիթյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, պատասխանելով «Հրապարակ» օրաթերթի այն հարցին, թե մարտի 29-ին Վիենայում Փաշինյանի և Ալիևի հանդիպումը բանակցությո՞ւ է, թե՞ ոչ, ասաց․
«Եկեք կարդանք Մինսկի խմբի համանախագահների բնորոշումը, թե ինչ է դա, որ չլինեն տարբեր ճաշակներ, մոտեցումներ։ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ նշված է, որ դրանք նախապատրաստում են առաջին ուղիղ կոնտակտը Մինսկի խմբի ձևաչափի մեջ։
Դրանք բանակցություններ չեն, որովհետև, հաշվի առնելով, որ այնտեղ նշված են սկզբունքներ, որոնք, ըստ էության, համահունչ են Վիենայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, մենք կարող ենք ասել, որ այսօր կողմերը զբաղվում են այնպիսի պայմաններ ստեղծելով, որ հնարավոր լինի վերսկսել 3 տարի առաջ դադարեցված բանակցությունները»։
- Ձեր ընդդիմախոսները ասում են, որ Փաշինյանը իշխանության գալուց հետո ասել է, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, սակայն դա, ըստ էության, մինչ այժմ տեղի չի ունեցել։ Ի՞նչ ճանապարհներ կան՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու այն դեպքում, երբ Ալիևը հանդիպումից հետո հպարտորեն հայտարարեց, որ բանակցությունների ձևաչափում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
- Այդ ընդդիմախոսները ասում էին՝ Ղարաբաղը մերն է, բայց 20 տարիների ընթացքում իրականացրի՞ն դա։ Եկեք դեմագոգիան գցենք մի կողմ, եկեք ներսի քաղաքական պայքարը գցենք մի կողմ, եկեք միշտ հիշենք, որ մեզ լսում են ոչ միայն այն մարդիկ, որոնք ուզում ենք, որ լսեն, այլ մեզ լսում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղը այսօր համաձայն է, որ ինքը լինի բանակցային կողմ, և մենք՝ որպես Հայաստանը, փորձում ենք դա իրականացնել։ Այսօր բանավեճ է գնում, մեր կողմից մենք ներկայացրել ենք թե՛ իրավաբանորեն ճիշտ, թե՛ տրամաբանական փաստարկներ, որ Լեռնային Ղարաբաղը պետք է սեղանի շուրջ ներկա գտնվի, որովհետև լուծվում է այնտեղ ապրող ժողովրդի ճակատագիրը, և այդ ժողովուրդը պետք է ներկա գտնվի այդ բանակցային փուլին, երբ որ իր ճակատագիրը պետք է քննարկվի, իսկ Ադրբեջանը մինչև այսօր չի ներկայացրել որևէ փաստարկ, թե ինչու ինքը համաձայն չէ։ Այսինքն՝ միայն ոչ ասելը փաստարկ չէ, այսինքն՝ Ադրբեջանը համաձայն չէ, մենք գիտենք՝ թե ինչու համաձայն չէ, բայց մենք գնալով ուժեղանում ենք մեր այդ դիրքորոշման մեջ, որովհետև Ադրբեջանը որևէ այլ հակափաստարկ չի ներկայացրել։
- Վարչապետը հայտարարեց, որ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ պատրաստ է խորհրդակցել նաև Սերժ Սարգսյանի և մյուս նախագահների հետ։ Դուք տեղեկություններ ունե՞ք՝ վարչապետը այս ընթացքում հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ, քննարկե՞լ են այդ հարցը։
- Չգիտեմ։ Ինձ թվում է, որ վարչապետը այդ թեմայով բավականին խոսում է, և իր ասելուց ամեն ինչ պարզ է։ Ես ասեմ իմ կարծիքը, որը ոչ վարչապետի, ոչ «Իմ քայլը» դաշինքի, ոչ էլ «Քաղաքացիական պայմանագրի» կարծիքն է, դա իմ կարծիքն է, որը հետևյալն է, որ, այո, վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը պատրաստ է բոլորի հետ՝ այդ թվում նաև նախորդների հետ խորհրդակցել Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերով, բայց, իմ կարծիքով, նախորդ իշխանությունը պատրաստ չէ որևէ բան քննարկել, և ինձ թվում է, որ նրանք իրենց աշխարհայացքով մնացել են նախկինում, նրանք չեն հասկացել, թե ինչ է կատարվել Հայաստանում, նրանք չեն հասկացել, որ այսօր ժողովուրդն ու իշխանությունը այլ ձևաչափով են աշխատում, և եթե նրանք շարոնակեն այդպես մտածել, ապա եթե նույնիսկ նման հանդիպում կայանա, չեմ կարծում, որ դա կոնստրուկտիվ կլինի։
- Իրենք էլ ձեր իշխանությանը մեղադրում են իրենց ձեռք բերած դիվանագիտական կապիտալը մսխելու և Սանկտ Պետերբուրգի, Վիենայի և Ժնևի պայմանավորվածությունները «սառույցին գրելու» մեջ։
- Ես չեմ մեկնաբանի, ես ինչո՞ւ պետք է գնահատական տամ, պարզ է, չէ՞, թե իմ գնահատականը որն է։ Այդ գնահատականը տվել է ժողովուրդը, որովհետև այն, ինչ հիմա իրենք ասում են, նրանք ասում էին նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդ որում՝ դա անում էին նեգատիվ ձևով, և հասարակությունը չցանկացավ, որ այդպիսի դեստրուկտիվ, նեգատիվ հայտարարությունների կրողները հայտնվեն խորհրդարանում, և չտվեց համապատասխան ձայներ։ Եվ այսօր նրանք ստիպված են խոսել պարլամենտից դուրս, և չեմ կարծում, որ այդ ուղերձը նրանք պետք է ուղարկեն մեզ կամ ուղարկում են մեզ, նկատի ունեմ մեծամասնությանը։ Ինձ թվում է՝ դա ավելի շատ արդարացում է հասարակության այն զանգվածի հանդեպ, թե ինչու նրանք չկարողացան այդ հասարակությունը ներկայացուցչական ձևով ներկայացնել խորհրդարանում։ Եթե Հանրապետական կուսակցության մասին է խոսքը, ապա ՀՀԿ-ն մերժված, չանցած կուսակցություն է, և այսօր նրանք պետք է փորձեն գտնել հասարակության հետ խոսելու այն նոր ձևաչափը, այն նոր ռազմավարությունը, որ կարողանան այս ընթացքում ձեռք բերեն այնքան հեղինակություն և մասսայականություն, որ կարողանան գոնե հաջորդ պարլամենտում ներկա գտնվել։
- Վարչապետը խոսում է բանակցային գործընթացի վերաբերյալ, իսկ պաշտպանության նախարարը «Պատերազմ ՝ նոր տարածքների դիմաց» թեզն է առաջ քաշում։ Ի վերջո, ո՞րն է ձեր իշխանության հիմնական դիրքորոշումը։
- Ես չեմ տեսնում հակասություն վարչապետի և պաշտպանության նախարարի ասածների մեջ, և այն, ինչ-որ հայտարարեց պաշտպանության նախարարությունը, բանակցային բանաձև չէ։ Առաջինը պետք է հասկանանք, որ Հայաստանը արդեն հայտարարել է, որ մենք չենք գնում բանակցությունների որևէ բանաձևով, դա սխալ է, սխալ է հենց սկզբից ասել այն, ինչը մենք սպասում ենք բանակցային փուլի վերջում , այդ դեպքում բանակցությունները անիմաստ են։ Այն, ինչ հայտարարեց պաշտպանության նախարարությունը, եղել է լրիվ այլ կոնտեքստում, եղել է հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որտեղ որ հայ համայնքը հարցեր էր տալիս, թե արդյոք մեր բանակը այսօր բոլոր հետևությունները արել է Ապրիլյան պատերազմից հետո, արդյոք բանակը պատրաստ է դիմակայել Ադրբեջանի ագրեսիային, ինչին որ պաշտպանության նախարարը՝ որպես պաշտպանության նախարար, այլ ոչ որպես քաղաքական գործիչ, այդ բանակցություններին մասնակից գործիչ, պատասխանեց, որ, այո, պատրաստ է, և եթե Ադրբեջանը փորձի նորից պատերազմ սկսել, ապա Ադրբեջանը պետք է պատրաստ լինի, որ այդ պատերազմի ընթացքում ինքը տարածքներ կկորցնի, դա բանաձև չէ, դա ոչ էլ սպառնալիք է, դա ուղղակի հիշեցում է Ադրբեջանին՝ պատերզմի տրամաբանության մասին, որ պատերազմ սկսողը կարող է նաև տարածքներ կորցնել։
- Մենք խոսում ենք բանակցային գործընթացի և խնդրի խաղաղ կարգավորման մասին, սակայն Ադրբեջանը հնթացս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է ձեռք բերում։ Մտահոգություններ չկա՞ն, որ այդ զինատեսակները կարող են կրակել, և օգտագործվել մեր դեմ։
- Իհարկե, մենք ոչ միայն հետևում ենք, թե Ադրբեջանը ումից, որտեղից և ինչ զենք է առնում, մենք նաև համապատասխան հետևություններն ենք անում, և մեր բանակը ձեռք է բերում հակազդող զենք, և այս ընթացքում բավականին այդպիսի բաներ կան արդեն, այսինքն՝ մենք այսօր բավականին և՛ տեղեկացված ենք, և՛ պատրաստ ենք այդ զենքեորի կիրառմանը հակազդելուն։
Կարծիքներ