Այն, ինչ փոխարինում է քաղաքականությանը

Այն, ինչ փոխարինում է քաղաքականությանը

«Սահմանադրական դատարանի դատավորը քաղաքականությամբ չի զբաղվում. ՍԴ-ն քաղաքական մարմին չէ, եւ ինձնից քաղաքական պատասխան ակնկալելը ճիշտ չէ»,- ՀՀ Ազգային ժողովի ապրիլի 16-ի  նիստում ՍԴ անդամի արդեն նախկին թեկնածու Գոռ Հովհաննիսյանն այսպես պատասխանեց «հին Հայաստանի» քաղաքական իրողություններին քաղաքական գնահատական տալու հարց-պահանջներին: 

«Դուք կարող եք քաղաքականությամբ չզբաղվել, միեւնույն է, քաղաքականությունը զբաղվում է ձեզնով»,- քաղաքականության մասին ամենադիպուկ եւ հայտնի այս միտքը՝ 19-րդ դարի ֆրանսիացի քաղաքական գործիչ Շարլ Մոնտալամբերի ձեւակերպմամբ, այս շաբաթ Հայաստանում մեկ անգամ եւս ապացուցեց իր ճշգրտությունը: 

Քաղաքականությունը (կամ այն, ինչ Հայաստանում փոխարինում է քաղաքականությանը) այս շաբաթ անխնա «զբաղվեց» երկու անձերով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանով եւ նրա կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Գոռ Հովհաննիսյանով: Հանգամանքների բերումով նրանք երկուսն էլ իրենց կյանքի մի մասն ապրել են արտերկրում՝ բարձրանալով մասնագիտական աստիճաններով, ձեռք բերելով անձնական եւ հասարակական հարաբերությունների այլ պատկերացումներ եւ անտեղյակ մնալով հայկական միջավայրի արատավոր բարքերին եւ հարաբերություններին: Արմեն Սարգսյանը Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրելիս, հավանաբար, նրա մեջ տեսել է իրեն եւ նույն ձգտումները՝ փոխել Հայաստանը եւ հայկական միջավայրը՝ դրանք ավելի եվրոպականացնելով: Սակայն եվրոպական տոլերանտությունը երեկ Հայաստանի խորհրդարանում բախվեց կառավարող «Իմ քայլը» խմբակցության պատանեկան ագրեսիային: 

ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխ համարվող, թեպետ իրավազուրկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համառորեն հրաժարվում է զբաղվել քաղաքականությամբ, իսկ Բեռլինի Հումբոլտի համալսարանի դոկտոր Գոռ Հովհաննիսյանը հետեւողականորեն հրաժարվում էր քաղաքական գնահատականներ տալ «Իմ քայլը» խմբակցության հարցադրումներին: Սակայն ԱԺ ապրիլի 16-ի նիստում քաղաքականության աքցանը ճզմեց նրանց երկուսին էլ: Իհարկե, այն, ինչով զբաղվում է «Իմ քայլը» խմբակցությունը, քաղաքականության հետ նույնքան կապ ունի, որքան հյուսիսը՝ հարավի, եւ քաղաքականության մասին նրանց պատկերացումների սնանկությունն ավելի է ընդգծվում այդ խմբակցության մարտնչող անգիտությամբ եւ հորդացող ագրեսիայով: 
Ազգային ժողովը քվեարկությամբ՝ 75 «դեմ» եւ 24 «կողմ», մերժեց Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ՍԴ անդամի պաշտոնում: Նման ելքը կանխորոշված էր ի սկզբանե: Այս պատմության հետքերը թերեւս տանում են դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենք՝ այնտեղ տեղավորված տեր եւ տիկ. Փաշինյանները, ովքեր ՍԴ դատավորի պաշտոնը նախատեսել էին ՍԴ դատավորի նախկին թեկնածու, փաստաբան Վահե Գրիգորյանի համար, որը Նիկոլ Փաշինյանի ազատազրկման ընթացքում մեծապես աջակցել է այդ ընտանիքին: 
Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը պետք է մերժվեր նաեւ այլ պատճառներով: Արմեն Սարգսյանը մերժեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ նրա կրկնակի առաջադրման համար սահմանադրական արգելք եւ քաղաքական հանգամանքներ տեսնելով: Իսկ Գոռ Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը ոչ միայն Արմեն Սարգսյանի սահմանադրական իրավասություններից բխող պարտականություն էր, այլեւ նրա անձնական ընտրությունը՝ առաջադրել մեկին, որը կապված չէ նախկինների եւ ներկաների հետ: 

Սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ՀՀ նախագահի այս իրավասության եւ ընտրության հետ չհաշտվեց: Փաշինյանն իշխանությունը չի կիսում անգամ իր թիմակիցների հետ, իսկ Հովհաննիսյանի թեկնածության առաջադրումը եւ նրա ընտրությունը կարող էր ազդել հանրային ընկալումների վրա, ուր Արմեն Սարգսյանը համարվում է Նիկոլի հիմնական եւ հանրության համար նախընտրելի այլընտրանքը: Հովհաննիսյանի ընտրությունը Փաշինյանն ընկալում էր որպես անձնական պարտություն, իսկ հանրությունը կարող էր ընկալել որպես Արմեն Սարգսյանի հաղթանակ: Անգամ քաղաքականությամբ չզբաղվող Ա. Սարգսյանը շարունակում է մնալ Նիկոլի իշխանության առայժմ միակ վտանգը, իսկ Փաշինյանն իր նախորդի՝ Սերժ Սարգսյանի պես բոլոր բջիջներով զգում է իր իշխանության վտանգները՝ փորձելով չեզոքացնել դրանք: 
Բացի այդ: «Քաղաքացիական պայմանագրի» (իմա՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության) պատգամավորների համար Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունն անընդունելի էր նաեւ վերջինիս անուրանալի պրոֆեսիոնալիզմի, անկախության, ինքնուրույնության եւ արդարամտության համար. հատկություններ, որոնց նախապատվություն տալը ՔՊ-ի համար նույնն է, ինչ կամավոր անցնել դժոխքի ճանապարհով:

Մարտնչող անգիտության, տարբեր ոլորտներում պրոֆեսիոնալիզմի բացակայության պայմաններում հանդես եկող, Փաշինյանի եւ ԱԱԾ-ի հրահանգներով առաջնորդվող իմքայլականների համար այս հատկությունները վերստին ի ցույց կդնեին նրանց անտեղյակությունը պետական կառավարումից, քաղաքականությունից, իրավունքի գերակայությունից: Նրանց համար սա նույնն է, ինչ դժոխքի քուրայում այրվելը: Եվ երկու օր առաջ խորհրդարանում «Իմ քայլի» պատգամավորները Գոռ Հովհաննիսյանին հրեցին մերժման քուրան: 

Երիտասարդ հեղափոխականները եւ նրանց ուղեկից անդամները, որոնք կարդացել էին ոչ թե Գոռ Հովհաննիսյանի գիտական հոդվածները Հայաստանում սահմանադրական արդարադատության խեղումների մասին, այլ ուսումնասիրել էին վերջինիս ֆեյսբուքյան գրառումները, որոնք չէին լսել հանրության դիմադրության իրավունքի մասին Հովհաննիսյանի առցանց դասախոսությունը դեռեւս 2016թ., ՔՊ-ական պատգամավորներն ապրիլի 16-ի ԱԺ նիստում Հովհաննիսյանից քաղաքական գնահատականներ էին պահանջում՝ պարտադրելով կրկնել իրենց գնահատականները եւ վերցնել «սեւերի եւ սպիտակների» իրենց ջահը: 

Եվ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիտարկումը, ըստ որի՝ «մենք ուզում ենք Գոռ Հովհաննիսյանի մեջ տեսնել մեր համախոհին, ուզում ենք, որ նա ասի այն, ինչ մենք ենք ուզում լսել», թեպետ ճիշտ է, սակայն մեղմ է: ՔՊ-ն չի կարող համախոհներ ունենալ, քանի որ չունի քաղաքական հայացքներ եւ համոզմունքներ, իսկ ապագաղափարականությունը համախոհներ կա՛մ չի ունենում, կա՛մ ինքնաբացահայտվելով՝ կորցնում է նրանց:

Իրականում ապրիլի 16-ի ԱԺ նիստում իրականացավ հերթական հավատաքննությունը ՔՊ-ական ձեւով: Այն, ինչ Հայաստանում փոխարինում է քաղաքականությանը, նույնանում է հավատաքննության հետ:

Արմեն Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածուի քվեարկությանը նախորդած շաբաթվա ընթացքում հանդիպել էր ԼՀԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներին՝ թերեւս Գոռ Հովհաննիսյանի թեկնածության աջակցությունն ակնկալելով: Քաղաքականությամբ զբաղվելու ՀՀ նախագահի այս կարճ փորձը ձախողվեց: Արմեն Սարգսյանը ստիպված կլինի քաղաքականությամբ զբաղվելու այլ ուղիներ փնտրել, հակառակ դեպքում հայաստանյան կոշտ քաղաքականությունը կճզմի նրան:
Իսկ Գոռ Հովհաննիսյանը թերեւս կշարունակի աջակցել գերմանական իրավունքին եւ արդարադատությանը՝ մինչեւ ՀՀ հաջորդ իշխանություն: