«Հրապարակ»․ 3 տարի՝ փաստաբան, այժմ՝ պատգամավոր

«Հրապարակ»․ 3 տարի՝ փաստաբան, այժմ՝ պատգամավոր

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրինք` քանի՞ տարեկան եք։ «26»,- անմեղ ժպիտով ասաց նա: Այսքան ջահել, այսքան մատղաշ` ի՞նչ եք անում պառլամենտում։ «Ես հիմա ո՞նց էդքանը ներկայացնեմ իմ մասին. հաշվի առնելով հանգամանքը, որ «Իմ քայլը» դաշինքը հայտարարել է, որ պետք է ունենանք պրոֆեսիոնալ ԱԺ, եւ չնայած իմ երիտասարդ տարիքին, ես 5 տարվա իրավաբանի փորձառություն ունեմ, որից 3 տարին՝ որպես փաստաբան, երեւի թե դրա համար»:

Իսկ հայտնի «քաստինգի» ժամանակ ՔՊ վարչության «վոժդերը» Ձեզ ի՞նչ հարցրին։ «Քննարկվել են քաղաքական արդիական թեմաներ»: ԵԱՏՄ-ից հարցեր տվեցի՞ն։ «ԵԱՏՄ-ն մեր համագործակցության ֆորմատներից մեկն է, ցանկացած համագործակցության ֆորմատ պետք է կարողանաս բովանդակությամբ լցնել, ինչը նաեւ մենք հանձն ենք առել։ Որպես ֆորմատ՝ դեմ չեմ, հարցը բովանդակությունն է` որոշակի  շտկումների անհրաժեշտություն կա»:

Քայլե՞լ եք Նիկոլի հետ, ո՞ր կետից։ «Հայաստանի Ֆրանսիական հրապարակից, երբ պարոն վարչապետը Գյումրիից թիմի հետ եկավ, այդ ժամանակվանից մինչեւ շարժման ավարտ»: Չալոյին տեսե՞լ եք: «Չեմ հիշում. Չալոն ոնց որ ընթացքում էր քայլում, հետո ոնց որ ինչ-որ բան տեղի ունեցավ, նա անհետացավ»: Մի ուրացեք ձեր «եղբորը»։ «Շունը միացել էր շարժմանը Գյումրիից, հետագայում մի պահ բեմում է եղել, տեսել ենք իրեն, հետո չկար»:  Ձեր անկեղծությունը զինաթափում է․ չե՞ք ասի՝ ո՞վ է եղել Ձեր երաշխավորը ՔՊ-ում։ «Նման ցուցակի մասին ինձ հայտնի չէ»: Իսկ «Անասնաֆերման» կարդացե՞լ եք։ «Չէ»: