6 տարի է իրավական համակարգն ամբողջությամբ իրենցն է՝ որեւէ մեկին մեղադրանք առաջադրվե՞ց
2008-ի մարտի 1-ի արյունալի դեպքերից անցավ 16 տարի, իշխանական վերնախավը հարգանքի տուրք մատուցեց զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ։ Խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ մարտի 1-ի բոլոր դերակատարները հայտնի են, ցանկացածին հարցնենք՝ կասի։
«Մարտի 1-ի երեւույթն ուղղված էր քաղաքացու, պետության եւ պետականության դեմ, ինչը դատապարտելի եւ անթույլատրելի է։ Անմեղ զոհեր եղան փողոցում, եւ ես իրապես դատապարտում եմ տեղի ունեցածը։ Միանշանակ բոլոր դերակատարներն էլ հայտնի են, փողոցում հարցրեք քաղաքացիներին՝ բոլորն էլ կասեն։ Խաղաղ ցուցարարների վրա ճշնումներ եւ բիրտ ուժ է կիրառվել, բանակն են հանել մարդկանց դեմ, իմ աչքով եմ տեսել։ Սա ենք նկատի ունեցել, երբ ասել ենք՝ մարտի 1-ը բացահայտված է, այսինքն՝ բոլորիս աչքի առաջ է տեղի ունեցել»,-նշեց Արշակյանը։
Դատաիրավական պրոցեսներին անդրադառնալիս, Արշակյանը հիշեցրեց, որ ինքը գլխավոր դատախազին ժամանակին հարց է տվել՝ մեղավորներին բացահայտելու եւ պատժի ենթարկելու վերաբերյալ, իշխող ուժը դեռ սպասում է Աննա Վարդապետյանի գործողություններին։
Զուգահեռներ անցկացնելով կառավարության շենքի առաջ անցած տարվա սեպտեմբերին` Արցախի հայաթափման օրերին տեղի ունեցած բախումների հետ, երբ ոստիկանները ոչ միայն բիրտ ուժ կիրառեցին ցուցարարների վրա, այլ նաեւ լուսաձայնային նռնակներ նետեցին, քաղաքացիական անձինք վիրավորվեցին, Հակոբ Արշակյանից խնդրեցինք մեկնաբանել՝ խաղաղ անհնազանդության ակցիա անող քաղաքացիների իրավապահները հատուկ միջոցներ կիրառել են նաեւ իրենց իշխանության շրջանում, իսկ եթե զոհեր լինեի՞ն, ՔՊ-ական պատգամավորն ասաց․ «Եկեք տարբերենք մեկը մյուսից։ Տարբերությունն այն է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրությունը մի բան է, շենքեր գրավող, պատուհաններ ու դռներ կոտրող, երեւեկության մեջ գտնվող անձանց մեքենաները կոտրող, ոստիկանների վրա քարերով ու մուրճերով հարձակվող անձինք այլ են»։
Իսկ արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը շեշտում է՝ այդ դեպքերն իսկապես անհամեմատելի են, բայց հակառակ իմաստով։ «Մարտի 1-ին բոլորս հիշում ենք Նիկոլ Փաշինյան կոչված սուբյեկտի հոգին ոնց էր փառավորվում, որ ոստիկաններից մահակներ էին խլում, ոստիկանական մեքենաներ էին այրում։ Նրա կոչերը հիշեք, ասում էր՝ «վերցրեք ձողեր, քարեր, բարիկադներ ստեղծեք»։ Ոստիկանների վրա էին հարձակվել ոհմակով ու ջարդում էին, տեսանյութերը կան։ Իսկ այս սեպտեմբերյան դեպքերի ժամանակ ժողովուրդը խաղաղ ցույց էր անում, կոչեր էին հնչեցնում, որեւէ ագրեսիվ վարքագիծ չի եղել։ Բայց նրանց վախն այնքան մեծ էր՝ իրենց գործած հանցագործության համար պատասխան տալու, որ կիրառեցին ոչ համաչափ մեթոդներ»,-կարծում է Պետրոսյանը։
Վերջինս իբրեւ իրավաբան նկատում է՝ հացագործությունը բացահայտված է համարվում այն դեպքում, երբ անձինք ենթարկվում են պատժի։ «Երբ Նիկոլ Փաշինյանը բերանը փրփուրոտ բացականչում է, թե մարտի 1-ը բացահայտված է, ինչո՞վ է բացահայտված։ Եթե իշխանությունն ուզում է ասել, որ զենք են կիրառել ժողովրդի վրա, ապա 6 տարի է իրավական համակարգն ամբողջությամբ իրենցն է՝ քննչականը, ոստիկանությունը, օպերատիվ բլոկը, նույնիսկ գլխավոր դատախազ փոխվեց` այս աղջնակը նշանակվեց, հայտարարեց, որ այդ գործն իր անմիջական հսկողության ներքո է, որեւէ մեկին մեղադրանք առաջադրվե՞ց։ Ոստիկանության աշխատակիցներից Գեղամ Պետրոսյանը 6 ամիս կալանքի մեջ էր՝ իբրեւ ինքն իր սեփական ատրճանակով կրակել է, որի հետեւանքով ինչ-որ մեկը մահացել էր։ Մարդուն 5-6 ամիս կալանքի տակ պահեցին, հետո արդարացման հիմքով ազատեցին»,-նշեց Պետրոսյանը։
Ամփոփելով ասելիքը՝ գեներալ-մայորը նկատում է. ամբողջ գործիքակազմն իրենց ձեռքին է, միայն ասում են՝ հասարակությունը գիտի, որ բացահայտված է։ «Ոչ հասարակությունը գիտի, որ բացահայտված չէ, քանի որ մարտի 1-ը կազմակերպողները, ժողովրդին փողոց դուրս բերողը, հետո ժողովրդի թիկունքում թաքնվողը պատժված չէ։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կարող է բերել կրակի բերան, հրահրել, որից հետո դիմել փախուստի։ Հետեւաբար մարտի 1-ի բացահայտումը տեղի կունենա, այս ստահակներին վռնդելուց հետո»,-ընդգծեց նա։
Կարծիքներ