«Ավշարի Արայիկը ինձ չի խփել»․ հերքում է Գարիկ Սարգսյանի խոսքերը և բացատրություն պահանջում

«Ավշարի Արայիկը ինձ չի խփել»․ հերքում է Գարիկ Սարգսյանի խոսքերը և բացատրություն պահանջում

Օրերս մենք նյութ էինք հրապարակել, որում նշում էինք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի՝ Ավշարի Արայիկի միջև հակամարտություն կա։ Ընդգծելու համար այն հանգամանքը, որ Սարգսյանի և Գրիգորյանի միջև հակամարտությունը հին պատմութուն ունի՝ մեջբերել էին Գարիկ Սարգսյանի կողմից հեղափոխության հարթակից արված հայտարարությունը, ըստ որի՝ Արայիկ Գրիգորյանը զանգվածային ցույցերի օրերին Ոսկետափ համայնքում կնոջ է հարվածել․

«Ճանապարհ փակած ձեր համագյուղացուն ինչ-որ դեպուտատ գալիս և բռնություն է գործադրում, իր հաստավիզ ախրաննիկների հետ հարվածում է կնոջը։ Դա աններելի է, ինչպե՞ս կարող է այդ համայնքի ղեկավարը նստած մնալ իր կաբինետում, երբ իր համայնքի բնակչին տեղական իշխանիկը հարվածում է իր ձեռքերով, նա ազգային ժողովի պատգամավոր կոչվելու իրավունք չունի , նա դեպուտատ է։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ, կարող եմ անունը ասել։

Ես խոսում եմ Արարարտի մարզում տեղի ունեցած մի միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Ոսկետափ համայնքում 2 օր առաջ, երբ մի կին, իր նախաձեռնությամբ մասնակցել է շարժմանը, դա իմացել են հարկային մարմինները, մտնում են նրա խանութ՝ ՀԴՄ-ի պատրվակով, և տուգանում են 300 հազար դրամ, սպառնում են, որ եթե շարունակի գնալ հանրահավաքաների, անմիջապես կարող է իր խանութը փակվել։ Այդ կինը տղամարդ կին է , նա նախաձեռնում է ճանապարհ փակել հենց իր խանութի դիմաց, և ռեյտինգային  համակարգով ընտրված Արայիկ Գրիգորյանը, ով շատ հայտնի է որպես Ավշարի Արայիկ, իր հաստավզերի հետ գալիս է ճանապարհը բացելու , այդ կինը չի զիջում, և հարվածում են այդ կնոջը», - ասել էր Սարգսյանը։ Մեջբերմանն արձագանքել է Սուսաննա Սահակյանը, որին, ըստ Գարիկ Սարգսյանի խոսքերի, հարվածել է Արայիկ Գրիգորյանը։ Սահակյանը հերքում է․ Գրիգորյանը իրեն չի հարվածել, իսկ հարկայինից իրեն չեն տուգանել․

« Թեկուզ ինքը հայտարարել է այդ հանրահավաքին, հիմա ես եկել եմ, որ այդ լուրը հերքեմ։ 10 ամիս է, ես ճնշումների մեջ եմ, ամեն օր մեր խանութում այս խոսակցությունը , բոլորը որ լսել են, բոլորը կարեկցանքի խոսքերով են գալիս, թե իբր ինձ խփել են, տուգանել են, նման ոչ մի բան չի եղել»։

Լուսանկարում Սուսաննա Սահակյանն է։

- Հարկայինից Ձեզ չե՞ն տուգանել։

- Ոչ, երբեք։

- Փողոց փակելիս որևէ խոչընդոտի հանդիպե՞լ եք՝ կոնկրետ Արայիկ Գրիգորյանի կամ իր համախոհների կողմից։

-  Ոչ։ Մենք փողոցը փակել ենք ապրիլի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանին տարան։ Մեր բողոքի ձայնը բարձրացրինք։ Դե բոլորն էին դուրս եկել անարդարության դեմ պայքարելու համար։ Ես կոնկրետ անձի համար պայքարի չեմ էլ դուրս եկել։ Ես Արայիկ Գրիգորյանին չեմ էլ ճանաչում, այդ ժամանակ եմ ճանաչել, որ եկել էր, խնդրում էր, որ ճանապարհը բացենք, ասում էր՝ «ես ձեզ շատ եմ խնդրում, ժողովուրդ ջան, բացեք ճանապարհը։ Ի՞նչ հարցեր ունեք, կքննարկենք, բոլորը լսելի կդառնա, կլուծենք այդ բոլոր հարցերը»։ Այդ բառերն է ինքը ասել։

- Դուք ենթարկվե՞լ եք իր ասածներին, բացե՞լ եք ճանապարհը։

- Ոչ, չենք ենթարկվել, չենք բացել ճանապարհը։ Էլի ասել ենք, պահանջել ենք այն ամենը, ինչը բոլորն էին պահանջում։ Դրանից հետո բոլորն էլ թողել հեռացել են։ Այդ բազմության մեջ ի՞նչ կարող էր լինել՝ աղմուկ, բոլորից շատ մենք էինք գոռում, քան թե իրենք։ Ես կոնկրետ իմ պահով կասեմ, ինքը ինձ երբևէ չի հարվածել։ Գարիկ Սարգսյանը ինձ է հիշատակում իր վրեժի համար, ինձ օգտագործում է որպես գործիք։ Ես դա չեմ ուզում, ինքը տղամարդ է, թող գնա, իր վրեժը լուծի։ Արայիկ Գրիգորյանին ես այդ պահին եմ ճանաչել։ Ես անձի դեմ պայքարի դուրս չեմ եկել։ Ես Գարիկ Սարգսյանին էլ չեմ ճանաչում։ Ինչ ինքը այդ մասին հայտարարել է, իր կողմնակիցները եկել են, նամակներով իմ անչափահաս երեխային շանտաժի են ենթարկել, գրել են՝ տեսանյութ տվեք։ Այդ բոլոր նամակները պահպանված են։ Գարիկ Սարգսյանի կողմից էլ կան նամակներ, որ «ձեզ վախեցրել են», այսպիսի բաներ։ Իրենք իրենց որոշել են, որ ինչ-որ մեկը մեզ վախեցնում է, որպեսզի ես հրաժարվեմ, որ ինձ խփել են, չի եղել այդպիսի բան։

- Երբ Արայիկ Գրիգորյանը եկել է այդտեղ, որևէ ուրիշ մարդու հետ վիճե՞լ են, մեկ այլ մարդու հարվածե՞լ են։

- Ես խփել չեմ տեսել։ Ամբողջ ժողովուրդը այնտեղ էր, ես չեմ տեսել։ Ավելի շատ մենք էինք վրա տալիս։

-  Գարիկ Սարգսյանի՝ հեղափոխության հարթակից կատարած հայտարարությունից հետո Արայիկ Գրիգորյանը որևէ կերպ փորձե՞լ է Ձեզ հետ կապ հաստատել, բացատրություններ պահանջել։

- Ոչ մի կերպ։ Միշտ ուզել եմ, բայց այդքան համարձակություն չեմ ունեցել, որ զանգեմ իրեն, ասեմ, որ ես Գարիկ Սարգսյանին չեմ ճանաչում, ես տեղյակ չեմ։ Թե ինքը ինչից է վերցրել, ումից է վերցրել, ինչ է լսել։ Իմ աղջկան գրում են, որ տեսանյութեր տա, մենք հրաժարվում ենք, մեզ խփել են, մենք չենք ասում։ Այն ժամանակ էին գրում՝ 10 ամիս առաջ։ Նկարած տեսանյութեր ունենք, բայց այդ տեսանյութերում մեր խոսակցություններն են, մեր գոռալն է։ Այդտեղ կռիվ չկա։

- Ովքե՞ր են տեսանյութեր պահանջել, անձամբ մարզպե՞տը։

- Մարզպետն էլ է պահանջել, այդ նամակը կա, որ գրել է աղջկաս, պահանջել է իր հորեղբոր տղա Սարգիսը Սարգսյան, իր ընկեր Զավեն Մարգարյանը, որը իրենցից ամենահամարձակն էր։ Այդքան կանչելուց հետո ինքն էր եկել, գոռում էր իմ խանութի մեջ, խանգարում էր մեր անդորրը, նրա համար, որ վիդեո չենք տալիս, իսկ թե ի՞նչ վիդեո, ես էլ չգիտեմ։ Ես իրեն ասում եմ՝ այ տղա, դու էլ ես այդտեղ եղել, ինձ խփե՞լ են, ասում է՝  բա չէ, խփել են։ Ասում եմ՝ եթե խփել են, գնա կանգնի, ասա խփել են, դու իմ անունը ինչո՞ւ ես խառնում , այս ամեն ինչը ի՞մ անձի նկատմամաբ է, չէ՞։

