«Այս պրյոմը» չի անցնի․․․

   «Այս պրյոմը» չի անցնի․․․

 

Նախորդ իշխանությունների ժամանակ էլ նույն սխալն անընդհատ արվում էր։ Մեղադրում էին բոլոր պաշտոնյաներին, բայց ոչ երկրի ղեկավարին։ Նախկինում էլ շատ է գրվել՝  պաշտոնյաները ղեկավարի զրահն են, նրա պաշտպանությունը։ Երբ կենտրոնանում են որևէ պաշտոնյայի վրա և պահանջում նրա հրաժարականը՝ դա խորքային, արմատական լուծման ձև չէ։ Կոսմետիկ փոփոխություն է։

Արայիկ Հարությունյանը կրթության քաղաքականություն իրականացնող չէ։ Կրթության քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը։ Այդ մասին ասել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

«․․․Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը․․․»

Սա շատ համարձակ հայտարարություն է, որ նախորդները չէին անում, բայց Փաշինյանն արեց։ Ինչու՞ արեց, չէ՞ որ շատերը տվյալ ոլորտի պատասխանատուի մեջ են տեսնում ոլորտի քաղաքականությունը և այդ կարուսելային լաբիրինթոսում չեն գտնում պայքարի թիրախակետը։  Շատ պարզ պատճառով։ Վարչապետը նախկին էյֆորիայի մեջ է և նրան թվում է՝ եթե ասի ես եմ այս բանն ասում, մարդիկ հլու հնազանդ, առանց ծպտուն հանելու իրեն կլսեն, "կանցնեն բները"։

Այս հարցում վարչապետն իր մոտեցումը պիտի փոխի, որովհետև իրականության հետ աղերս չունեցող ճանապարհը անդունդ  է տանում։ Վաղուց անցել են այն ժամանակները, երբ կարող էր, ասենք՝ Հայկոյի թևից բռներ ու ասեր՝ ժողովուրդ, սա է իմ ուզած թեկնածուն։

Հիմա չի անցնի «այս պրյոմը», հաստատ չի անցնի։ Եթե պարտադրվի էլ, մի այլ օջախում է բռնկվելու։

Հայտարարությունը, որ Հայաստանում կրթական քաղաքականությունը իրականացնում է կառավարությունը, պետք է, որ սթափեցնող ազդեցություն ունենա։ Մարդիկ մտածեն՝ լավ, ասենք Արայիկին փոխենք ու մի նոր Արայիկ բերենք, տարբերությունը ո՞րն է լինելու, եթե էլի կառավարության ասածը պիտի անեն։ Սրա շուրջ պիտի մտածել, որովհետև բոլոր ոլորտներում էլ նույն արայիկներն են։ Նրանք իրականացնում են կառավարության քաղաքականությունը։ Ցավալին այն է, որ կառավարությունն իշխանության եկավ բոլորովին այլ ծրագրով ու ժամանակն է հասկանալու, թե ինչ ծրագրով ենք առաջ գնալու։