Ակնկալվում է 30 հազար առաջին դասարանցու ընդունելություն

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը մեկնարկել է մայիսի 5-ից՝ երեխայի եւ ծնողի տվյալների հավաստիության եւ համապատասխանության ստուգմամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հայտագրումն ըստ փուլերի. հունիսի 9-ից հայտագրումը hayt.emis.am կայքում բաց կլինի որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար եւ կտեւի մինչեւ հունիսի 22-ը ներառյալ։ Արտոնություն է դիտարկվում, եթե հայտագրվող երեխայի քույրը կամ եղբայրը սովորում են նույն դպրոցում, երեխայի ծնողը տվյալ դպրոցի աշխատակից է, ՀՀ պետական համակարգի աշխատող է, որն աշխատանքային պարտականության կատարմամբ պայմանավորված՝ ՀՀ տարածքում ներքին գործուղման հետեւանքով առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր է տեղափոխվել:
Երկրորդ փուլում՝ հունիսի 24-ից, առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կիրականացվի ընդհանուր հիմունքներով hayt.emis.am կայքում՝ հայերենով ուսուցում իրականացնող դպրոցների բոլոր առաջին դասարանցիների ընդունելության համար։ Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրում կիրականացվի haytru.emis.am կայքում՝ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորելու համար:
Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ այս տարի առաջին անգամ գործելու է համապատասխան կարգավորումը, որի համաձայն՝ 6 տարեկանից մեծ երեխան պետք է հաճախի իր տարիքին համապատասխան դասարան: «Մենք բազմաթիվ ծնողներից ահազանգեր ունենք, որ իրենց երեխայի տվյալները ստուգման հարթակում չեն հայտնաբերվում, քանի որ երեխան 6 տարեկանից մեծ է: Ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվանից ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն իսկ հայտարարվել էր, որ 2025-26 ուստարվանից երեխաները սովորելու են իրենց համապատասխան տարիքային խմբերում եւ դասարաններում: Բացառություն կկազմեն միայն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն մտավոր զարգացման խնդիրներ՝ հատկապես ծանր եւ խորը արտահայտված»,- ասել է Ա. Սվաջյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ երեխայի ընդունելությունը դպրոց կատարվում է ամբողջ տարվա ընթացքում. հայտագրումը երբեւէ չի փակվում: Այս տարի եւս ակնկալվում է 30 հազար առաջին դասարանցիների ընդունելություն:
Կարծիքներ