Չգրված օրենք կա՝ Արցախը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին և հակառակը․Դ․ Բաբայան

Չգրված օրենք կա՝ Արցախը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին և հակառակը․Դ․ Բաբայան

ՀՅԴ ֆորումում Նիկոլ Փաշինյանի թիմի լեզվով՝  «սևերի» առատությունը և դրան հաջորդած՝ մայիսի 8-ին եռատոնի կապակցությամբ Արցախ մեկնած Սերժ Սարգսյանի ներկայությունը գործող իշխանության ներկայացուցիչների կողքին, թերևս, հունից հանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին (ընթացքում նաև Արկադի Ղուկասյան-Բակո Սահակյան խնդրանքը ՀՀ դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար), ով առավոտ կանուխ ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, որ եթե Արցախը դառնա հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդն այն կդարձնի հեղափոխության օջախ։ Այս տրամադրությունների մասին Hraparak.am-ը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

- Պարոն Բաբայան, կա՞ Արցախում նման հեռանկար, որ ժողովուրդը հեղափոխություն անի։ Եվ ինչո՞ւ է վարչապետը նման բան գրում, ըստ Ձեզ։

- Արցախում կա գրված ու չգրված օրենք՝ Հայաստանի Հանրապետությունը չի խառնվում Արցախի ներքաղաքական կյանքին, Արցախը չի խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Եվ սա ճիշտ է։ Մենք ընդհանուր հայրենիք ենք, բայց 2 պետություն ենք։ Առայժմ, միգուցե, ժամանակ գա, և այն անպայման կգա, և մենք կստեղծենք միասնական հայոց պետականություն։ Բայց, ընդհանուր առմամբ, ամեն մի պետության մեջ ինչպե՞ս են քաղաքական գործընթացներն ընթանում․ կա իշխանություն, կա ընդդիմություն, տարբեր քաղաքական ուժեր, որոնք մրցակցում են, պայքարում։ Սա բնական է, և ժողովրդավարական համակարգն այլ տարբերակ չունի։ Պետք է լինեն ուժեր, որոնք մեկը մյուսի հետ մրցակցում են։ Սա կա Հայաստանի Հանրապետությունում։ Տեսեք՝ մեր այս երրորդ հանրապետությունից ի վեր քանի՞ ուժ է եղել՝  իշխանական, ընդդիմադիր, և սա շարունակական է լինելու, որովհետև սա է օրենքը՝ բնության քաղաքականության, ֆիզիկայի։ Նույնը՝ Արցախում։

- Ինչո՞ւ ֆիզիկայի։

- Եթե կա ուժ, կա հակաուժ։ Դա եկել է ֆիզիկայից, և ընդհանրապես՝ դա այդպես է։ Հիմա նույնն Արցախում է։ Բայց անթույլատրելի է, եթե մենք մեկը մյուսի գործերին խառնվենք։ Գիտեք՝ Արցախի ու Հայաստանի իշխանությունները պարտավոր են մեկը մյուսի հետ ունենալ նորմալ, գործնական, ընկերային հարաբերություններ, որովհետև սա անձնական քամահաճույքի խնդիր չէ, սա պետության, ազգի առջև պատասխանատվության հարց է։ Ի վերջո, մենք այդքան  փորձություններով անցել ենք, մեր հայրենիքի մեկ տասներորդ մասն է մնացել, Ցեղասպանությունից մազապուրծ եղած ազգ ենք։ Ինչ է՝ անձնական հարցերը դնելու ենք՝ պետական հարցերի տեղ առա՞ջ տանենք։ Անթույլատրելի է։ Հետևաբար, բոլորն էլ պետք է հասկանան, որ անկախ ամեն ինչից, անկախ նրանից՝ ով է իշխանությունը Հայաստանում և Արցախում, իսկ իշխանությունը ժողովրդից է, ժողովրդի ստեղծած իշխանությունն է, պարտավոր են ունենալ նորմալ հարաբերություններ՝ անձնական նախասիրությունները մի կողմ դրած։ Սա այնքան մեծ պատասխանատվություն է, որ բոլորն էլ պետք է նորմալ հարաբերություններ ունենան իրար հետ, և անթույլատրելի է խառնվելը։ Այսինքն՝ ի՞նչ հակահեղափոխություն կարող է լինել Արցախում։ 

- Ենթադրում եմ, որ Դուք էլ եք ենթադրում, որ Սերժ Սարգսյան, հանրապետականների ներկայությունը․․․

- Սերժ Սարգսյանը, Հանրապետականը, մնացած ուժերը գործում են Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգում։ Ի՞նչ կապ ունի այստեղ Արցախը։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ չեն գործում, որովհետև ՀՀԿ-ն դե ֆակտո կասեցված է։

