Այս երկիրը ոչ մի տեղ չի գնում

Այս երկիրը ոչ մի տեղ չի գնում

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քաղաքական վարքագծին ուշադիր հետեւողը հազիվ թե նկատած չլինի, թե ինչպես դեմքը փրկելու, իսկ ավելի ստույգ՝ դեմք ձեռք բերելու ճանապարհին նա բանեցնում է նույն գործելաոճը, ինչ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս նման՝ այս խմբակցությունն էլ  ստեպ-ստեպ լրատվադաշտ է նետում ինտրիգային ինչ-որ նորություն (Նիկոլի դեպքում դա կարող է ընտանեկան որեւէ լուսանկար էլ լինել), եւ, ահա, հանրության առնվազն պողոսական հատվածը զբաղված է լուր-խաբկանքի հա-ն ու չէ-ն քննարկելով, իսկ իրենք ձեռք են բերում քաղաքական սուբյեկտի կարգավիճակ։

«Իմ քայլը», ահավասիկ, շաբաթներ շարունակ վառ պահեց Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ինտրիգը՝ մինչեւ վերջին պահն էլ հանրությանը համոզելով, թե թեկնածու երեք դատավորների վերաբերյալ խմբակցության ներսում ուժեղ տարակարծություններ կան, սուր բանավեճեր են ընթանում, խմբակցությունը բաժանվել է թեւերի, նույնիսկ հակառակորդ խմբեր են գոյացել։ Ինքնուրույնության, անկախության, քաղաքական այլակարծության վերաբերյալ տեղեկություններ էին, որ «արտահոսում» էին խմբակցությունից, նույնիսկ իշխանությանն ընդդիմանալու ցույցեր էին բեմադրվում՝ ելույթների, հարցազրույցների տեսքով, եւ այդ ամենը կազմակերպված էր այնպես վարպետորեն, որ խաբվածի դերում էր երբեմն հայտնվում նույնիսկ․․․ մամուլը։ Համենայնդեպս, վերջինիս կարողանում էին օգտագործել իբրեւ իրենց նախաձեռնած՝ իշխանության թեկնածուներին ընդդիմանալու «հերոսապատումի» զարմացած տարեգիր։ Այդ ամբողջ կեղծիքի նպատակը «Իմ քայլ»-ից «քայլելուց» առաջ ինքնուրույն մտածող եւ սեփական որոշումները կայացնող քաղաքական թիմի պատրանք ստեղծելն էր։ Բայց այդ պատրանքը տեւեց ընդամենը մինչեւ ճակատագրական պահը՝ որոշում ընդունելու օրը, որից հետո պարզվեց, որ անկախ իմքայլականները մի մարդու պես (կամ՝ մի Նիկոլի պես) դրել ու անցկացրել են երեք թեկնածուին էլ։

Բայց քանի որ իմքայլականները շարունակում են ամենանվաստ պատկերացումն ունենալ պողոսական հատվածի գիտակցության ու քաղաքական հասունության մասին, «ՍԴ դատավորներ» անվանված քստմնելի թատրոնը դեռ հորով-մորով չարած՝ ձեռնամուխ են եղել մեկ այլ թատրոնի բեմականացման աշխատանքներին․ հիմա էլ խմբակցության անկախության թատրոն են փորձում խաղալ բազմաչարչար ԿԳՄՍ նախարարի գլխին՝ նույնիսկ գլուխն «ուտելու» վճռականությամբ եւ դրա վերաբերյալ տեղեկություների «արտահոսք» կազմակերպելով։ Ի՜նչ է պարզվում․ «Իմ քայլ»-ում նախարարի դեմ ոչ միայն ուժեղ ընդդիմություն կա, այլ նաեւ դրան միացել են խմբակցության ղեկավարն ու քարտուղարը։ Դե, Մխիթար Հայրապետյանի մասին էլ չենք խոսում։ Պատկերացնո՞ւմ եք, վարչապետ Ն․ Փաշինյանն ընդամենը օրեր առաջ է սիրելի  նախարարի մեջքին կանգնել պաշտոնական Ֆեյսբուքում, իսկ այսօր «Իմ քայլն» ընդդիմանում է․․․ նույնիսկ վարչապետի՜ն։
Մնում է պողոսին նորից հավատացնել։ 

ՀԳ․ Այս խմբակցության անվանումն էլ զավեշտի պես է հնչում եւ նման է այն բանին, երբ մարդն իր որդու անունը Կտրիճ է դնում՝ նրանից կյանքում իսկական տղամարդ կերտելու ակնկալությամբ, բայց Կտրիճը մեծանում է որպես սովորական մի վախկոտ ու փարիսեցի։ Նիկոլ-հայրիկն էլ իր այս զավակի անունը «Իմ քայլ» է դրել, որին, սակայն, որեւէ ինքնուրույն քայլ անելու իրավունք տրված չէ։ Եվ տպավորություն կա, որ Նիկոլի «որդիները» (կամ որդեգիրները) դրան առանձնապես չեն էլ ձգտում։ Ի՜նչ «քայլ», այն էլ՝ «իմ», երբ առանց դրա խաղաղ է ու ապահով։ 
Մեկ է՝ այս երկիրը ոչ մի տեղ էլ չի գնում։