Վարչապետը գիտնականներին հորդորեց ձևակերպել իրենց խնդիրները, իսկ փող՝ կգտնեն

Վարչապետը գիտնականներին հորդորեց ձևակերպել իրենց խնդիրները, իսկ փող՝ կգտնեն

Երեկ տեղի ունեցավ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ներկայացրեց 2018թ․ գիտական գործունեության արդյունքները՝ իր խոսքում մերթընդմերթ կմկմալով, շփոթելով զեկույցի հատվածներն ու մտքերը։ 

Ըստ նրա, 2018 թվականին գիտական ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների գիտական բարձր մակարդակը: Այդ են վկայում արտասահմանյան հեղինակավոր գիտական ամսագրերում հրատարակված աշխատանքները՝ 953 գիտական հոդված եւ 22 մենագրություն: Բացի այդ, կնքվել եւ վերակնքվել են մի շարք պայմանագրեր, հուշագրեր եւ համաձայնագրեր:

Մարտիրոսյանն անդրադարձավ նաեւ սոցիալական հարցերին: Նա նշեց, որ համակարգի աշխատողների միջին ամսական աշխատավարձը կազմել է 100 հազար դրամ: Մինչդեռ  պետական կազմակերպությունների աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 220 հազար դրամ։ Գիտական աշխատանքների տարեկան ֆինանսավորումը պետական բյուջեից 2018թ. կազմել է 6 միլիարդ դրամ: Հատկացված ֆինանսավորման 70 տոկոսն աշխատավարձի բաժինն է: Արտաբյուջետային ֆինանսավորումը հաշվետու տարում կազմել է 2,2 միլիարդ դրամ: Այն 200 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 

ԳԱԱ համակարգում, 2016թ. համեմատությամբ, տեղի է ունեցել ընդհանուր համակարգի աշխատակիցների թվի նվազեցում մինչեւ 456, իսկ գիտական աշխատակիցների թվի նվազեցում՝ մինչեւ 340: Կատարվել են ինստիտուտների կառուցվածքների բարելավումներ: 

Մինչ օրս ԳԱԱ կազմում ընդգրկված են  46 ակադեմիկոս,  56 թղթակից եւ 123 արտասահմանյան անդամներ: 22 ակադեմիկոս եւ 26 թղթակից անդամ աշխատում են ԳԱԱ համակարգից դուրս: Իսկ ընդհանուր առմամբ, ԳԱԱ համակարգում աշխատում է 3 հազար 585 մարդ, որոնցից 2 հազար 206-ը գիտական աշխատողներ են․ 326-ը՝ գիտության դոկտորներ, 1029-ը՝ գիտության թեկնածուներ, 851-ը՝ գիտական աշխատողներ՝ առանց գիտական աստիճանի: Հաշվետու տարում ԳԱԱ համակարգում աշխատանքի է ընդունվել 101 երիտասարդ մասնագետ:

Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին ներկա էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հարցադրումով սկսեց իր ելույթը ԳԱԱ-ում, այն է՝ ինչո՞ւ էր գիտությունը Խորհրդային Միությունում այդքան հզոր եւ ուժեղ․ որովհետեւ պետությունը եւ հանրությունը գիտեին, թե ինչ են ուզում գիտությունից, գիտությունն էլ շատ հստակ գիտեր, թե ինչ է ուզում պետությունից եւ հանրությունից․ «Կարծում եմ՝ մեր ունեցած խնդիրների մեծ մասը կապված է այս թնջուկի հետ, եւ 3-րդ հանրապետության ստեղծման օրից տեղի է ունենում այս բանավեճը, թե ինչ է ուզում պետությունը գիտությունից, եւ ինչ է ուզում գիտությունը պետությունից, եւ ինչ կարող են նրանք տալ իրար։ Այս հարցերի պատասխանը գտնելն է այն կարեւոր առաջին կետը, որի վրա պետք է հիմնվի մեր գիտության հետագա զարգացումը, ըստ էության՝ ես կարող եմ ասել, թե ինչ է ուզում պետությունը կամ կառավարությունը գիտությունից։ Մենք հայտարարել ենք, որ տեսնում ենք ՀՀ-ն որպես տեխնոլոգիական երկիր, եւ հույս ունենք, որ Հայաստանում գիտությունը, գիտական պոտենցիալը, այդ թվում՝ ԳԱԱ-ն, ողջ թափով կսպասարկի քաղաքական այս տեսլականը»։

Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում գիտության ֆինանսավորման եւ դրա մեխանիզմների մասին, եւ կանխավարկածն այնպիսին է, որ ֆինանսների բացակայության կամ սղության պատճառով ինչ-որ բան չի ֆինանսավորվում կամ պակաս է ֆինանսավորվում, բայց․ «Ես կառավարությունում առաջարկել եմ հրաժարվել փողի մասին խոսելիս, քանի որ ցանկացած խոսակցություն, երբ սկսում ենք փողից, շատ արագ մտնում ենք փակուղի: Պետք է խոսել ոչ թե որքան փող կա, եւ ինչքան ենք մենք պատրաստ հատկացնել, այլ թե ինչ խնդիր ենք լուծում եւ ինչպես ենք պատկերացնում դրա լուծումը։ Հարցն այն չէ՝ փող կա, թե փող չկա, հարցն այն է, թե ինչ ենք մենք ուզում․ երբ հստակ ձեւակերպենք մեր ցանկությունն ու անելիքը, կարծում եմ՝ փող միշտ էլ կգտնվի»։ 

Այս տրամաբանությունից ելնելով էլ՝ մենք պետք է պատասխանենք մի քանի կարեւոր հարցերի, մասնավորապես՝ ինչքանով է գիտությունն ինտեգրված բարձրագույն կրթության հետ, ինչքանով է գիտակրթական համակարգն ինտեգրված Հայաստանում ռազմավարական համակարգի ձեւավորման պրոցեսում, ինչքանով է տնտեսությունն ինտեգրված զինված ուժերի հետ:

«Մեր ռազմավարությունը լինելու է՝ ինտեգրել հետազոտական, գիտական ուղղությունը բարձրագույն կրթական ուղղության հետ։ Գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների եւ քաղաքականությունների ձեւավորման գործընթացին։ Ես համոզված կարող եմ ասել, որ չեմ պատկերացնում մի այնպիսի գիտական համոզիչ ծրագիր, որն ինքն իրենով կապացուցի, որ ծրագրի հաջողության ու նույնիսկ անհաջողության դեպքում Հայաստանի գիտությունը, Հայաստանի Հանրապետությունը դրանից շահելու է, եւ ՀՀ կառավարությունը գումար չգտնի այդպիսի ծրագրի համար։ Ես չեմ պատկերացնում այդպիսի իրավիճակ, որ նոր Հայաստանում որեւէ ծրագիր չիրականացվի միայն այն պատճառով, որ փող չկա։ Ես համոզված եմ, որ ՀՀ-ում կա անհրաժեշտ գիտական եւ մարդկային պոտենցիալը, որպեսզի ամեն օր ստեղծենք այնպիսի արդյունքներ, որոնք շատ ավելին են, քան փողը։ Այդ արդյունքներն իրենց հետեւից կբերեն անսահմանափակ քանակությամբ փող, որովհետեւ փողն ամենեւին էլ առաջնային չէ, առաջնայինը գաղափարն է, որը հաղթել է, հաղթում է եւ պիտի հաղթի»,- հեղափոխական հռետորիկայով եւ ծափերի ներքո իր ելույթն ավարտեց Փաշինյանը։

Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը համամիտ է, որ վաղուց ձեւակերպված չեն խնդիրները գիտության ոլորտում։ Նա նկատում է, որ խորհրդային տարիներին, իրենցից անկախ, «վերեւներից» ծրագրեր կային, որ կատարվում էին, ակադեմիական ինստիտուտներն աշխատում էին Մոսկվայի ինստիտուտների նմանությամբ, դրսերում վերապատրաստված մասնագետներ էին գալիս, ովքեր իրենց հետ թեմաներ էին բերում եւ դրանք կատարում։

Ակադեմիայի թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանն ասում է, որ գիտության խնդիրները ոչ թե ձեւակերպված չեն, այլ դրանք միշտ եղել են, պարզապես կախված է նրանից, թե ամեն գիտաշխատող ինչ-որ գործ անելիս սպասո՞ւմ է նյութական աջակցության, թե՞ մտածում է իր երկրին օգնելու մասին․ «Եթե մտածում է իր երկրին օգնելու մասին, ուրեմն նա, ինչպես վարչապետն ասաց, փողի մասին չի մտածում, որովհետեւ միջնադարի մեր մեծերը երբեք փողի մասին չէին մտածում։ Այնպես որ՝ գիտնականը դա երկնքից տված ծառայություն է, ինչպես հոգեւորականը, բայց մյուս կողմից էլ հաճելի է, երբ մարդը եռանդուն աշխատում է ու զգա, որ պետական մի ձեռք կա, որն իրեն աջակցում է»։   

Ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը համաձայն է վարչապետի դիտարկման հետ, որ կարեւորը խնդիրը ձեւակերպելն է․ «Եթե ճիշտ խնդիր է դրվում, հետո գումարները սկսում են գալ»։ Վարչապետի խոսքից ելնելով կարելի՞ է եզրահանգել, որ եթե գիտությունը չունի տնտեսական բաղադրիչ, պրակտիկ կիրառություն, ապա դրա արդյունավետությունն էլ նվազում է․ ««Պրակտիկ գիտություն» արտահայտությունը սկսվեց դեռ նախորդ վարչապետից՝ Կարապետյանից, երբ գիտությունը բիզնես ծրագիր անվանեց, ես նույնիսկ մի հարցազրույց տվեցի եւ ասացի, որ գիտությունը դա բիզնես ծրագիր չէ, եւ շարունակում եմ դա ասել, հուսով եմ, որ մեր կառավարությունը դա բառացիորեն չի ընկալում։ Շատ հաճախ մենք այդ արտադրանքը շատ պրիմիտիվ ձեւով ենք ընկալում, բայց կա մի ոլորտ՝ ոչ նյութական մշակույթը, որը շոշափելի չէ, բայց ոչ շոշափելի արժեքից նույնպես կարելի է ստանալ շոշափելի արժեք»։