Մրցակցություն «ամենասկանդալային մարզպետ» կոչման համար

Մրցակցություն «ամենասկանդալային մարզպետ» կոչման համար

Լոռվա մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հետեւողականորեն հավակնում է զբաղեցնել Գարիկ Սարգսյանին պատկանող «ամենասկանդալային մարզպետ» տիտղոսը։ Նա ոչ միայն ինքապարգեւատրման հրաման է արձակել օրերս, եւ պարգեւատրվածների ցանկում ամենաբարձր գումար ստացած աշխատողն է, չնայած մարզպետարանից լուրեր ենք ստանում, որ «աշխատանք» բառը նրա պարագայում խիստ չափազանցված է, այլեւ սեփական բիզնեսն է ծաղկեցնում։ Լոռվա մարզում բոլորը գիտեն, որ Վանաձորի Տիգրան մեծ փողոցի վրա նա նոր ատամնաբուժարան է կառուցում։ Բացի այդ, նա մեծ եռանդով փոխում է մարզային պաշտոնյաներին եւ քիչ թե շատ նշանակալի պաշտոններում նշանակում է իր մերձավորներին, բարեկամներին։ 

Մեզ ուշագրավ պատմություն ներկայացրեցին Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի արդեն նախկին տնօրեն Ագնեսա Շահնազարյանին հանելու հետ կապված։ Մեզ պատմեցին, որ Թատերական գործիչների օրվա կապակցությամբ թատրոնում նշել են այդ օրը եւ թատրոն են հրավիրել ինչպես գործող մարզպետին, այնպես էլ նախկին մարզպետին, Լոռվա թեմի առաջնորդին, տարբեր պաշտոնյաների եւ մտավորականների։ 

Լոռվա գործող մարզպետ Անդրեյ Ղուկասյանը փոքր ինչ ուշացումով է գնացել թատրոն եւ երբ տեսել է, որ իր համար տեղ են պահել թեմի առաջնորդի կողքին, բայց նրա մյուս կողքին նստած է նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, գնացել դահլիճում ուրիշ տեղ է նստել։ Հիշեցնենք, որ նա Արթուր Նալբանդյանին մեղադրել էր զինծառայողի ընտանիքին հասանելիք 50 հազար դրամից 20 հազարը յուրացնելու մեջ, ինչին շատ կոշտ արձագանքել էր նախկին մարզպետը։ 

Երբ միջոցառումը սկսվել է հանդիսավարը հրապարակավ շնորհակալություն է հայտնել գործող մարզպետին, ապա հիշատակել է նախկին մարզպետի անունը, ով նույնպես ժամանակին աջակցել է թատրոնին։ Եւ դահլիճը, որ որեւէ կերպ չի արձագանքել Անդրեյ Ղուկասյան անունը լսելով, բուռն ծափահարություններով ողջունել է Արթուր Նալբանդյանի անվան հիշատակումը, ինչից Ղուկասյանը խիստ զայրացել է։ Լոռվա ժողովրդական բանահյուսությունն ասում է, որ այդ ծափերը վճռորոշ դեր են խաղացել Ագնեսա Շահնազարյանին ազատելու հարցում։ Թեեւ հնարավոր է, որ դերակատարում է ունեցել նաեւ նրա՝ Վահե Շահվերդյանի հովանավորյալը եւ Սունդուկյանի թատրոնի երկարամյա փոխտնօրեն Նելլի Շահնազարյանի դուստրը լինելու հանգամանքը։