Իրար բացառող դիրքորոշումներ

Իրար բացառող դիրքորոշումներ

Նիկոլ Փաշինյանի թիմը զերծ չի մնում նախկինների արատավոր ավանդույթից եւ պատրաստ է օրենքները վերաձեւակերպել կոնկրետ մարդկանց «վրայով»։ Երեկ ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծերում փոփոխությունները դրա վկայությունն են։ Խոսքը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներում փոփոխություններ կատարելու, ավելի ճիշտ՝ դրանց վերաձեւավորման մասին է։ Օրինագծերը վերաբերում են հանձնաժողովների անդամների վերանշանակման ժամկետը մինչեւ հունիսի 31-ը հետաձգելուն։ Բանն այն է, որ նշված հանձնաժողովներում թափուր հաստիքները լրացնելու խնդիր կար, եւ ժամկետ էր սահմանված մինչեւ ապրիլի 9-ը, սակայն կառավարությունը, ի դեմս Փաշինյանի, նոր նշանակումներ չարեց։

Ըստ տեղեկությունների, պատճառն այն է, որ իր թիմում չունի օրենքի պահանջներին բավարարող կադրեր, հատկապես 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող։ Հիշեցնենք, որ ընդամենը երկու ազատ տեղ կա ՏՄՊՊՀ-ում, մեկ ազատ տեղ էլ՝ ՀԾԿՀ-ում՝ նախագահի պաշտոնը։ Հիմա պատրաստվում են օրենքները փոխելով՝ համապատասխանեցնել յուրայիններին։ Ի դեպ, հարցի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փորձեց հիմնավորել, թե կառավարության ձեւավորմամբ պայմանավորված, որ ժամանակ չեն ունեցել անդրադառնալ այդ հարցին, իսկ թե ինչ փոփոխություններ են անելու, բացի ժամկետը հետաձգելուց, չմանրամասնեց անգամ  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հարցին ի պատասխան։ Պատգամավորը  խնդրում էր մանրամասնել, թե սահմանադրական ինչ խնդիրներ են տեսել իրավապահներն այս օրենքում, բացի ժամկետների երկարաձգման խնդրից։

Զեյնալյանը նշեց, որ բարձրաձայնված խնդիրների մասին կխոսի օրենքի բովանդակային քննարկման ժամանակ։ «Կառավարության կազմում, կառավարության ենթակայության տակ գտնվող ստորաբաժինների կազմում կան տարբեր դիրքորոշումներ, երբեմն՝ իրարամերժ, իրար բացառող դիրքորոշումներ, եւ դրանցից որը կներկայացվի ԱԺ-ում, դեռեւս վաղ է դրա մասին խոսելը, առաջիկայում կկարողանանք հասկանալ։ Կարծում եմ՝ այս քննարկումների ժամանակ կբացահայտվի ճշմարտությունը, եւ մենք կկարողանանք փոփոխություն կատարել՝ իրավաչափ եւ բխող մեր քաղաքական գծից»,- ցաքուցրիվ պատասխանեց նախարարը։ ԼՀԿ-ից էլ Մանե Թանդիլյանը նկատեց․ եթե ժամանակին չեք անդրադարձել, ինչո՞ւ եք բերել արտահերթ նիստով, Արտակ Զեյնալյանը գնդակն ուղարկեց ընդդիմադիրների դաշտ՝ ասելով, որ իրենք նույնպես այս հարցում պետք է հետեւողական լինեն։