Երբևէ որևէ մեկն այս երկրում նման կերպ չի մտածել

Երբևէ որևէ մեկն այս երկրում նման կերպ չի մտածել

Հարցազրույց քաղաքագետ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի հետ․

- Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում ասում էր, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, սակայն վերջում ասաց, որ գնալու է բանակցելու։ Ձեր կարծիքով՝ եթե չմասնակցեր, այլընտրանքը պատերա՞զմն է լինելու։

- Չէ։ Սուտ թեզ է, որն ընդհանրապես չեմ ընդունել։ Դրա վրա մարդիկ այնքան սպեկուլյացիաներ են անում։ Հակառակը՝ կարող եմ բերել օրինակներ, թե բանակցություններն ինչպես են խրախուսել պատերազմը, որովհետեւ բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանն իր ռազմական դիվանագիտություն կոչեցյալն էր իրագործում։ Տարիներ շարունակ, եւ քանի մարդ ենք կորցրել։ Եվ բոլորս էլ գիտեինք, որ երբ գնում ենք բանակցությունների՝ հեսա զինվորներ են խփելու։ Եվ հետո, Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է՝ ես 7 շրջան եմ տալու, տեսանք 2016-ի ապրիլին։ Այ, եթե այս աչքով նայենք, կհասկանանք, որ այս վիճակի տրաբանությունն այլ է․․․ Իրականությունն այդպես չէ, եթե այդպես լիներ, Ադրբեջանը մշտապես կպատերազմեր, ի՞նչ է եղել։  Բայց ինչո՞ւ չի պատերազմում, ինչո՞ւ է ողջունում Մինսկի խմբի  հայտարարությունը, տարիներ շարունակ ՄԽ-ին քֆրտելուց հետո հանկարծակի էդ մարդիկ ողջունեցին։ Ինչո՞ւ։ Էս հարցերի պատասխանները չկան։ Երբ լինեն, էդ ժամանակ կտեսնենք՝ ինչ է կատարվում, եւ ինչ նպատակով է պետք գնալ բանակցությունների։

Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի հետ խնդիրներ ունի՞, թե՞ չէ։ Շատ ունի, եւ հենց առաջինն այն է, եւ Փաշինյանն այդ մասին այսօր նորից հայտարարեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Լրջագույն բան է միջազգային ասպարեզում։

- Դա բոլորն են ասել, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։

- Իհարկե։ Հիմա խնդիրն այն է, թե ինչի մասին եք խոսում, երբ հանդիպում եք, քննարկում եք խնդիրներ, որոնք Հայաստանին չեն վերաբերում, ՀՀ-ն դրանց համար պատասխանատվություն չի կրում։ Սա այն վիճակն է, որը մենք 20 տարի ունեցել ենք։ 20 տարի մեզ բերել են պատերազմի։ Կան ուրիշ մոտեցումներ, որոնք ներկայացվել են, առաջարկվել են։ Դրանք են՝ խոսել այն խնդիրների մասին, որոնց համար պատասխանատվություն է կրում մեր պետությունը։ Այն խնդիրները, որոնց համար պատասխանատու չեք, չեք քննարկում։

- Նիկոլ Փաշինյանի ուղերձներից ի՞նչ հասկացաք։

- Ես դեռ ընդամենը էդ թեզերն եմ նայում, ես էս երկրում չեմ տեսել սկզբունքայնություն։ Էդ թեզերը ֆունդամենտալ թեզեր են։ Երբեւէ որեւէ մեկն այս երկրում նման կերպ չի մտածել։ Էս երկիրը չի էլ կարողանում հասկանալ՝ ի՞նչ է ասում ինքը․․․ Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս որեւէ խնդիր, որն առաջարկել են ե՛ւ Մինսկի խումբը, ե՛ւ ուրիշները, չեն քննարկվում Հայաստանի կողմից։ Իրենք կարող են առաջարկել, բայց մենք չենք կարող տարածքային եւ հումանիտար խնդիրներ Ադրբեջանի հետ քննարկել։ Դա մեզ չի վերաբերում բացարձակապես։