Եթե այդպես է, ես արցախցի չեմ

Եթե այդպես է, ես արցախցի չեմ

Ֆեյսբուքաարցախահայությունը շարունակում է դատափետել Ռուբեն Հախվերդյանին: Եվ տպավորություն է ստեղծվում, թե դա ինչ-որ տեղից ուղղորդված հակաքարոզչություն է, որ, կարելի է վստահաբար ասել, անցնում է պարկեշտության եւ ողջախոհության սահմանները: Արվում են գրեթե նույնաբովանդակ գրառումներ առ այն, որ արցախահայությունը հայի ամենազտարյուն տեսակն է, ամենահերոսը: Մեկը Ռուբեն Հախվերդյանին խորհուրդ է տալիս չմոռանալ, որ Սարդարապատում Հայաստանը փրկել եւ պետականության հիմքերը դրել է ղարաբաղցիների մահապարտների գունդը՝ Դանիել -բեկ Փիրումյանի առաջնորդությամբ: Այս սնապարծությունն արդեն վտանգավոր է, որովհետեւ ենթատեքստն այն է, որ Հայաստանի գոյությունը եւ նրա հետագա զորացումը պայմանավորված են արցախցիների բացառիկ դերակատարությամբ: Եթե այս ընկալումը մոտ է իրականությանը, ապա ես արցախցի չեմ, քանի որ չեմ կիսում ոչ մի բարձրագոչ հայտարարություն, դեմ եմ զգացմունքայնությանը եւ խորապես համոզված եմ, որ հայության աղը բոլորովին էլ Արցախը չէ:

Անթույլատրելի է գեներացնել, մանավանդ, որ Հայաստանի անկախության համար պետք է պարտական լինել արցախահայության զարթոնքին, որը, իբր, սկիզբ է դրել համազգային վերածննդին: Իրականում հայությունն է սնուցել Արցախյան շարժումը, թիկունք կանգնել, ոգեշնչել: Չլինեին երեւանյան կես միլիոնանոց հուժկու հանրահավաքները, Մոսկվան խեղդելու էր արցախցիների ընդվզումը: Չսկզբնավորվեր համահայաստանյան կամավորական շարժումը, Հայաստանի իշխանությունները տեր չկանգնեին, Ադրբեջանը խժռելու էր արցախահայությանը, բռնատեղահանելու էր, տիրանալու էր տարածքին, եւ հարցը մեկընդմիշտ փակվելու էր: Այս ճշմարտությանը պետք է հասու անել կյանք մտնող պատանիներին եւ աղջիկներին, ոչ թե սնամեջ ճոռոմախոսություն անել արցախյան տեսակի բացառիկության եւ նրա հանդեպ համազգային խոնարհումի անհրաժեշտության մասին:

Ի վերջո, Արցախը մասն է Հայաստանի: Անկախ Հայաստանն է Արցախի ֆիզիկական գոյության երաշխավորը՝ թե՛ գործնականում, թե՛ առհասարակ: Որովհետեւ առանց Հայաստանի Արցախը կա՛մ պիտի ենթարկվի, կա՛մ գլխովին ջախջախվի: Հնարավոր է՝ Ռուբեն Հախվերդյանը ձեւակերպումներ անելիս կորցրել է չափի զգացումը: Բանավիճողը թող բանավիճի նրա հետ, ոչ թե Հայաստանի, բոլոր հայաստանցիների: Խնդիրն այդ դիտանկյունից տեսնել՝ նշանակում է կորցնել իրականության զգացողությունը, թող թույլ տրվի ասել՝ թքել այն աղբյուրակում, որից ջուր ես խմում: Եթե այդպես է, ես արցախցի չեմ: Ես Ռուբեն Հախվերդյան եմ: