«Դուք Օրբելյանին ծախել եք», «Դավաճաններ»․ թեժ կրքեր Օպերային թատրոնում (տեսանյութ)

«Դուք Օրբելյանին ծախել եք», «Դավաճաններ»․ թեժ կրքեր Օպերային թատրոնում (տեսանյութ)


Այսօր Օպերային թատրոնում հրավիրված ժողովի առիթը նախօրեին՝ Նազենի Ղարիբյանի նշանակումն էր օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում։ Թատրոնի կոլեկտիվը զայրացած էր ոչ միայն այդ փաստից, այլ իրենց գործընկերների՝ խորհրդում օպերայի շահերը ներկայացնող բալետի պարող Սերգեյ Սաֆարյանի եւ օպերային երգիչ Պերճ Խարազյանի պահվածքից, ովքեր կողմ են քվեարկել Նազենի Ղարիբյանի թեկնածությանը։  

Ճիշտ է մեծ հաշվով պատկերը չէր փոխվի, եթե անգամ խորհրդի 8 անդամներից 2-ը դեմ քվեարկեին Նազենի Ղարիբյանին, բայց այդպես իրենք գոնե «սոլիդարություն եւ համախոհություն» կցուցաբերեին իրենց կոլեկտիվի հանդեպ․ «Դա կլիներ ձեր կողմից դեմարշ», - նկատեց դիրիժոր Հարություն Արզումանյանը։ 

Օպերային երգիչ Պերճ Խարազյանն ասաց, որ ինքը կամուրջ էր փորձում գցել, բայց նույն պահից դահլիճից ռեպլիկներ հնչեցին՝ «Նազենի Ղարիբյանը բոլոր կամուրջներն այրել է», որից հետո հնչեցին ավելի ծանր մեղադրանքներ․ «Դուք Օրբելյանին ծախել եք», «Դավաճաններ»։ Իրավիճակը թեժացավ, թատրոնի արտիստները սկսեցին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել։ Խարազյանն ասաց՝ թե տեսախցիկների եւ սադրիչների ներկայությամբ դժվար է կառուցողական բանակցություններ վարել եւ ինքը դուրս է գալիս կառավարման խորհրդից։ 

Դիրիժոր Հարություն Արզումանյանն էլ նկատեց, որ Նազենի Ղարիբյանը թշնամիներ է փորձում սարքել թատրոնի աշխատակիցներին, ովքեր հիմա հայտնվել են դեմ առ դեմ վիճակում, բայց չի ստացվի։ 

Ի վերջո ներկաները որոշեցին 2 օր հետո առանց լրագրողների ներկայության կոլեկտիվի ժողով գումարել, եւ նամակով դիմել կառավարման խորհուրդ՝ պահանջելով Նազենի Ղարիբյանի հրաժարականը, քանի որ չեն կարող աշխատել մի մարդու հետ, ով դեմ է աշխատում Օպերային եւ ազատել է Օրբելյանին տնօրենի պաշտոնից։   

Մանրամասները՝ տեսանյութում։