Աստվածամոր վերափոխման տոն և խաղողօրհնեք

Աստվածամոր վերափոխման տոն և խաղողօրհնեք

Վաղը Հայ առաքելական եկեղեցին  կնշի Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից չորրորդը՝Աստվածածնի Վերափոխման տոնը, որը Տիրամորը նվիրված տոներից ամենահինն է։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու՝երբ Փրկչի համբարձումից անցավ տասներկու տարի և երբ սուրբ Կույսն արդեն պետք է փոխվեր այս մարմնավոր կյանքից, վերափոխումից երեսուն օր առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը՝ նա, ով հղության ավետիսն էր տվել նրան, այս անգամ տալով Կույսին երկրից երկինք փոխման ավետիսը:Երբ սուրբ Կույսն աղոթում էր իր սենյակում, եկավ Գաբրիելը, ողջունեց ու կանչեց նրան Ձիթենյաց լեռ, ուր սուրբ Կույսը սովորաբար գնում էր աղոթելու: Կույսը գնաց և ծնրադրելով աղոթեց այն տեղում, որտեղից Փրկիչը համբարձվեց, և լեռան վրա եղող բոլոր տունկերը խոնարհվեցին ու երկրպագեցին նրան: Այդտեղ նրան դարձյալ երևաց հրեշտակն ու ողջունեց՝ ասելով. «Մա՜յր սրբության և առագա՜ստ երանության, տաճա՜ր խնդության և քաղա՜ք թագավորության, մարդկային ցեղի ճանապա՜րհ դեպի Քրիստոս, հասել է քո ժամանակը՝ փոխվելու այս աշխարհից առ Աստված: Նա, քո Տերը՝ Միածին Որդին, Ով մարդկանցից քեզ ընտրեց Իրեն մայր և ամբողջ աշխարհի փրկանքը լինելու համար, այսօր հաճեց քեզ փառքով աշխարհից դեպի անքննելի փառքը փոխադրել»:

Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը կենցաղում առավել հայտնի է  որպես Խաղողօրհնեք․Աստվածամոր վերափոխման տոնակատարության օրը, Ս. Պատարագից անմիջապես հետո տեղի է ունենում Խաղողօրհնեք: Խաղողօրհնեքի ընթացքում եկեղեցում երգվում է «Փառք սուրբ խաչի» շարականը, կարդացվում են Սուրբ Գրքից հատվածներ, որոնց հաջորդում է խաղողի օրհնության համար գրված Սբ. Ներսես Շնորհալու աղոթքը: Աղոթքում հիշատակվում է, թե Աստված երրորդ օրը ստեղծեց բուսականությունը, ապա Ադամին ու Եվային պարգևեց դրախտի դյուրին ու ճոխ կյանքը: Բայց նրանք, օրինազանց գտնվելով, դրախտից արտաքսվեցին, իսկ Աստվածային օրհնությունը փոխվեց անեծքի: Սակայն Աստված մարդուն չանտեսեց. Միածնի աշխարհ գալով, անեծքի կապանքը վերացավ, և մարդիկ ձերբազատվեցին մեղքի ու մահվան ծառայությունից։