«Նա». նոր վիպակ՝ ապրիլյան պատերազմի մասին

«Նա». նոր վիպակ՝ ապրիլյան պատերազմի մասին

«Նա»․ այսպես է կոչվում ապրիլյան պատերազմի մասին պատմող Սոնա Վանյանի վիպակը, որի տպագրությունն ու շնորհանդեսը նախատեսված էին ապրիլի 2-ին, սակայն, արտակարգ իրավիճակով պայմանավորված, այլ ձեւաչափ ստացան. «Մի խումբ ընկերների ջանքերով արտակարգ արագությամբ պատրաստվեցինք հեռավար շնորհանդեսի, իսկ գրքի տպագրությունը փոխարինեցինք էլեկտրոնային գրքով, որպեսզի վիպակն արագ ու անվճար հասանելի դառնա ընթերցողին»։ 

Վիպակի գաղափարը ծնվել է հենց 4 տարի առաջ՝ քառօրյա պատերազմի օրերին։ ««Նա» վիպակն արձակի ժանրում առաջին, բայց թվով իմ երրորդ գիրքն է։ Պատմության հերոսներն ունեն նախատիպ՝ հերոսուհու վարակիչ անկեղծությունն ու հերոսի անձնուրաց նվիրումն այլ կասկած չեն թողնում։ Վիպակում տեղ գտած յուրաքանչյուր կերպարը հավաքական է, եւ յուրաքանչյուրն ընթերցելով՝ կզգա իրեն ծանոթ հույզերն ու հիշողությունները։ Վիպակի հերոսը չգիտի, որ այս գիրքը հասցեագրված է իրեն, նա չգիտի նաեւ, թե որքան կարեւոր դերակատարում է ունեցել իմ՝ հեղինակիս հայացքների փոփոխման գործում։ Գիրքն իր մասին, բայց ոչ իրեն հասցեագրված նամակ֊ներում է։ Վիպակի հերոսն ու հերոսուհին անուն չունեն, որ յուրաքանչյուր ընթերցող նրան տա իր սրտի անունը»,- նշում է հեղինակը։