Այլ ճանապարհ չկա

Այլ ճանապարհ չկա

Lragir.am-ի ծագումով արցախցի մեկնաբանը կոչ է անում, որ Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը եւ բոլոր նրանք, որ անցյալում զբաղեցրել են պետական պաշտոն, անգլիական ձեւով հեռանան քաղաքականությունից: Նա գտնում է, որ Արցախում վերջերս ստեղծված Միացում շարժումը կարող է բերել նոր քաղաքական օրակարգ, դուրս մղել նրանց, ովքեր սովոր են խոսել քրեական ժարգոնով եւ բանդաներ պահել:

Բանդայի մասին հայտարարել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` թիրախ դարձնելով Ազատ հայրենիք կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանին: Վեջինս հակադարձել է, որ երկու տասնամյակ է` Արցախում բանդաներ չկան: Եւ թե ինչու” է հեղինակավոր համարվող լրատվամիջոցի մեկնաբանը փաստացի ակնարկում, որ Արցախում բանդաներ կան` մնում է նրա խղճին եւ պատասխանատվությանը: Բայց դա խնդրի մի կողմն է: Ավելի ինտրիգային է, որ մեկնաբանը լիովին մերժում է Արցախի քաղաքական դաշտի խաղացողներին եւ հույս տածում, որ Միացում դաշինքն է բերելու նոր օրակարգ:

Խոսքը Հայաստանին Արցախի միավորման մասին է, որը, ինչպես դիպուկ ձեւակերպել է ,,Միացում,, դաշինքի հայտարարությունն ստորագրած Հրաչյա Արզումանյանը` տեւական գործընթաց է եւ չի կարող ավարտվել մեկ ստորագրությամբ: Այս ակնհայտ իրողությունը պետք է որ հասկանալի լինի նաեւ Lragir.am-ի մեկնաբանին:

Պարզ է, որ ամեն դեպքում 2020թ.-ին Արցախում պետք է տեղի ունենան նախագահի եւ խորհրդարանի ընտրություններ: Նախագահի հավանական թեկնածուների շրջանակը հայտնի է: Եւ եթե մեկնաբանը Սամվել Բաբայանին, Արայիկ Հարությունյանին, Վիտալի Բալասանյանին հորդորում է հեռանալ քաղաքականությունից, ապա հարց է ծագում` իսկ ու”մ է ինքը տեսնում Արցախի նախագահի պաշտոնում:

Միացում, դաշինքի մաս կազմող կուսակցությունները հազիվ թե նախագահական մրցապայքարին ինքնուրույն մասնակցելու հնարավորություն ունեն: Բացառված չէ, սակայն, որ նրանք ոչ կուսակցական թեկնածու առաջադրեն, որի ինքնությունն առայժմ չի հրապարակվում: Դա իրենց իրավունքն է: Սահմանադրությունը որեւէ ուժի չի արգելում նախագահի թեկնածու առաջադրել: Բայց այդ իրավունքը հավասարապես տարածվում է բոլոր կուսակցությունների, այդ թվում եւ` Ազատ հայրենիքի վրա: Ժողովրդավար երկրում անթույլատրելի է պիտակավորել քաղաքական գործչին: Այդ իրավունքն ունի միայն ընտրողը, որ իր քվեն տալիս է մեկին` մերժելով մյուսին: Արհեստական լարվածություն ստեղծելու եւ ապոկալիպտիկ մտավարժանքներ անելու հարկ բացարձակապես չկա:

Կգա ժամանակը` կուսակցությունները կառաջադրեն իրենց թեկնածուներին: Նրանք հանդես կգան իրենց նախընտրական ծրագրով, քարոզարշավ կիրականացնեն: Եւ ով կստանա ընտրողների կողմ ձայների կեսից ավելին, նա էլ կընտրվի Արցախի նախագահ: Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրացնում է ընտրությունների եւ հանրաքվեների միջոցով: Պետք է միայն հարգել սահմանադրությունը, գործել օրինականության դաշտում: Այդ դեպքում ժողովուրդը կկատարի իր ընտրությունը, կձեւավորվի նոր իշխանություն: Այլ ճանապարհ չկա: