Ադրբեջանի համբերությունը սահման ունի․ Բաքուն սպառնո՞ւմ է Երեւանին

Ադրբեջանի համբերությունը սահման ունի․ Բաքուն սպառնո՞ւմ է Երեւանին

«Պաշտոնական Բաքուն ավելի քան քսանհինգ տարի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Սակայն Ադրբեջանի համբերությունն էլ սահման ունի։ Հայաստանին զինված ուժերը պետք է հեռանան Ադրբեջանի հողերից, համաձայն ՄԱԿ ԱԽ բանաձեւերի։ Հակառակ դեպքում, Ադրբեջանը, որպես ցանկացած այլ պետություն կօգտվի իր բոլոր իրավունքներից, համաձայն ՄԱԿ Կանոնադրության»,- Anadolu լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմաթ Հաջիեւը։ Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, բանակցային գործընթացը առաջ մղելու համար։ «Ցավոք Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կրկնում է Քոչարյան եւ Սարգսյան նախագահների կառավարման ժամանակների սխալները, հանդես գալով հայտարարություններով, որոնք արգելափակում են խաղաղ բանակցությունները։ Երեւանից ակնկալվում է կառուցողական եւ ճիշտ քայլեր։ Համաշխարհային հանրությունը եւս պետք է կոնկրետ դիրքորոշում ունենա այս առնչությամբ եւ ուղարկի հայկական կողմի ղեկավարության հստակ դիվանագիտական ազդակներ»,- ասել է Հաջիեւը։ Նա հավելել է, որ ներկայումս Հայաստանը թալանում է «գրավյալ ադրբեջանական հողերում» ոսկու եւ երկաթի հանքերը եւ դրանք ուղարկում է համաշխարհային շուկաներ։ Նա դա համարել է անթույլատրելի որպես միջազգային համաձայնագրերի խախտում։ Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն Հաջիեւը հայկական կողմին մեղադրել է ադրբեջանական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման մեջ, դա համարելով համաշխարհային մշակութային ժառանգության համար մեծ կորուստ։