Այաքսի վերադարձը ֆուտբոլի վերադարձն է

Այաքսի վերադարձը ֆուտբոլի վերադարձն է

Հոլանդական ֆուտբոլի երկրպագուները, ի վերջո, երկար դադարից հետո երջանկության ակնթարթներ են վայելում: Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն ակումբներից մեկը՝ Ամստերդամի լեգենդար «Այաքսը», վերստին բարձունքում է: Օրեր առաջ «Այաքսին» հաջողվեց ծնկի բերել թուրինյան «Յուվենտուսին»՝ այն էլ «Յուվեի» դաշտում՝ «Ծեր սինյորայի» բազմահազարանոց բանակի առջեւ:

Եվ, ահա, հոլանդացիների երազանքը վերստին իրականացավ՝ «Այաքսը» կիսաեզրափակչում է եւ, անշուշտ, իրական հնարավորություններ ունի դուրս գալու նաեւ եզրափակիչ: Վերջին շրջանում հոլանդական ֆուտբոլը լրջագույն ճգնաժամի մեջ է՝ ցավալի կորուստներ կրելով եւ, ամենատխուրը՝ դուրս մնալով ֆուտբոլի կարեւորագույն մրցաշարերից: Ազգային հավաքականը, ակումբները, անգամ անվանի մարզիչներն այլեւս չունեն այն վաղեմի ծանրակշիռ զորությունը, որի առջեւ գլուխ էին խոնարհում գրեթե բոլորը: Ահա, տոտալ ֆուտբոլի արքաներ Ռինուս Միխելսի, Յոհան Կրոյֆի, Յոհան Նեսկենսի, 90-ականների երկրորդ կեսի ոսկե տղաներ Էդգար Դավիդսի, Դե Բուր եղբայրների, Դենիս Բերգկամպի, Պատրիկ Կլյուվերտի եւ շատ ուրիշ ականավոր անունների հայրենիքը՝ Նիդերլանդները, մեզ բազում ֆուտբոլային աննման պահեր է պարգեւել, որոնցով հարստացել է ֆուտբոլի պատմությունը, որոնցով ոգեշնչվել են տասնյակ սերունդներ:

Ես հիշում եմ մեր հրճվանքը, երբ 1995 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպմանը Պատրիկ Կլյուվերտի միակ գոլի շնորհիվ ամստերդամյան այս անչափ համակրելի ակումբը հաղթեց «Միլանին», իսկ 1996 թվականին դարձյալ հայտնվեց եզրափակչում, այդուհանդերձ միայն 11 մետրանոց հարվածներով զիջեց այն ժամանակվա՝ հավանաբար աշխարհի ամենազորեղ ակումբին՝ «Յուվենտուսին», որի մարզիչը Մարչելո Լիպին էր, իսկ հարձակման գծում հանդես էին գալիս Ջանլուկա Վիալիի, Ֆաբրիցիո Ռավանելիի, Ալեսանդրո Դել Պիեռոյի կարգի գերաստղեր: Այն օրերին «Այաքսն» աշխարհի ամենահայտնի, ամենասիրված ակումբներից մեկն էր, որ երկրպագուների հսկայական բանակներ ուներ աշխարհի տարբեր կետերում: Եվ հետո՝ ֆուտբոլն ինչ-որ առումով բացասաբար կերպարանափոխվեց, երբ նրա տարածք թափանցեցին գումարային ահռելի հոսքերը՝ իրենց հետ բերելով աստղաբաշխական թվերով տրանսֆերների ստրկական ողջ առուծախը, նենգ խարդավանքների տեղապտույտը, դրան հետեւած մի շարք ակումբների սնանկացումներն եւ կորուստները:

Ակումբների ֆինանսական դրությունը, գումարների անհամաչափ վերադասավորությունը գրեթե մոռացության մատնեցին եւ հիմնական մրցասպարեզից դուրս թողեցին մեծ ավանդույթներ կրող լեգենդար թիմերի, որոնցից մեկն էլ Ամստերդամի «Այաքսն» էր: Սակայն «Այաքսը» վերադառնում է: Ինձ համար սա մի տեսակ անցյալում մնացած իսկական, այդ ահռելի գումարների ճնշմանը դիմադրող ֆուտբոլի խորհրդանշական վերադարձն է: Վերջապես, ինչ-որ պահից սկսած՝ մահու չափ ձանձրալի էին թոփ ակումբների համարում ունեցող թիմերի համաչափ հաղթանակները, նրանց՝ իրար հետեւից ձեռք բերած գավաթներն ու տիտղոսները չափից դուրս կանխատեսելի ու հավաստի էին: Ֆուտբոլը վերարթնանալու կարիք ուներ:

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