Միհրան Պողոսյանի գործում կան հանցագործության դրվագներ

Միհրան Պողոսյանի գործում կան հանցագործության դրվագներ

«Հեղափոխությունից հետո ունենք շատ ավելի նախաձեռնող, անհանդուրժող, ակտիվ քաղաքացի։ Այսօր ուրեւէ մեկը իր կոլեկտիվում տեղի ունեցող անհանդուրժելի երեւույթի մասին կարող է բարձրաձայնել։ Եվ ես, որպես գլխավոր դատախազ, շահագրգիռ եմ, որ մենք այս պատմական հնարավորությունը բաց չթողնենք»,- այսօր «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային փորձի ներքո» միջազգային համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Արթուր Դավթյանն ասաց, որ իր նկատմամբ չի եղել որեւէ ճնշում։ 

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ օֆշորային սկանդալի մեջ հայտնված ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով։
«Երբ կարճվեց Միհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործի վարույթը, վերջերս հրապարակվեց նրա նոր մեղադրանքի շրջանակը։ Այնտեղ ունեինք հանցագործության դրվագներ, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում չեն եղել։ Ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, հարուցվեց նոր քրեական գործ, եւ այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր հանգամանքներ, որոնք առիթ դարձան, որպեսզի ես վերացնեմ նախկինում կայացրած որոշումը։ Այսօրվա որոշումն էլ պայմանավորված է փաստական հանգամանքներով»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու որոշմանը, ապա Արթուր Դավթյանը հավաստիացրեց․ «Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, շեշտել ենք հատկապես հնարավոր ապօրինի ներգործությունը, որը եւս դատարանի կողմից հաստատվել է՝ եւ՛ առաջին ատյանի, եւ՛ վերքաննիչ դատարանի։ Այդ հիմքը կիրառելի է եւ գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաեւ դատաքննության փուլում, որովհետեւ ինչքան հնարավոր է նախաքննության փուլում, օրինակ, վկայի վրա ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաեւ դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն։ Այո՛, մենք տեսել ենք այդ հիմքերը, դրանով պայմանավորված էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, վերջերս նաեւ վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, որտեղից ակնհայտ էր, որ դեռեւս պահպանվել են կալանքի հիմքերը»։