- Դուք նշեցիք, որ ցանկանում եք Ձեր անունը մաքրել։ Ո՞վքեր են հիմա Ձեզ անհանգստացնում։

- Կոնկրետ այս պահին նամակներով չեն անհանգստացնում, բայց կա ընդհանուր լարված վիճակ։ Ժողովրդի կողմից էլ, ոնցոր ինձ կարեկցեն՝ «վայ, խփել է քեզ, պաշտպանել է քեզ, հարկայինը քեզ ակտ է գրել, էդ ինչե՞րի միջով ես անցել, ինչ տույժեր ես կրել»։ Այդ կարեկցանքը ինձ դուր չի գալիս, ամաչում եմ տանից դուրս գամ, որտեղ գնում ես, բոլորը քեզ են նայում։ Մենք պայքարել ենք հանուն արդարության, չենք պայքարել Գարիկ Սարգսյանի ստեղծած ստի համար։ Բացի այդ՝ մի քանի օր առաջ իր հորեղբոր տղան իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր արել, ինձ զանգեցին, ասացին, որ ձեզ կարծես մեսիջ գրած լինի։ Գրել էր, որ մի խանութպանի աղջնակի խորհուրդ կտամ՝ իրեն հարգողին հարգի, ոչ թե ապտակողին։ Իրենք նորից են ուզում մեզ քաշել իրենց խաղերի մեջ։

- Երբ Գարիկ Սարգսյանը հարթակից դա հայտարարեց, Դուք ինչո՞ւ իրենից բացատրություն չպահանջեցիք։

- Պահանջել եմ շատ, ինքը չի ներկայացել։ Ասել է՝ կգամ, ձեզ կտեսնեմ, բայց չի եկել։ Իր հորեղբոր տղան ու ընկերը եկան, խոսեցինք, ասացի՝ գնացեք, հերքեք, ասցի՝ դուք վկա եք եղել, նման բան եղե՞լ է, չե՞ք ամաչում, ինչո՞ւ եք մարդկանց ճակատագրերի հետ խաղում, արդարությունը դրա՞ համար էր, մեք մարդկանց վրա գո՞րծ սարքենք։ Դու ինձ երբևէ հարցրե՞լ ես՝ Սուսան, դու ինչի՞ համար ես պայքարում։ Ես իմացել եմ, որ իրենք էլ են պայքարում, բայց մենք էլ մեր շրջապատով, մեր բարեկամներով մեզ համար ենք պայքարել, պայքարել ենք այդ ընդհանուր վատ մթնոլորտի համար, որ ստեղծվել էր։

Ես ասացի՝ Գարիկ Սարգսյանին ասեք, թող գա, թող գա ինձ պատասխան տա, ինքը ինձ ճանաչո՞ւմ է, իմ բերանից ինչո՞ւ է նա խոսք ասել ։ Ասել եմ, որ կարող եմ դատական հայց տալ, կարող եմ ամեն ինչ անել, բայց չեմ անում, ես գործ տվող չեմ, ես ընդամենը ուզել եմ իրենցից լսել։ Կողքերից ավել-պակաս խոսակցություններ կան, թե Սուսանը հրաժարվել է այդ ամեն ինչից։ Նույնիսկ իր հորեղբայր Վանիկը 2 անգամ այցելել է, ասում էր աղջկադ խփել են, քեզ խփել են, դու «դուխից» ընկել ես , բա դու մի հատ չե՞ս բարձրաձայնում։ Ասում եմ՝ ո՞նց թե մեզ խփել են։ Ընդամենը հրմշտոց է եղել, չես էլ կարող ասել, որ քաշքշել են կամ վայրենավարի բան են արել։ Այդ պահին աղջիկս հուզվել է։ Արայիկ Գրիգորյանը փաթաթվել է, իմ աղջկա գլուխը համբուրել է ու ասել է՝ «այ սիրունություն, բաց ճանապարհը»։ Արայիկ Գրիգորյանը, որին չենք էլ ճանաչել, մենք չենք իմացել, որ դեպուտատն է եկել, հետո ենք այդ մասին իմացել։

