Բենիկ Ստեփանյան. Ի՛նձ համար, քե՛զ համար եւ` բոլորիս

Բենիկ Ստեփանյան. Ի՛նձ համար, քե՛զ համար եւ` բոլորիս

* * *
Թակարդներով զինված
նա ամենուր է
թակարդներով անտես
անորսալին

Եվ անվրեպ
կրակոց են տենչում
թակարդներով անտես
զինվածներից

Անվրեպ 
անվրեպ
մեկ
կրակո՛ց


* * *
Նախասկիզբ Բանի
կրողները
բանաստեղծներն են.

Տաղերը նրանց՝
անժամկետ
դեղահաբեր:

Լուսապսակ
բժշկապետ՝
նաեւ Չարենցը,

«Նարեկը»՝
առողջարան
վախճանական՝

ի՛նձ համար,
քե՛զ համար
եւ՝ բոլորիս:


* * *
Չարենցով
բարձրանում էինք
Չարենցով.
հունվարն էր:
Այնքա՜ն հեշտ էր
քեզ հետ
վեր բարձրանալը
որ ջերմացնում էինք
արեւին էլ
այլ կերպ:
Հիմա
մոռացել եմ
արդեն
թե ուր հասանք
կարեւորը քեզ հետ
միասին
վառվելով հասանք:


* * *
Մնացածներս՝
վերջին նավաստիներ,
չենք լքի Քեզ,
ու կփրկվենք,
ինչպես նավակում
գտնվողները՝
Քրիստոսի հետ միասին:
Եվ ավելի լավ երկիր,
քան Նաիրին,
չի՛ լինի աշխարհում,
Վահան Տերյան:
 

* * *
Քեզնով լցված
ծաղկալանջի արահետում
համրացել եմ.
ծաղիկների հետ զրույցդ
ականջներումս է դեռ:


* * *
Թեկուզ գարու ջուր,
բայց քեզ հետ,
Չիլո...
Այլ են
պոետները՝ լուսե.
հիմա էլ կան.
ինչե՜ր կտայի, սակայն
քե՛զ հետ 
(գարեջուր թեկուզ)
խմելու համար:


* * *
Լռությունից անդին
արձագանքներ են
դեռ չարտաբերված

Հայացքս զբոսաշրջիկ
կտրում է
միլիոնավոր կիլոմետրեր

Տաղերս
ոչ այլ ինչ են
քան հաղորդագրություններ

Որոնում եմ
գաղտնաբառը
գերգաղտնի


* * *
Կախված աղմուկների փոխարեն
ուրիշ աղմուկ կորոնենք
Լռությունն էլ...
Իրերը
կբողոքեն անձայն
կթափվեն դուրս
իրար վրա
եւ աղմկոտ կլինի
ամեն ինչ:


* * *
երբ դուրս ընկած
բութ մատով
վնասված ոտքով
տասնամյակներ անց
նույնկերպ
խաղում էի

գնդակը
ենթարկվում էր ինձ
ինչպես կանայք
ցանկացած դիրքով
գարեջրաշշերը
կազմել էին պատ

իսկ շախմատում
ոչ մի պատ
չփրկեց
զինվորն էլ նրա
թագուհի դարձած
մատ


* * *
Խորթ մայրամուտ էր.
ու մորն էր փնտրում
անարեւ օրը...

 

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՓՌՇՏՈՑ

Փռշտում էի
անդադար
չնայած
փոշեկուլն իրոք
գերարդիական էր
որով արդեն
վերցրել էի
փոշին դարերի
եւ շունչը փչեց
հանկարծ...
երբ
մեր օրերի փոշին
փորձեցի մաքրել:

 

ԱՆՄԱՐՍԵԼԻՆ

Ոսկու
անվախճան
ընթացքում
այս
խժռել են
լափել են
ԱՄԵՆԸ...

Բայց սով չէ
երաշտ չէ
գայլեր էլ չկան
վնասատուներ են
Նարեկն էլ
նվեր է
պահանջված:

 

ԸՆԹԱՑՔ

Տարիներս
չկորցրին
չվերափոխեցին
հիանալու իմ մղումը...
Ավելի լավ բան
(սիրո հետ միասին)
ես չգիտեմ: 
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