Արսեն Թորոսյանի դեմ վարույթ է հարուցվել

Արսեն Թորոսյանի դեմ վարույթ է հարուցվել

Մեր տեղեկություններով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով» հուլիսի 31-ին վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Առողջապահության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարար Արսեն Թորոսյանի կինն է՝ Վարդանուշ Թևանյանը։ Պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվել է մատուցել հիվանդանոցային ծառայություններ, Էլեկտրոնային առողջապահական ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։

Վարույթի հիմք է հանդիսացել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի 2020թ. հուլիսի 28-ի դիմումը ։ Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը: 

Վարույթ հարուցելու որոշման մեջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մեջբերել է «Հանրային ծառայության մասին» օրենքից երկու կետ.

«Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»։
«Պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները Հանձնաժողովը որոշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել վարույթ: