Ռուսական կողմն իր դժգոհությունն արտահայտեց Ռուդենկոյի շուրթերով

Ռուսական կողմն իր դժգոհությունն արտահայտեց Ռուդենկոյի շուրթերով

Hraparak.am-ը զրուցել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։

«Բրյուսելյան հանդիպումը խիստ հակասող էր հայկական շահերին և առհասարակ բոլոր այն գործընթացներին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանի շուրջ։ Ինքը ունի մի քանի երանգ։ Առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչու Բրյուսել։ Հավաքական Արևմուտքը անում է ամեն ինչ, որ տարածաշրջանում հիմնական խաղացողը լինի ինքը, այլ ոչ՝ Ռուսաստանը։ Այս պարագայում բրյուսելյան հանդիպումը առանձնանում է նրանով, որ չեղարկում է նախկին պայմանավորվածությունները Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ֆորմատում, որտեղ նույն տխրահռչակ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենային եռակողմ ձևաչափով։ Փաստորեն հավաքական Արևմուտքը անում է ամեն ինչ, որ Ռուսաստանը մեկուսացվի առանցքային որոշումներ ընդունելուց։ Բրյուսելյան հանդիպումը հրճվանքով նաև ողջունում է Միացյալ Նահանգները։ Պատկերացնում եք, այս խառը իրավիճակում ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ժամանակ է գտնում՝ անդրադառնալու այս գործընթացին։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք պետք է ձերբազատվենք իլյուզիաներից և հասկանանք մի բան, որ աշխարհի գերուժային կենտրոններին առհասարակ միևնույն է՝ կմնա Հայաստան, թե` ոչ, կլինի Արցախ, թե՝ չի լինի, կկոտորեն արցախահայությանը, թե՝ ոչ։ Եվ սա շատ պարզ պատճառով՝ նրանք առաջնորդվում են հետևյալ տրամաբանությամբ․ եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի հրաժարվում են պաշտպանել Արցախի և Հայաստանի շահերը, և խաղաղության դարաշրջան վանկարկելով գնում են դեպի ազգային և պետական ինքնասպանություն, ապա իրենք չեն պայքարի մեզ հետ և ստիպեն մեզ, որպեսզի մենք մեր շահերը պաշտպանենք, հակառակը՝ իրենք իրենց շահերն են առաջ բերելու»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Աբովյանը։

Քաղաքական գործիչն իր խոսքում ընդգծում է՝ եվրոամերիկյան թևն  ունի շատ հստակ նպատակ՝ դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, և ամեն գնով նոր լոգիստիկ, էներգակիրների համար նախատեսված ուղիներ ձևավորել դեպի Եվրոպա, քանզի Արևմուտք- Արևելք ֆորմատով ճգնաժամը շատ երկար է տևելու, երկար  տարիներ։

«Կարող ենք փաստել, որ Ադրբեջանը հասավ իր բոլոր նպատակներին, ինչը, որ իր առջև դրել էր՝ ապալեգիտիմացվեց «Արցախի Հանրապետություն» քաղաքական հասկացությունը նվազագույնը հայտարարությունների պահով։ Պետք է շատ հստակ հասկանալ, որ, այո, ձևավորվել է կոնսոլիդացված որոշակի մի դիրքորոշում, ըստ որի բոլոր գործընթացները փաստացի համապատասխանում են թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմի տեսլականին։ Որքան էլ հիմա հերքեն՝ Հայաստանի տարածքների փոխանցում՝  դելիմիտացիայի, դեմարկացիայի ներքո, դա պարզապես ծիծաղելի է։ Որովհետև, եթե մի իշխանություն, որը հրաժարվում է նույնիսկ մի նախադասություն արտաբերել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այդ իշխանությունը զրոյական մակարդակի վրա է»։

Մեր այն հարցին, թե ինչու չի արձագանքում Ռուսաստանը բրյուսելյան հանդիպմանը, Արման Աբովյանն ասաց․ «Ռուսական կողմի լռությունը ակնհայտ ցույց է տալիս, որ բավականին դժգոհ է գործընթացից, քանի որ իրենք շատ լավ հասկանում են, որ փորձ է արվում նվազագույնն այս փուլում` դուրս մղել ռուսական քաղաքական  գործոնը հիմնական որոշումներ ընդունելուց։ Սակայն ռուսական կողմը ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի շուրթերով այսօր հայտարարեց, որ հաջորդ դեմարկացիա, դելիմիտացիայի հանձնաժողովի նիստը կանցկացվի Մոսկվայում, ըստ երևույթին` եկող շաբաթ։ Շատ կարևոր մի նյուանս էլ կա, ռուսական որոշ պարբերականներ գրում են, որ Մոսկվայում նախատեսված դելիմիտացիայի, դեմարկացիայի հանդիպումը, դա Ադրբեջանի նախաձեռնությունն է։ Այս պարագայում ունենք բարդագույն իրավիճակ, որը համապատասխանում է թրքահաճո, ադրբեջանամետ խաղաղության դարաշրջանին, որը իրականում խաղաղություն չի, այլ արհավիրքի և հայկական գործոնի ապամոնտաժման դարաշրջան»։

Վերլուծաբանին խնդրեցինք նաև իր դիրքորոշումը հայտնել   դելիմիտացիայի հանձնաժողովի հետ կապված․ «Նախ ասեմ, որ չէի ակցենտավորվի կազմի թվերի  վրա՝ շատ պարզ պատճառով, որ ամեն պետություն քաղաքական-դիվանագիտական առումով ինքն է որոշում՝ քանի հոգի կլինի իր հանձնաժողովում։ Թիվը որևիցե դեր չի խաղալու այս գործընթացում։ Խնդիրն այս պրոցեսի անթույլատրելիության և մեկնարկի մասին է»։
 
Թե Բրյուսելն ինչպես կարձագանքի Ռուսաստանի այսօրվա հայտարարությանը, որ դելիմիտացիայի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը պիտի կայանա Մոսկվայում, Արման Աբովյանն ասաց․«Հավաքական Արևմուտքը հասկանում է, որ  միանգամից շատ դժվար կլինի Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։ Մոդերացիան, որը դե ֆակտո իրականացնում է Եվրոպան մի իրավիճակ է ստեղծել, որ փորձ է արվում նվազեցնել տարածաշրջանի հիմնական խաղացողների՝ Իրանի և Ռուսաստանի դերակատարությունը։ Իրանը միակ տարածաշրջանային պետությունն է, որը շատ հստակ և պարզ հայտարարում է, որ թույլ չի տալու  սահմանների փոփոխություն, և այս մեսիջը նաև հայկական կողմին է ուղղված։ Այստեղ Իրանը ունի մտավախություն, որ թուրք-ադրբեջանական տանդեմը կկարողանա բլոկել այս կամ այն ձևաչափով Իրանի Հյուսիսային սահմանը, խոսքը գնում է Հայաստանի հետ սահմանին։ Եվ Իրանը կհայտնվի բավականի ծանր իրավիճակում։ Որքան էլ հավաքական Արևմուտքը բանակցություններ է վարում Իրանի հետ հարաբերությունները բարելավելու համար, միևնույն է, Իրանի շրջափակման պրոցեսը շարունակում է»։

Աբովյանն այստեղ ընդգծում է մի կարևոր փաստ ևս, որ ընդհանուր կոնտեքստում չի կարելի անտեսել օկուպացված Շուշիում՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պառլամենտների արտաքին գործերի  հանձնաժողովների նախագահների հանդիպումը։

«Այսօր Ադրբեջանը հայտարարեց, որ ձևավորվելու է Հարավային Կովկասի պառլամենտական վեհաժողով, որի կազմում լինելու են Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը, և որի մեջ ընդգրկված չեն Հայաստանը, Իրանը, Ռուսաստանը։ Տեսնում ենք, որ տարածաշրջանում ձևավորվում են որոշակի քաղաքական տարածաշրջանային թրքամետ հենարաններ, որոնց հիմնական նպատակն է ավելի ուժեղացնել իրենց դերակատարությունը տարածաշրջանում, որը չափազանց վտանգավոր է, և որի նպատակն է նաև, որ հիմնական դերակատարը տարածաշրջանում  լինի Արևմուտքը»։