Հերթական «կաշառքի» փորձը՝ ՍԴ-ին

Հերթական «կաշառքի» փորձը՝ ՍԴ-ին

Կառավարությունն այսօր հերթական «կաշառքի» նախագիծն ընդունեց ՍԴ անդամների մասով՝ հավանության արժանացնելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին մասին և այն անհետաձգելի համարեց:

Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Մասնավորապես առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել  կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով: Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները:  

Նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ըստ Սահմանադրության՝ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավորման 12 տարի ժամկետ է սահմանված, նախատեսվում է, որ դատարանի նախագահը պետք է ընտրվի ՍԴ անդամների կողմից՝ վեց տարի ժամկետով և այս բոլոր դրույթները արդեն ուժի մեջ են մտնել: «Այս դրույթները ամբողջությամբ ուժի մեջ են մտել, բայց այս սահմանդարական փոփոխությունների նախատեսված դրույթները հնարավոր չի իրականացնել առնվազն մինչ 2035 թվականը: Փաստորեն, մի կողմից հեղինակները ասել են, որ երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, բայց մյուս կողմից գործողություններ են արել, որոնք մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալու այդ երազանքի Սահմանադրական դատարանը»,-ասաց նա:

Վարչապետն էլ նկատեց, որ Հայաստանում տասը տարին մեկ Սահմանադրական փոփոխությունների հարց է բարձրացվում, և եթե այդ տրամաբանությամբ գնանք, կարող  է երբևէ լինել իրավիճակ, որ փոխվեն դրույթները: «Այդ տրամաբանությամբ կստացվի, որ ՀՀ-ում ուժի մեջ սահմանադրական դրույթները չեն կիրառվում, և սա իրավակիրառ պրակտիկայի աբսուրդներից մեկն է, և այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որ այդ խնդիրը լուծվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ  այս հարցը գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել են, և այն դեռ պետք է ուղարկել Ազգային ժողով՝ քննարկման: