Խնդիր ունենք իրական պատմությունն իմանալու, նոր իշխանությունները չպետք է գնան հնի ճանապարհով

Խնդիր ունենք իրական պատմությունն իմանալու, նոր իշխանությունները չպետք է գնան հնի ճանապարհով
Արծրուն Պեպանյան

Տարիներ շարունակ մամուլում, տարբեր հարթակներում արծարծվել է այն հարցը, որ 88-ի Արցախյան շարժումը, նորանկախ շրջանի հայոց պատմությունը խեղաթյուրված է ներկայացվում դպրոցական եւ բուհական դասագրքերում, պատմաբաններն այդ դասագրքերը գրել են՝ տուրք տալով գործող իշխանությունների կոնյունկտուրային։ Հենց կոնյունկտուրայի պատճառով էլ այդ դասագրքերից դուրս են մնացել այն անձանց անունները, որոնք իշխող վարչակարգի կողմից համարվել են անցանկալի։ Այդ հարցն ավելի ու ավելի հաճախ սկսեց արծարծվել 2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, որոնց  մասին փաստերը, տեղի ունեցած ողբերգությունը պատմության դասագրքերում ներկայացվեցին  կցկտուր ու աղավաղված։ Թավշյա հեղափոխությունից հետո մամուլում, սոցիալական ցանցերում հնչում են  պատմության դասագրքերը վերանայելու, նոր դասագրքեր գրելու պահանջներ։ 

Վերջերս կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայքում տեղ գտավ մի հայտարարություն, որում, ի մասնավորի, նշված էր, որ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ դպրոցական դասագրքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ։ Ըստ հրապարակված տեղեկատվության՝ խորհրդակցությանը քննարկվել են հանրության եւ մասնագետների շրջանում դասագրքերի բովանդակության վերաբերյալ առկա մտահոգությունները եւ դրանց լուծման ուղիները, ինչպես նաեւ դասագրքերի քաշի հետ կապված խնդիրները։ 

Կրթության եւ գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ պաշտոնապես վերանայվում են բոլոր առարկաների դասագրքերը, որպեսզի առարկայական ծրագրերի բեռնաթափում լինի։ 
«Այդ համատեքստում ինչպես մաթեմատիկան, ֆիզիկան, այնպես էլ՝ պատմությունը, երգեցողությունը, նույնիսկ ֆիզկուլտուրան վերանայվում են»,- ասաց Արթուր Բաղդասարյանը։
Հայտնի է, որ մասնագետների խումբն ընդամենն  իր առաջարկություններն է ներկայացնելու դասագրքերի վերաբերյալ, իսկ հետագայում նոր դասագրքերի հարցով զբաղվելու է դասագրքերի շրջանառու հիմնադրամը։ 
Նոր պատմության դասագրքեր հեղինակելու, անկախ Հայաստանի պատմությունն օբյեկտիվ լույսի տակ ներկայացնելու համար մասնագիտական ի՞նչ չափանիշներ պետք է հաշվի առնվեն, ովքեր պետք է ներգրավված լինեն դասագիրք գրող խմբերում, որպեսզի կրկին չբախվենք սուբյեկտիվության, կեղծիքի հետ, որպեսզի կրկին մեղադրանքներ չհնչեն, թե նոր սերնդին անկախ Հայաստանի պատմությունը ներկայացվում է խեղաթյուրված, նորօրյա իշխանությունների պահանջներին համահունչ։ Չէ՞ որ, գաղտնիք չէ՝ մեր պատմաբանների ճնշող մասը կուսակցականացված է կամ ունի իր նախապատվությունները, ոմանք դաշնակցական են, ոմանք՝ ՀՀՇ-ական, ըստ այդմ էլ՝ պատմությունը ներկայացնում են իրենց նախընտրած կուսակցության դիտանկյունից, իսկ Արցախյան պատերազմի շատ իրական հերոսներ ու դրվագներ դուրս են մնում պատմության դասագրքերից։ 

Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը կարծում է, որ մարտի 1-ի մասին պատմող իրադարձությունները չեն կարող այսօր անաչառ շարադրվել։
«Երբ կգա մի իշխանություն, որը մարտի 1-ին կողմ չի եղել, այդ դեպքում նա կարող է ներկայացնել իրականությունը»,- նշեց Արծրուն Պեպանյանը։

Նրա կարծիքով՝ մեր նորագույն պատմությունը քաղաքականացվում է, ով իշխանություն է՝ իր տեսանկյունից է ներկայացնում, իսկ իր ընդդիմախոսներին չի զետեղում դասագրքերում։ Եվ հիմա քաղաքական վերլուծաբանը մտավախություն ունի, որ նոր իշխանություններն էլ դասագրքերը վերանայելիս  կարող են գնալ նախկինի ճանապարհով։ 
Հաճախ մեղադրանքներ են հնչում, որ մեր նոր սերունդը չգիտի Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը, չի ճանաչում անգամ  արցախյան ազատամարտի հերոսներին եւ վաստակ ու ավանդ ունեցող անձանց։ Ինչպե՞ս վարվել, որպեսզի այդ պատմությունը մատուցվի անկողմնակալ։

«Ինչ ձեւով էլ որ մատուցեն այդ շրջանի պատմությունն, այն չի լինելու անաչառ, քանի որ մեր  քաղաքական միտքը չունի այն հարցի  ամբողջական պատասխանը, թե Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունն ինչու այս ընթացքն ունի։ Միանշանակ համոզված եմ, որ հիմա ինչ էլ գրեն, քսան տարի  անց ջնջելու են, համարելու են, որ դա ճիշտ չէ։ Կա այդ վտանգը։ Համաձայն եմ, որ պետք է գրվի նորագույն շրջանի պատմությունը, տեղը հո դատարկ չե՞ն թողնելու։ Իսկ դրա համար պետք է հրավիրել չքաղաքականացված մասնագետների, որոնք քաղաքագետ են։ Եթե իշխանությունները վերլուծաբանների, քաղաքագետների, պատմաբանների կարիքը կունենան, ապա պետք է ներկայացնեն Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մասին հայեցակարգ, եւ դա պետք է ընդունվի՝ անկախ այն բանից՝ դա իրենց ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ։ Հիմա մենք խնդիր ունենք իրական պատմությունն իմանալու, հակառակ դեպքում՝ նույն կեղծիքը շարունակվելու է»,- կարծում է Արծրուն Պեպանյանը։