Կառավարությունը որոշել է «ճշգրտել» Հայաստանի բնակավայրերի միջև հեռավորությունը

Կառավարությունը որոշել է «ճշգրտել» Հայաստանի բնակավայրերի միջև հեռավորությունը

Կառավարության այսօրվա նիստում ներկայացված է մի նախագիծ, որով փոփոխություն է կատարվելու Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 898-Ն որոշման մեջ։ Նախագիծը չզեկուցվող է։ Դրանով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերը փոխհատուցելու կարգը և պայմանները, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց տրվող փոխհատուցման չափը սահմանելու N 898-Ն որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով. «Սահմանել, որ մինչև Հայաստանի Հանրապետության տարածքների միջև հեռավորությունների Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատելը սույն որոշման 1-ին կետով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդի անցկացման վայրից վերադառնալիս զինծառայողի տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության տարածքների միջև հեռավորությունների հաշվարկների համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կադաստրի Ազգային գեոպորտալի քարտեզագրման համակարգի միջոցով ստացված այդ տարածքները կապող ճանապարհների հեռավորությունների տվյալները»:

Նախագծի երկրորդ կետով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարվում է՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ճշգրտել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատել և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունները։

Թեև նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում առկա տվյալները հնացած են, թերի և որևէ իրավական հիմք չունեն, այսինքն՝ հաստատված չեն, ուստի վարչատարածքային միավորների միջև հեռավորությունները ճշգրտելու, համալրելու և սահմանված կարգով հաստատման կարիք ունեն, բայց այս անմեղ նախագծի տակ տակ կարելի է նաև հետպատերազմյան ենթատեքստ տեսնել։

Բանն այն է, որ այս իշխանությունները հայտարարել են Արդբեջանի հետ սահմանային դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնել, որի հետևանքով, բնականաբար, կփոփոխվեն մեր բնակավայրերի միջև հեռավորությունները, հնարավոր է՝ որոշ բնակավայրեր առհասարակ այլևս մերը չլինեն՝ հանձնվեն թշնամուն, և արդեն դրանց միջև հեռավորության այս պահին առկա տվյալներն այլևս կիրառելի չլինեն։ Թեև այս պահին արդեն իսկ կա նման խնդիր՝ Գորիս-Կապան մայրուղին Որոտանի հատվածում անցել է թշնամու վերահսկողության ներքո, և շուտով հնարավոր է՝ առհասարակ այդ ճանապարհը չօգտագործվի Հայաստանի քաղաքացիների կողմից, և մեր քաղաքացիները ստիպված լինեն Կապան հասնել այլ ճանապարհով՝ Աղվանիով, որը ավելի երկար է, քան Որոտանով ու Շուռնուխով անցնող ճանապարահն է։ Ուստի հիմիկվանից որոշել են այս հարցին ժամանակավոր լուծում տալ, մինչև որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը կճշգրտի Հայաստանի Հանրապետության վարչական տարածքների միջև հեռավորությունները։