Շատ կարեւոր հիմնադրույթներ կային, որ երբեւէ Վլադիմիր Պուտինը չէր արտահայտել

Շատ կարեւոր հիմնադրույթներ կային, որ երբեւէ Վլադիմիր Պուտինը չէր արտահայտել

«Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի վերաբերյալ զրուցել ենք մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի 
հետ։

- Վլադիմիր Պուտինի ելույթի` Հայաստանին վերաբերող հատվածը որոշակի կրքեր բորբոքեց մեր երկրում եւ ոգեւորություն առաջացրեց հայ հասարակության շրջանում։ Դուք ի՞նչ հասկացաք այդ ելույթից, եւ որքանո՞վ էր այն ոգեւորիչ մեզ համար։

- Գիտե՞ք, մեր ազգը, ցավոք սրտի, սիրում է մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ընկնել եւ շատ արագ կարող է ոգեւորվել եւ շատ արագ էլ՝ հիասթափվել։ Ելույթը շատ հետաքրիր էր, շատ կարեւոր հիմնադրույթներ կային, որ երբեւէ Վ․ Պուտինը չէր արտահայտել։ Առաջինն այն էր, որ հստակ դիրքորոշում տրվեց արցախյան հակամարտության սկզբնապատճառներին, որ դա առաջացել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների պատճառով, եւ հայերը պաշտպանել են իրենց տարածքը, որպեսզի փրկվեն։

- Դրա արժեքային գնահատականը կոնֆլիկտի կարգավորման համատեքստում որքա՞ն է։

- Դա շատ կարեւոր է, որովհետեւ դա եւս մեկ անգամ հիմնաքար է ստեղծում ազգերի ինքնորոշման իրավունքի համար։ Այսինքն՝ հայ ազգն Արցախում ինքնորոշվելու իրավունք ունի։

- Վլադիմիր Պուտինը խոսեց նաեւ Ադրբեջանի մասին եւ գրեթե ուղիղ տեքստով հասկացրեց, որ խոսքն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին է, որը խախտվել է, եւ Ադրբեջանը, ըստ էության, իր տարածքների մի զգալը մասը կորցրել է՝ դրանով գուցե արդարացնելով Ադրբեջանի այս ագրեսիան։

- Չէ, չարդարացրեց, ասվեց այն, ինչ որ ընդունել են նաեւ մեր բոլոր իշխանությունները ժամանակի ընթացքում, որ մենք պետք է, այսպես ասենք, եթե միջազգային իրավունքով եւ միջազգային աշխարհագրությամբ նայենք, ապա Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքի մասին է խոսքը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ մինչեւ 2020-ի սեպտեմբերի 27-ն ունեցած տարածքների մասին է։ Եվ այստեղ այն, ինչ ասում է Ադրբեջանը իր, այսպես կոչված, յոթ շրջանների մասին, որը մենք անվանում ենք ազատագրված տարածքներ, միջազգայնորեն, այո, դրանք պատկանում են Ադրբեջանին, եւ այդ յոթ շրջանների առումով միջազգային հանրության կողմից ընդունվում է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում։ ԼՂԻՄ-ի ինքնորոշված տարածքն արդեն նույն բանակցային փուլում ամենակարեւոր հիմնադրույթներից է, եւ ԼՂԻՄ-ի ինքնորոշումը, որը եղել է 1988-89 թթ․, եղել է միջազգային օրենքների շրջանակներում, եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, երբ այդ ժամանակ ինքնորոշվել է, փաստացի Ադրբեջանի հետ միասին դուրս է եկել Խորհրդային Միությունից, ընդ որում՝ իրարից առանձին։ Այսինքն՝ այստեղ, եթե ճիշտ տարանջատենք յոթ շրջանները նախկին ԼՂԻՄ-ի շրջաններից, ապա խոսքը հենց դրա մասին է, եւ նույն Վլադիմիր Պուտինը շատ հստակ այդ տարբերությունը դրեց՝ ասելով «Ադրբեջանի էական մասը», որը, ինձ թվում է, վերաբերում էր այդ յոթ շրջաններին։

