Փաշինյանն Ադրբեջանին ագրեսոր հայտարարելով՝ ունի ժողովրդին իր շուրջը միավորելու հնարավորություն

Փաշինյանն Ադրբեջանին ագրեսոր հայտարարելով՝ ունի ժողովրդին իր շուրջը միավորելու հնարավորություն

Հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության շուրջ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որն այսօր պետք է անցկացվեր փակ ռեժիմով, կազմակերպության մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովի տեղեկացմամբ, հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ «կա անհրաժեշտություն՝ նախ խորհրդակցություններ անցկացնելու կողմերի հետ, եւ ապա՝ պետք է հստակեցվի, թե քննարկումներն ինչ ֆորմատով են տեղի ունենալու»։

Թե ում նախաձեռնությամբ է հետաձգվել, նա հրաժարվել է մեկնաբանել։ Հիշեցնենք, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն իր նախահարձակ լինելը գցում է հայկական կողմի վրա, իսկ ՌԴ ԱԳՆ-ի բավականին ամորֆ հայտարարությունում էլ միջադեպի համար պատասխանատվության հարցում կողմերի միջեւ հավասարության նշան է դրվում․ «Կարծում ենք, որ անթույլատրելի է հետագա սրացումը, որը կարող է սպառնալիք դառնալ տարածաշրջանի անվտանգության համար։ Կոչ ենք անում հակամարտող կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»։ Ավելի ուշ Լավրովն արդեն բացահայտ հավասարության նշան դրեց կողմերի միջեւ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը։ Իսկ Մինսկի խմբի համանախագահ երկրներին կոչ արեց չանել այնպիսի հայտարարություններ, որոնք էլ ավելի կսրեն իրավիճակը։ Սրան գումարվեց Ադրբեջանի հայտարարությունը, որ հուլիսի 12-ին, ժամը 22:45-00:40-ը հայկական կողմից խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծվել են Նախիջեւանի ուղղությամբ՝ Շահբուզի եւ Ջուլֆայի ուղղության դիրքերը, ինչի հետեւանքով 5 հեկտար տարածք հրդեհվել է: Այս զարգացումների մասին զրուցել ենք ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։ Զրուցել էինք, նախքան հայտնի կդառնար ՀԱՊԿ նիստի հետաձգվելու փաստը։

- Պարոն Տարասով, Ձեր կանխատեսմամբ՝ ՀԱՊԿ-ում ի՞նչ որոշում կընդունվի։

- Նիստը, որքան հասկացա՝ Հայաստանի՞ խնդրանքով է գումարվել։ Դե ինչ, ինչո՞ւ եք Մոսկվային հարցնում․ երբ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո օրակարգից դուրս էին հանվում Սանկտ Պետերբուրգի եւ Վիեննայի պայմանավորվածությունները, որն արցախաադրբեջանական շփման գծում մոնիթորինգ ու միջազգային դիտորդների ներկայություն էր նախատեսում, Բաքուն ու Երեւանը Մոսկվային հարցնո՞ւմ էին։ Տավուշի շրջանը դուրս է հակամարտության գոտուց, եւ, որքան մեզ է հայտնի, արցախյան շրջանում դեռ հանգիստ է։ Բայց հայտնի է, որ մարտական դրության է բերված ադրբեջանական զինուժը Նախիջեւանում։ Եվ, այո, կարելի է այս բոլոր իրադարձությունները փոխկապակցել արցախյան հակամարտությանը։ Իհարկե, Մնացականյանը փորձում է Մինսկի խմբին ներգրավել, նաեւ Լավրովը՝ ինչ-որ բան անել, բայց սա արդեն սկզբունքային հարց է, սա արդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հարց է։

- Հայաստանի ներսում էլ Փաշինյանը նախկինների կողմից շատ կոշտ քննադատվում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն օրակարգից հանելու համար։ Ինչ վերաբերում է Ձեր այն մտքին, որ «արդեն Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների հարց է», ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, ՀԱՊԿ անդամ է, որի սահմանների վրա հարձակումը, կազմակերպության կանոնադրության համաձայն, դիտվում է իբրեւ հարձակում ՀԱՊԿ-ի վրա։

- Հետո՞ ինչ, որ ՀԱՊԿ անդամ է։ Հայաստանը՝ իբրեւ ՀԱՊԿ անդամ, չպետք է անդամ պետություններին ստիպի շագանակներ հանել։ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, պետք է կազմակերպությանը տեղեկացնի, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում։ Սա՝ մեկ, եւ երկրորդ՝ մենք եւ ոչ ոք չի բացառում, որ․․․ Դուք, ախր, չե՞ք հասկանում, պարոն Փաշինյանը համաձայնել է, որ չլինեն միջազգային դիտորդներ․․․