- Ինչպե՞ս է կոչվում ձեր խանութը, անուն ունի՞։

- «Օֆեյլա մարկետ», իմ անունով է գրանցված։ Այս խնդրի համար ես 3 անգամ նամակ եմ ուղարկել պարոն վարչապետին, որ պարզ դառնա Գարիկ Սարգսյանի վարած քաղաքականությունը։ Գնացել եմ կառավարության շենք, նամակ եմ գրել։ առաջին անգամ նշել էի, որ ուզում եմ բաներ ասել Գարիկ Սարգսյանի վարած քաղաքականությունից, որ իմ նկատմամաբ վատ է վերաբերվել։ Արձագանքը այն եղավ, որ գրեմ, թե կոնկրետ ինչ բողոքներ ու առաջարկներ ունեմ։ Իսկ երկրորդ նամակի մեջ մանրամասն ներկայացրել եմ ինձ հետ կատարվածի մասին, իր այդ հայտարարության մասին։ Ամենավատն այն է, որ մարդուն չես ճանաչում, բայց ինքը կանգնում, քո անունից բաներ է խոսում, ամենադժվարը դա է։ Ու չի գալիս ինքը իր պատասխանը ստանալու, կամ պատասխան տալու։ Մի օր իր բերանից բառ չես լսի, որ սխալվել է, ներողություն է խնդրում։

- Մարզպետից  ներողությո՞ւն եք պահանջում։

- Ոչ, ես իրենից ոչինչ չեմ պահանջում։ Պահանջում եմ, որ այս ամեն ինչը մաքրվի, բոլորը հասկանան, որ նա օգտագործում է իր անձնական վրեժը ժողովրդին շահագործելով։

- Ո՞ւմ հանդեպ ունի անձնական վրեժ։

- Էլ ումի՞ց։ Ինքը ո՞ւմ անուն է միշտ տալիս, Ավշարի Արայիկի։ Եթե վրեժ ունի, թող գնա նրա հետ իր անձնական վրեժը լուծի, թող իմ նմանին, այդ 500 աշակերտներին՝ Ավշարի դպրոցի, այդ աշակերտների ծնողներին թող չխառնի։ Ամբողջ համայնքը հանել է ոտքի։ Ու այսօր իրենց արդարացումները ի՞նչ են։ Կարելի է ասել՝ իմ ընտանիքը հիմա խորտակված է, մենք պատրաստվում ենք Հայաստանից գնալ, ես այլևս ի վիճակի չեմ, որ կանգնեմ , ինքը սուտ բաներ խոսի ու դա հրապարակվի, իր խոսածն է, դուք սուտ չեք հրապարակել, դուք մեղք չունեք, ինքը ինչ խոսել է, դուք հրապարակել եք։ Եկել եմ, որ նա կանգնի, բոլորը հերքի, ասի, որ սխալ քաղաքականություն է վարում։ Եթե մի տարի առաջ իր այս վարած քաղաքականության մասին իրեն հարց տային, ինքը ի՞նչ կապատասխաներ։

Ես Հայաստանի պարտաճանաչ քաղաքացի եմ, իմ հարկերը ժամանակին վճարում եմ, նորմալ ապրած մարդ եմ, ես ուզում եմ, որ այդ ամեն ինչը հերքվի։ Ես ուզում եմ իր պատասխանները լսեմ, դեմ առ դեմ, իմ այս բոլոր ասածները իր հետ քննարկեմ։ Նա ինձ որ դեմքով տեսնի, չի էլ ճանաչի։ Բոլորը այդտեղ վկա, որ ես ծեծ չեմ կերել, ինձ չեն հարվածել, հարկայինը ինձ չի տուգանել։ Ինքը մի պահ հարկայինի պահը հերքեց, բայց գրեց, որ իբր որոշ թափթփուքներ վախեցրել են։ Ասացի՝ լավ, որ գրել, գրել է, թող այս ամեն ինչը մաքրվի, գնա։ Էլի հանուն այս լավ շարժման, վարչապետի համար։ Ես իրենց տանջանքները այդ հրապարակում տեսել եմ, ես իրեն շատ հավատում եմ , ես Աննա Հակոբյանի արցունքներն եմ տեսել։ Ես իմ նամակներում ամեն ինչ գրել եմ պարոն վարչապետին։