- Հիմա նոր համակարգ է, պարտվել են, բայց իրենք կան, չէ՞։ Միայն իրենք չեն, կան ուրիշ կուսակցություններ էլ, չէ՞․ Կոմունիստական կուսակցություն, պահպանողականներ, ՀՅԴ, ռամկավարներ կան, ԼՀԿ, ԲՀԿ։ Էդ հարաբերությունները, էդ մրցակցությունը Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական խոհանոցն է, Արցախը չպետք է միջամտի։ Նույնն էլ՝ հակառակը․ ստեղ էլ կան տարբեր ուժեր ու կուսակցություններ։ Այսինքն՝ այս երկու համակարգն անհամադրելի են և ենթակա չեն որևէ միջամտության։ Սա միանշանակ է և սա բերելու է կատաստրոֆայի, եթե հանկարծ ինչ-որ բան լինի։ Սա խաղ չէ, և նորից եմ ասում՝ ՀՀ և ԱՀ իշխանությունները միշտ էլ, ով էլ ուզում է լինի իշխանության, պետք է լավ լինեն իրար հետ։ Սա անձնական հարցեր չեն, սա պետական ու ազգի շահերն են։ Սա, կարծում եմ, շատ լավ հասկանում է և ՛ պաշտոնական Երևանը, և՛ պաշտոնական Ստեփանակերտը։

- Պարոն Բաբայան, ուզում էիք, որ Ռոբերտ Քոչարյանը ներկա լինի, Սերժ Սարգսյանը ներկա էր, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին ինչո՞ւ չէիք հրավիրել։

- Լևոն Տեր-Պետրոսյանը կամ մեկ այլ ղեկավար․․․ մենք ընդհանրապես երբևիցե հրավիրատոմս չենք ուղարկում։

- Դուք հրավեր չէի՞ք ուղարկել։

- Իհարկե՝ ոչ։ Սա համաժողովրդական տոն է, ով ուզում է, գալիս է, եթե առաջին նախագահը, երկրորդ, երրորդ, չորրորդ, ով ուզում է գա, նախօրոք ասում է՝ ես ուզում եմ գալ, էդ ժամանակ արդեն բոլոր կազմակերպչական խնդիրները լուծվում են։ Համապատասխան խնդիրներ կան, որոնք պետությունը պետք է կարգավորի․ նրանց մնալու տեղը, անվտանգությունը և այլն։ Չի եղել ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, ավելին՝ մենք եռատոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ ենք հղել բոլորին։ Այդ թվում՝ Լևոն Հակոբիչին։ Այսպես էլ պետք է լինի։ Ով ցանկություն ունի, գալիս է, ազատ է։ Մենք ՀՀ բոլոր ներկա և գործող ղեկավարներին շնորհավորական ուղերձներ ուղարկել ենք։

- Ասում եք՝ Արցախը չի խառնվում, Հայաստանն էլ, բայց արդյոք խառնվել չէ՞, երբ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, ովքեր երբևէ որևէ քաղաքացու համար միջնորդագիր չեն ներկայացրել, Ռոբերտ Քոչարյանի համար դիմում են ՀՀ գլխավոր դատախազին։

- Բերեք նախ էմոցիաները մի կողմ դնենք․ ո՞վ է Արկադի Ղուկասյանը, գործող նախագա՞հ  է։ Չէ, չէ՞։ Հիմա՝ այս նամակը լոկ մարդասիրական բնույթ է կրում, իրենց անձնական նախաձեռնությունն է՝ երկու քաղաքացու, որոնցից մեկը նախկին նախագահ է, քաղաքական ու պետական որևէ պաշտոն չի զբաղեցնում, մյուսը գործող նախագահն է, բայց գրում է որպես անհատ․․․ էսպես․․․ քաղաքացի։ Սա իրենց անհատական  մարդասիրական նախաձեռնությունն է։ Եղել է համապատասխան պատասխան դատախազությունից, վերջ, հարցը փակվել է։ Եվ չի կարելի, ժողովուրդ ջան, շահարկել։ Հարցը միայն լրատվամիջոցներից չէ, ստեղից էլ չպետք է լինի։ Նորից եմ ասում՝ մենք մեկ միասնական հայրենիք ենք, բայց 2 պետություն, և անթույլատրելի է մեկը մյուսի գործերին խառնվելը, որովհետև դրանից մեր միասնականությունը ճեղք է տալիս։ Թուրքն էլ ուրախանում է, ասում է՝ հլը սրան նայեք, տեսեք ինչ են սարքել Արցախը։ Բայց դա ճի՞շտ է։