Ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը Նիկոլ Փաշինյա՞նն է  

Ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրը Նիկոլ Փաշինյա՞նն է   

Երեկ երեկոյան «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության վարչությունը նիստ է հրավիրել, որի ժամանակ քննարկել եւ որոշել են, թե ովքեր են ԱԺ ղեկավար պաշտոնները զբաղեցնելու «Իմ քայլի» պատգամավորության ցանկից։ Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ այն, ինչ ՔՊ-ն որոշել է մի քանի ժամ անց՝ ուշ երեկոյան, ցերեկն արդեն որոշ լրատվամիջոցներ իմացել եւ գրել են։ Խոսքն Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ, Ալեն Սիմոնյանին եւ Լենա Նազարյանին՝ փոխնախագահ կարգելու մասին է։ Ընդ որում, ցերեկն արդեն ԶԼՄ-ները ստույգ նշել էին, թե ով որ պաշտոնն է զբաղեցնելու, որը չէր կարող պարզ համընկնում լինել։ 

Սա խոսում է այն մասին, որ

1. որոշումը ՔՊ-ում կայացվել է ոչ թե վերոնշյալ նիստում, այլ դրանից շատ ավելի վաղ եւ նիստն ընդամենը շիրմա է՝ դեմոկրատիայի երեւութականությունն ապահովելու համար։

2. Այդ որոշման մասին թեեւ տեղյակ են եղել սահմանափակ թվով մարդիկ՝ ենթադրաբար որոշում կայացնողները, սակայն ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել եւ տեղեկատվությունը հայտնվել է մամուլի տնօրինության տակ։ 

Թե ովքեր են ինֆորմացիայի արտահոսքի աղբյուրներն, անշուշտ, պետք է իշխող կուսակցությունը պարզի, դա մեզ քիչ է հուզում եւ դրանից մեծ ողբերգություն պետք չէ սարքել։ Առավել հետաքրքիր է այն, որ իշխող կուսակցությունում դեմոկրատիան անշեղորեն նահանջում է եւ, ըստ ամենայնի, որոշումներն այլեւս կայացնում է մեկ մարդ եւ դրանք վարչությունում քննարկելն ու քվեարկությունը շիրմա է, որի տակ կուսակցապետի կամքն է թաքնված, ով ամեն ինչին վրադիր նաեւ «գաղտնապահ» չէ։