- Նա նաեւ Թուրքիայի մասով որոշ բաներ ասաց, որ մի կողմից Թուրքիան եւ Ռուսաստանը տարբեր դիրքորոշում ունեն Արցախի հարցում, մյուս կողմից նաեւ դրական խոսքեր շռայլեց Թուրքիայի հասցեին, որ իր համար Էրդողանը վստահելի գործընկեր է եւ այլն։ Այստեղ կա՞ր ինչ-որ ակնարկ՝ ուղղված, օրինակ, մեզ։

- Տեսեք, քանի որ Վլադիմիր Պուտինը չակնարկեց, որ մենք անվստահելի գործընկեր ենք, միգուցե իր համար անվստահելի գործընկեր է Ալիեւը։ Արդեն բացահայտ կարելի է ասել, որ Ադրբեջանը՝ որպես սուվերեն պետություն, դադարել է գոյություն ունենալ, որովհետեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վարում են Թուրքիայի ներկայացուցիչները, ռազմական գործողությունները թուրքական գենշտաբն է կառավարում, եւ, իմ կարծիքով, շուտով Ալիեւին փոխարինելու են թուրքամետ մի գործիչով։ Եվ այստեղ Պուտինը հասկացնել է տալիս, որ ավելի շատ երեւի թե ինքը թուրքերի հետ կփորձի այս հարցը կարգավորել, քան զուտ Ադրբեջանի հետ։

- Այս պահին քննարկվում է Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը, որը չի բացառում նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Սա մեզ համար կարո՞ղ է ընդունելի լուծում լինել։

- Ես իմ անձնական կարծիքը կարող եմ ասել․ մինչեւ սեպտեմբերի 27-ն ընդունելի չէր, որովհետեւ, եթե դու կարող ես պաշտպանել քեզ քո զինված ուժերի միջոցով, խաղաղապահի կարիք չկա։ Իսկ սեպտեմբերի 27-ից հետո առաջնագծում բավականին շատ բան փոխվեց, բայց, քանի դեռ պատերազմ է ընթանում, վերջնական սահմանագիծը պարզ կլինի զինադադար հայտարարելուց հետո։ Ներկա փուլում, այո, խաղաղապահների կամ ռազմական դիտորդների որոշ կատեգորիայի ներկայությունը, իմ կարծիքով, կարեւոր է, որպեսզի կանգնեցնի այդ հումանիտար աղետը, որը փորձում է Ադրբեջանը հասցնել Արցախի խաղաղ բնակչությանը եւ քաղաքներին։ Եթե ոչնչացվում են Ստեփանակերտի, Շուշիի, Մարտունու, Մարտակերտի ենթակառուցվածքները, այո, դա հումանիտար աղետ է, եւ այստեղ, ինչպես այլ երկրներում, օրինակ՝ Լիբիայում, Սիրիայում, պետք է հայտարարվի ոչ թռիչքային գոտի Արցախի տարածքը, որպեսզի այդ դրոնները, հրթիռները դադարեն թափվել Արցախի վրա։ Եվ տարբերակներից մեկը խաղաղապահների ներկայությունն է։ Բայց, ամեն դեպքում, Հայաստանից պետք է լինի դիմում, որպեսզի կա՛մ ՀԱՊԿ-ի մանդատով, կա՛մ ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահները հայտնվեն այստեղ։

- Իսկ, ընդհանրապես, ռազմական օգնության դիմումը պե՞տք է օֆիցիալ լինի, որովհետեւ շատ է քննարկվում այդ հարցը՝ Հայաստանը պե՞տք է պաշտոնապես դիմի Ռուսաստանին, որպեսզի ինքը մեզ օգնի, թե՞ դրա կարիքը չկա, եւ ՌԴ-ն արդեն իսկ մեզ օգնում է։

- Քանի որ խոշոր ռազմական գործողություններ Հայաստանի դեմ չեն տարվում, եւ ԱԹՍ-ների հայտնվելը Հայաստանի որոշ տարածքներում չի կարելի համարել որպես լայնածավալ ագրեսիայի գործողություն, եւ Ռուսաստանը չի կարող, իմ կարծիքով, խառնվել այս դեպքերում։ Ամեն դեպքում, ե՛ւ ԵԱՀԿ-ի, ե՛ւ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ, ե՛ւ հայ-ռուսական միջպետական պայմանագրերի համաձայն՝ հայկական կողմը, ամեն դեպքում, պետք է միջնորդի, որ ռուսական կողմն այստեղ ինչ-որ գործունեություն ծավալի։