Ես ընդմիջում չեմ անում, հաց չեմ ուտում

Ես ընդմիջում չեմ անում, հաց չեմ ուտում


«Հրապարակը» նամակ է ստացել «Արագածոտնը թքեց» վերնագրով, որտեղ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցները բողոքում են մարզպետ Դավիթ Գևորգյանից։ Նամակի պատճենները ուղարկվել են վարչապետ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանին, սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, ՄԻՊ Արման Թաթոյանին, Լիլիթ Մակունցին, Էդմոն Մարուքյանին և այլոց։ Նամակագիրները վստահեցնում են, որ նշված բոլոր կետերը ճիշտ են, մինչդեռ մարզպետ Դավիթ Գևորգյանը համոզված ասաց, որ այդ <անանուն նամակի հեղինակը մարզպետարանի աշխատակիցները չեն> և չեն կարող լինել․

«Դա հեքիաթ է, ես չեմ հավատում, որ դա մեր աշխատակիցներն են, որովհետև մեր աշխատակիցների անունից երբեմն այնպիսի ինֆորմացիաներ են տալիս, որ իրականության հետ նույնիսկ աղերս չունի, օրինակ, ինչ որ միջոցառման մասին, որը գոյություն չի ունեցել, որ ինձ մոտ <կանգնած> զեկուցել են, Դուք ոչ մի աշխատողի չեք կարող գտնել, որ ասի՝ ինձ կանգնած մարդ է զեկուցել, մենք կամ միշտ նստած ենք միմյանց հետ խոսում կամ բոլորով կանգնած »,- ասաց մարզպետը։

- Պարոն Գևորգյան, Ձեզ մեղադրում են, որ Դուք թույլ չեք տալիս, որ մարզպետարանի աշխատակիցները գնան իրենց բարեկամների հուղարկավորություններին ու հոգեհանգիստներին։ Ասել եք, որ այդ հարցերով անձամբ Ձեզ դիմեն, սակայն աշխատակիցներին էլ չեք ընդունում։

- Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ երբևիցե նմանատիպ հարց չի քննարկվել, ոչ թե թողել է կամ չի թողել։ Ցանկացած աշխատակից որևէ հարցով, որը կապված է իր ընտանիքի անդամի հետ, իր հետ, առողջության, ուրախ կամ տխուր առիթների հետ, ոչ մի աշխատակից ոչ մի անգամ մերժում չի ստացել, ոչ իմ կողմից, ոչ էլ գլխավոր քարտուղարի, նման դեպք գոյություն չունի, նման քննարկում մենք երբևիցե չենք ունեցել։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ նամակ գրողը կապ չունի մեր աշխատակազմի հետ։ Սա ուղղակի աբսուրդների աբսուրդն է։

- Նշվում է, որ 5 ամիսների ընթացքում 9 վարորդ եք ընդունել և ազատել։

- Այդ փաստաթղթերը պաշտոնական փաստաթղթեր են, պարտադիր հրապարակման փաստաթղթեր չեն, դրա համար չեն հրապարակվել, կարող եք գրավոր հարցում անել ու տեսնել, որ եթե 9 չէ, գոնե մի քանի վարորդի ընդունե՞լ եմ, թե՞ չէ։ Ընդամենը մի վարորդ է ընդունվել աշխատանքի, ուղղակի վարորդը, չուզենալով աշխատանքից դուրս գալ, ընտանեկան պայմաններից ելնելով ստիպված պետք է արտերկիր մեկներ, գնացել է նույնիսկ այն խնդրանքով, որ եթե շուտ վերադառնա, ես իրեն ընդունեմ աշխատանքի, ուրիշ վարորդի ես աշխատանքի չեմ ընդունել, չեմ ազատել աշխատանքից։ Այս պահին վարորդ չունեմ։

- Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետի հաստիքը մինչ այժմ թափուր է, ասում են, որ  ոչ ոք չի ցանկանում այն զբաղեցնել, քանի որ չեն ցանկանում Ձեզ հետ աշխատել։

- Գրեթե բոլոր պետական հիմնարկներում կան թափուր աշխատատեղեր։ Իմ գալուց էլ այստեղ եղել են թափուր աշխատատեղեր՝ շատ ավելի, քան առաջացել են իմ գալուց հետո, բայց դա հաստատ նախկին մարզպետների անձի հետ կապված չէ։ Կարող եմ պատճառներից մեկը նշել, որ, օրինակ, եկել են մարդիկ, դիմել են զարգացման ծրագրերի բաժնի պետի համար, խնդիրը եղել է շենքային պայմանները, քանի որ շատ վատ շենքային պայմաններ են, խնդիրը եղել է աշխատավարձը, որը ես չեմ որոշում, դա դրույքաչափ է։ Շատ լավ մասնագետ եկել է, բայց ասել է, որ մոտավորապես 180 հազար դրամ աշխատավարձով ինքը չի պատրաստվում աշխատել։ Մարդը, որի հետ ես շատ էի ցանկանում աշխատել, մոտ 10 օր առաջ անցավ գործի մասնավոր սեկտորում՝ 800 հազար դրամ աշխատավարձով։ Ինչքան համոզեցի, 180 հազար դրամով չհամաձայնեց աշխատել։

- Դուք ի՞նչ հարաբերություններ ունեք Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հետ։ Ասում են՝ այնքան սերտ են ձեր հարաբերությունները, որ միայն իրեն պատկանող «օբյեկտում» եք ընդմիջումներ անում։

- Ես շատ լավ հարաբերությունների մեջ եմ թե՛ մեր աշխատակազմի բոլոր մարդկանց հետ, թե՛ համայնքի ղեկավարների հետ, թե՛ իմ գործընկերների հետ, հակառակորդներ, թշնամիներ, վատ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ չունեմ, որովհետև մթնոլորտը պետք է միանշանակ լավը լինի, թե՛ մարզպետարանի շենքում , թե՛ մարզում։  Պարոն Շահվերդյանը սննդի օբյեկտ ունի,  թե չէ, անկեղծ եմ ասում, ես դրա մասին չգիտեմ։ Որ ասեմ՝ ինչ-որ մի տեղ հաց ուտելու ժամանակ լինում է, հաստատ չի լինում, կարող է ամսվա մեջ 1-2 անգամ կիսաաշխատանքային մթնոլորտում, բայց տարբեր մարդկանց հետ է լինում։ Ես ընդմիջում անելու ժամանակ չեմ ունենում, ընդմիջում չեմ անում, հաց չեմ ուտում։

-  Գրել են նաեւ, որ Դուք «Գրանդ Քենդի»-ի «Պանդա» կոնֆետների մեծ սիրահար եք։ Մարզպետարանի դիմացի խանութից գնում եք այդ կոնֆետները, իսկ կտրոններն ուղարկում եք մարզպետարանի հաշվապահություն, այսինքն՝ համայնքի բյուջեի հաշվին եք կոնֆետ ուտում։

- Ես «Գրանդ Քենդի»-ի «Պանդա» կոնֆետների մեծ սիրահար չեմ, երբևիցե դիմացի խանութից ոչ միայն «Գրանդ Քենդի»-ի «Պանդա», այլև այլ կոնֆետ գնած չկամ։ Կարող եք մտնել դիմացի խանութ և հարցնել։ Եթե ես ցանկանայի կոնֆետ գնել, իմ անձնական միջոցներով կգնեի, բայց քաղցր գրեթե չեմ օգտագործում։