Զբոսաշրջության կոմիտեն պետք է լինի վարչապետի ենթակայության ներքո

Զբոսաշրջության կոմիտեն պետք է լինի վարչապետի ենթակայության ներքո

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ենթակայության ներքո գործող զբոսաշրջության կոմիտեի պաշտոնը ԱԺ ընտրություններից հետո թափուր է։ Հեղափոխության ալիքից հետո կոմիտեի նախագահ նշանակված Հռիփսիմե Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր, իսկ նորանշանակ նախագահի մասին խոսք անգամ չկա։ Զբոսաշրջության նախագահի նախկին տեղակալ, այժմ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ պետք է մեծացվի զբոսաշրջության կոմիտեի դերակատարումը։ «Եթե մենք նպատակ ենք դրել ունենալու տնտեսական զգալի աճ, զբոսաշրջության դերը շատ կարեւոր է, այն ամրագրված է նաեւ կառավարության ծրագրում։ Այդ դեպքում պետք է ընդլայնվեն կոմիտեի լիազորությունները, կարգավիճակը, կարծում եմ` պետք է պահպանվի որպես կոմիտե։

Ցանկալի կլինի, որ կոմիտեն լինի վարչապետի ենթակայության ներքո՝ ավելի լայն լիազորություններով ու կազմով»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։ Հարցին, թե կհամաձայնե՞ր լինել զբոսաշրջության կոմիտեի նախագահ, Մեխակ Ապրեսյանն արձագանքեց․ «Ես դրա մասին չեմ մտածել։ Ես կարծում եմ, որ հիմա նոր մարդկանց ժամանակն է, մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք։ Տուրիզմի հայկական ֆեդերացիան նույնպես իր կարեւոր դերակատարումն ունի Հայաստանի զբոսաշրջային արդյունաբերության մեջ եւ իր գործունեությունը պատշաճ իրականացնելով՝ կաջակցի թե´ կոմիտեին, թե´ մյուս շահագրգիռ կողմերին»։