Առաջին հիասթափությունը

Առաջին հիասթափությունը

Եվ այսպես մենք արդեն ունենք նոր օրենսդիր մարմին, որը պառլամենտական կառավարում ունեցող երկրում գլխավոր քաղաքական մարմինն է, եւ որի ուսերին է կենտրոնացած երկրի համար կարեւոր որոշումների կայացման հիմնական բեռը։

Շատերը կարծում են, որ, դատելով խորհրդարանի կազմից, մենք լավատեսության ոչ մի հիմք չունենք։ Չնայած նիստերին նախորդած շրջանում անցկացված «թրեյնինգներին», պարզվեց՝ ԱԺ պատգամավորների մեծ մասն անգամ գրանցվելու ձեւը չի կարողացել յուրացնել՝ 132 պատգամավորից միայն 100-ն է կարողացել «առաջին մոտեցումից» ճիշտ իրականացնել այդ պարզ գործողությունը։ Առաջին հայացքից, իհարկե, մեծ ողբերգություն չէ, սակայն սա արդեն իսկ խոսում է այս կարեւոր կառույցում հավաքված անձանց ընկալունակության, ընդունակությունների մասին։

Իսկ եթե սրան գումարենք նաեւ առաջին օրվա ելույթներն ու բանավեճերը, որոնք համեմված էին զավեշտալի դրվագներով եւ քծնանքով, պատկերն առավել հիասթափեցնող կլինի։ Հեղափոխական երիտասարդները գերազանցեցին ժամանակին Սերժ Սարգսյանի եւ ԱԺ-ում ներկայացված ցանկացած պաշտոնի թեկնածուի հասցեին հնչած տգեղ ու չափազանցված դիֆերամբները՝ կարծես ապացուցելով, որ իշխանությունը երբեք լավը չի լինում։ Դա մի ախտ է, վտանգավոր վիրուս, որով վարակվողները կորցնում են իրականության զգացումը, օբյեկտիվությունը, մտածելու ունակությունը, դառնում հակաժողովրդական, կեղծ, վտանգավոր։ Երեկ մի տխուր եզրահանգում էլ կարելի էր անել մեր տեսած-լսածից․ մենք փոխեցինք իշխանությունը եւ իսպառ զրկվեցինք ընդդիմությունից։

Այս մթնոլորտում ձեւով՝ ընդդիմադիր, բնույթով՝ իշխանամետ ուժերն առավելապես միմյանց դեմ են պայքարելու, քան իշխանության։ Եվ մեր՝ լրագրողներիս վրա թողնելով ընդդիմության դերակատարումը, ինչը բոլորովին մեր սրտով չէ։