Դատարանը կարգելի՞ Փաշինյանին խոսել Քոչարյանի մասին մինչև քրգործի ավարտը

Դատարանը կարգելի՞ Փաշինյանին խոսել Քոչարյանի մասին մինչև քրգործի ավարտը

 ՀՀ վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից Հայլ Ալումյանի՝ հայցի ապահովում կիրառելու միջնորդության գրավոր ընթացակարգով քննարկումը։ Ինչպես «Հրապարակ»-ի հետ զրուցում հայտնեց Հայկ Ալումյանը՝ իր այդ հայցադիմումը այն մասին է, որ մինչև դատարանը կավարտի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով քաղհայցի քննարկումը, դատարանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արգելի մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 17-ին երկրորդ նախագահը հանդես էր եկել պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջով, և հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն է, որը վերաբերել է Ռոբերտ Քոչարյանին:

Հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի վերաբերյալ, որը վերաբերել էր Ռոբերտ Քոչարյանին: Այսինքն՝ այսօր քննվող գործը միայն հայցի ապահովման միջոց է, այն գործի էությունը չէ ու հայցի բովանդակային քննարկում չէ։ Հայկ Ալումյանը տեղյակ չէր, թե ինչ որոշում է ընդունել դատարանը, քանի որ գրավոր ընթացակարգը ենթադրում է քննություն՝ առանց հայցվոր ու պատասխանող կողմերի մասակցության։ 

Դատարանն առնվազն 2 անգամ արգելանք է դրել «Հրապարակի» վրա՝ արգելելով հայցերի դատաքննության ընթացքում հրապարակումներ անել, հանդես գալ խնդրո առարկա գործի վերաբերյալ։ Մեկը Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցադիմումի հետ կապված, մյուսը՝ Սեյրան Օհանյանի տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի։

Ընդ որում, մոտ մեկ տարի անց Միսակ Մարտիրոսյանը մեղադրվեց ծանր կոռուպցիոն հանցագործության մեջ եւ դատապարտվեց ազատազրկման, իսկ Սեյրան Օհանյանը՝ մեր հրապարակումներից մոտ մեկ տարի անց ազատվեց պաշտոնից։