Կեղծիքի հետքով

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
Կեղծիքի հետքով

«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Սահմանագիծ» հաղորդման ընթացքում, օրերս քննարկվում էին հայոց պատմության կրթական չափորոշիչների խնդիրները, մասնավորապես՝ մասնագիտական շրջանակների խիստ արտահայտված դժգոհությունների համապատկերում։ Հաղորդման հյուրերից էր ԿԳՄՍ կրթական չափորոշիչներ մշակող փորձագիտական խմբերից մեկի (պատմություն, հասարակագիտություն) ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, որը, գերազանցելով իր նախարարին (վերջինս հանրային քննարկումները որակել էր «խավար» եւ «աղմուկ» բառերով), այդ քննարկումներին տվեց նաեւ ի՛ր մասնագիտական գնահատականը՝ «կեղծարարություն»։

Նա ուղղակիորեն կեղծարար հռչակեց ակադեմիական մի քանի ինստիտուտների, բուհերի մասնագիտական ամբիոնների։ Իսկ որպես ապացույց այն բանի, որ ԿԳՄՍ-ականներն իրենց ապազգային գործողություններում «մենակ չեն, մենակ չեն» եւ նույնիսկ սատարողներ ունեն, տիկինը հիշատակեց ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրենին, որն իբր «հակագիտական» է համարել ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի կարծիքը։ Վկայակոչելով հանրությանն ընդհանրապես անհայտ մի կարծիքի գոյության փաստը՝ տիկինը նաեւ հայտարարեց, թե իրենք այդպիսի կարեւոր հակափաստարկ-կարծիք ունենալով հանդերձ՝ ձեռնպահ են մնացել այն հանրայնացնելուց, որովհետեւ չեն կամեցել գտնվել «կոռեկտության սահմաններից դուրս»։

Ուղղակի աննախադեպ, հետն էլ զավեշտալի տրամաբանություն է․ իրենք հանրային քննարկում են հրահրում-հորդորում, որ օգուտ քաղեն դրանից, բայց նաեւ ինչ-որ հակափաստարկ զգուշանում են հրապարակ բերել։ Տպավորություն է ստեղծվում, թե այդ կարծիքը ոչ թե գիտնական մարդու շարադրանք է եղել, այլ հայհոյանքների շարան, եթե խոսվում է «կոռեկտության» մասին։
Բայց այս ամենը զարմանալի է միայն առաջին հայացքից, իրականում ամեն ինչ տրամաբանության սահմաններում է․ Մկրտչյանի փորձագիտական խումբը չէր կարող հրապարակել մի կարծիք, որը գոյություն չունի։ Տիկնոջ հայտարարությունից խիստ զարմացած՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը զանգել է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանին եւ պարզել, որ այս մարդն ընդհանրապես որեւէ կարծիք չի հայտնել․․․ Առավել եւս՝ ԵՊՀ ամբիոնի կարծիքի վերաբերյալ, որին նույնիսկ ծանոթ չէ: Ահա թե ինչ է լինում, երբ բացակայում են փաստարկները․ այդ ժամանակ հրապարակ են նետվում սուտն ու կեղծիքը․․․Մի կարեւոր խնդրի մասին էլ, որ հպանցիկ նշվեց վերոհիշյալ հեռուստահաղորդման ժամանակ, բայց որին մինչեւ հիմա խորությամբ անդրադարձ կարծես չի եղել։ Առիթը եկել է, փորձենք խնդրին անդրադառնալ փոքր-ինչ հանգամանորեն։   

Հաղորդման ընթացքում Լ․ Մկրտչյանը համարյա որպես փորձագիտական նվաճում ներկայացրեց այն իրողությունը, որ պատմության չափորոշիչները մշակվել են 4 հիմնական հասկացություն-գաղափարների շուրջ՝ պետություն, ինքնություն, մշակույթ, համակեցություն։ Վերջին հասկացությունը, կարծում ենք, խիստ հատկանշական է եւ մասնավորապես լույս է սփռում այն իրողության վրա, թե ինչո՛ւ է հենց Լ․ Մկրտչյանը հայտնվել համապատասխան փորձագիտական խմբի ղեկավարի պաշտոնում։ Արդեն հանրահայտ է, որ սույն տիկինը մեծ փորձառություն ունի թուրք գործընկերների հետ պատմության դասավանդման համատեղ ծրագրեր եւ նույնիսկ ձեռնարկներ ստեղծելու ուղղությամբ։ Ահա այս համատեքստում է, որ միանգամայն հստակ տեսանվում է «համակեցություն» հասկացության բովանդակությունը։ Հայ ժողովուրդը՝ իր բնույթով, ազգաբանական, մշակութային նկարագրով հարեւան որեւէ երկրի կամ ժողովրդի հետ համակեցության խնդիր չի ունեցել։ Հայն այսօր էլ համակեցության հիանալի օրինակներ է տալիս համաշխարհային պատմությանը՝ աշխարհի բազմաթիվ երկրներում իր ստեղծարար, խաղաղ ներկայությամբ ու ներդաշնակ համակեցությամբ։ Այդ խնդիրն այսօր չունի նաեւ հայոց պետությունը․ չունի ո՛չ հարեւան Իրանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ ոչ անմիջականորեն սահմանակից երկրների հետ։ Համարյա ոչ մեկի հետ։ Համակեցության խնդիր կա միայն թուրք-ազերիների հետ։ Սակայն դա հայի համար պատմական արդարության խնդիր է։

Հետեւաբար,  Լ․ Մկրտչյանը թող սեփական համակեցական նկրտումները չդարձնի հայ ժողովրդի համար ընդհանուր պատմական հասկացություն։ Այս առումով թերեւս հարկ կա հիշեցնելու, որ հանրակրթության առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը հայրենի ԿԳՄՍ-ում մշակվում են Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհի միջոցներով, եւ, ամենայն հավանականությամբ, «համակեցություն» հասկացությունը դարձել է հայոց պատմության գաղափարաբառերից մեկը ոչ պատահաբար․ դրանով եթե նույնիսկ չի իրագործվել պատվիրատուի կամքը, ապա հստակ գծվել է գաղափարական այն ուղղությունը, որով պետք է շարժվեր փորձագիտական խումբը՝ ոլորտային իր փորձառու ղեկավարով։ «Համակեցությունն» ընտրելով իբրեւ հայոց պատմության ուսուցման հիմնաբառ՝ հեղինակները կամա թե ակամա շեշտադրել են հայի՝ ոչ համակեցական կենսակերպի առկայությունը, որը պետք է մշակել պատմության ուսուցմամբ։ Ենթատեքստում ակամա հայտնվում է նախահարձակ, կռվազան հայի կերպարը, որին պիտի զսպել սեփական պատմությամբ։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե սա ինչ-որ միտումի արտահայտություն չէ, ապա չափազանց վտանգավոր տգիտություն է, քողարկված խոստովանություն հայի ամբարիշտ բնույթի։ Իսկապե՞ս սա են կամեցել ասել «համակեցության» գաղափարը կարեւորողները։

Ես մեծ հույս ունեմ, որ նրանք ընդամենը մոլորյալներ են։