- Այո, բայց՝ Արցախում, իսկ հիմա խոսքը Հայաստանի Հանրապետության տարածքի մասին է։

- Շարունակում եմ՝ միջազգային դիտորդների ներկայությունը թույլ կտար արտաքին խաղացողներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային եւ այլն, խոսել այն մասին, թե ով է սադրանքի նախաձեռնողը։ Եվ այս առումով Տավուշի իրադարձությունները մեր՝ Ռուսաստանի աչքում շատ խորհրդավոր են։ Եվ մեզ համար միայն այն է ակնհայտ, որ թե՛ այս եւ թե՛ այն կողմն այդ գործողությունների համար մեղադրում է մյուսին։ Եվ մեկնաբանությունը համակրանքների ու հակակրանքների հարց է․ ով համակրում է Ադրբեջանին, մեղադրում է հայերին, ով հայերին՝ Ադրբեջանին։ Նախկինում եւս այդ շրջանում միջադեպեր են եղել․ ինչ-որ դիվերսիոն խումբ ուզեցել է ինչ-որ տեղ ներխուժել, էլի ինչ-որ բաներ․․․ բայց հիմա, հաշվի առնելով Լավրովի հեռախոսազրույցները Մնացականյանի ու Մամեդյարովի հետ, այն, որ Ալիեւն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ այլն, կարելի է ասել, որ սա արդեն 2 երկրների հակամարտություն է։ Աստված չանի, որ Ղարաբաղն էլ ներքաշվի։ Բայց այս դեպքում, ըստ իս, ինչ-որ տեղային խնդիր է լուծվում։ Ո՞ւմ կողմից։ Անտարակույս, կողմերից մեկը՝ կա՛մ Բաքուն, կա՛մ Երեւանը, իրենց ներքին, հնարավոր է իրենց ռազմական-օպերատիվ խնդիրներով պայմանավորված՝ որոշել է գնալ լարվածության ավելացման։ Սրա պատասխանը կտա ռազմական հետախուզությունը։ Մենք չենք կարող հաստատել, որ դա արել է Ադրբեջանը, ինչպես նաեւ՝ չենք կարող հաստատել, որ արել է Հայաստանը։ Քանի որ մենք նման տեղեկատվություն չունենք։

- Իսկ ռազմական հետախուզություն ունեք, չէ՞, ինչպես նաեւ գոյություն ունեն արբանյակից նկարահանումներ։

- Այո, բայց մենք զբաղված ենք Սիրիայով, տարբեր խնդիրներով, հիմա էլ զբաղվենք Տավուշի շրջանի իրավիճակո՞վ։ Դուք, ի՞նչ է…

- Բայց, կրկնեմ՝ Տավուշի մարզը ՀԱՊԿ տարածք է։

- Նորից եմ ասում՝ այս պատմության մեջ շատ ստորջրյա՝ անհասկանալի բաներ կան, որոնք ստիպում են, որ մեզ մոտ, այսպես ասեմ, վարկածներ առաջանան։ Եվ դրանցից մեկն էլ այն է, որ կա Բաքվի ու Երեւանի ընդհանուր շահագրգռությունը՝ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել հակամարտության վրա, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով դուրս է մղվել։ Ավելին՝ այն ոչ մեկին հետաքրքիր չէ։ Ի հակառակ տեսեք, թե ինչպես է աշխատում Դոնբասի հարցով նորմանդական խումբը՝ ինտենսիվ հավաքվում են, բարձր մակարդակով, հատուկ դեսպաններ են գալիս-գնում։ Իսկ արցախյանը․․․ Պուտինը գոնե փորձեց շարունակել միջնորդական առաքելությունը։ Արդյունքում, երբ Պուտինի ծառայություններից թե՛ Բաքուն, թե՛ Երեւանը հրաժարվեցին, Մակրոնը հրաժարվեց զբաղվել Ղարաբաղով, այն Թրամփի, առհասարակ, պետքը չէ։ Եվ հիմա վերջին լարվածությունը․․․ նախաձեռնող կողմը կարող է կարծել, թե միջադեպը կարող էր վերադարձնել վերացող ուշադրության պակասը։ Բայց դետալների մասին հիմա արդեն շատ բարդ է խոսելը, որովհետեւ ղարաբաղյան հակամարտությունն այնքան է «ինտեգրվել»  ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներքին քաղաքականություններ, որ հիմա ամեն ինչն է շատ-շատ բարդ։ Փաշինյանը շարունակում է իր հեղափոխությունը, հիմա նա Ադրբեջանին ագրեսոր հայտարարելով՝ ունի ժողովրդին իր շուրջը միավորելու հնարավորություն, նույնն էլ՝ Ադրբեջանում, որն իր հերթին ագրեսոր է անվանում Հայաստանին։ Իսկ մենք, կրկնում եմ, չունենք տվյալներ այն մասին, թե որ կողմն է սադրանքի նախաձեռնողը։