Տարոնիկցիները հաշվետվություն են պահանջում

Տարոնիկցիները հաշվետվություն են պահանջում

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի բնակիչները մարզպետարանում էին՝ համայնքապետ Արմեն Խլղաթյանի թույլ տված չարաշահումները մարզպետին ներկայացնելու համար: Գյուղացիներին զայրացրել է, որ նոր Հայաստանում մարդիկ շարունակում են աշխատել հին մեթոդներով եւ օրենքները շրջանցելով:

Նրանց խոսքով՝ գյուղապետը Տարոնիկի չգործող մանկապարտեզում աշխատողներ է պահում եւ աշխատավարձ դուրս գրում: «2014 թվականից մանկապարտեզը փակվել է, բայց 11 հոգի աշխատող կա: Մանկապարտեզի վարիչ, երեք դաստիարակ, դաստիարակի երկու օգնական, խոհարար, երաժիշտ, հաշվապահ, գանձապահ, տնտեսվար»,- ասաց Սեւակ Առաքելյանը:

Ըստ նրա՝ փակված մանկապարտեզի վիրտուալ աշխատակազմի համար գյուղապետ Խլղաթյանը 5 տարի շարունակ տեղական բյուջեից գումարներ է դուրս գրել ու յուրացրել: «Տարեկան՝ մոտավորապես 10 մլն դրամ»:

Տարոնիկցիների ասելով՝ նույն պատկերն է նաեւ գյուղապետարանում: Ճիշտ է՝ այստեղ իրական աշխատակազմ կա, բայց դրա թիվն ու հաստիքացուցակն ընդհանուր եզր չունեն: «Գյուղապետարանի աշխատողների աշխատավարձը տարեկան 20 մլն դրամ է, բայց հաշվետվություններում 24 մլն է երեւում: Աշխատողներն էլ մերձավորներն են՝ կինը, զոքանչը, աները…»:

Գյուղացիները վստահ են, որ Արմեն Խլղաթյանը չարաշահումներ է թույլ տալիս նաեւ մշակույթի ոլորտում: ««Մշակույթ, կրոն» հոդվածի տակ տարեկան 10 մլն դրամ է դուրս գրում, բայց ո՛չ մշակույթի տուն ունենք, ո՛չ էլ մշակութային կյանք»:

Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնող տարոնիկցիներն Արմեն Խլղաթյանից հաշվետվություն են պահանջում. ընդհանուր հաշվով ինչքա՞ն է կազմում իրենցից հափշտակած գումարը, եւ չի՞ պատրաստվում արդյոք տարածը վերադարձնել բյուջե: