Ֆլեշի Բարսեղի պաշտպանը միջնորդեց՝ ընտրված խափանման միջոցը վերացվի եւ այլ միջոց չկիրառվի

Ֆլեշի Բարսեղի պաշտպանը միջնորդեց՝ ընտրված խափանման միջոցը վերացվի եւ այլ միջոց չկիրառվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում  Դավիթ Հարությունյանի նախագահությամբ կայացավ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը բացարկի միջնորդություն  ներկայացրեց մեղադրող Աբգար Առաքելյանին։

Միջնորդության մեջ պաշտպանը դատախազին մեղադրում էր պարտականությունները  բավարար կերպով չկատարելու, գործի նյութերն իրենց չտրամադրելու, վկաներից երկուսի հետ առերեսում չիրականացնելու համար:

Դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ ասելով, որ դրանցում փաստերը ճիշտ չեն ներկայացված և որ միջնորդությունն օրենքի պարզ շարադրանք է հիշեցնում:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտարարեց, որ մերժում է Բեգլարյանի պաշտպանի միջնորդությունը:
Պաշտպանը միջնորդեց` որպեսզի նախաքննության ընթացքում իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին վերացվի և նոր խափանման միջոց չընտրվի, հաշվի առնելով նաև այն, որ համաներման կիրառման արդյունքում խափանման միջոցի կիրառումը չեղարկվում է:
Դատախազն այս միջնորդության դեմ առարկեց: Դատարանը հեռացավ որոշում կայացնելու, որը կհրապարակի վաղը` 12.50-ին:

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։