Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան

Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան

Իր լիազորություններից դուրս գործողություններ կատարելու մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի գործն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Հարություն Մանուկյանին։

Այս մասին «Հրապարակ»֊ի հետ զրույցում ասաց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը՝ նշելով, որ ծանուցագիրը նոր է ստացել, եւ առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ։

Հարցին, թե դատախազությունը մերժե՞լ է իր՝ այս գործով Վալերի Օսիպյանին եւ Նիկոլ Փաշինյանին հարցաքննելու քննիչի մերժած միջնորդությանը բողոքը, պաշտպանը նշեց, որ ենթադրում է՝ մերժել է, որովհետեւ գործն ուղարկել է դատարան։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: Երանոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում: