Բարսեղյանը քանդակել գիտի, եկեղեցին սնանկ է, կառավարությունից էլ կես մլրդ են ակնկալում. Գյումրու ավագանու հերթական նիստը

Բարսեղյանը քանդակել գիտի, եկեղեցին սնանկ է, կառավարությունից էլ կես մլրդ են ակնկալում. Գյումրու ավագանու հերթական նիստը
Լևոն Բարսեղյան

Այսօր Գյումրու ավագանին քննարկման  դրեց եւ հաստատեց  օրակարգային  2 տասնյակից ավել հարցեր: Նիստի մեկնարկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը հասցրեց հպարտանալ՝ հիշեցնելով, որ 2018 թ-ին այնքան լավ են աշխատել, որ 700միլիոն դրամի պարտք են մարել: Ավագանու այսօրվա նիստը նույնպես աչքի ընկավ առատ նվիրատվություններով. այս կամ այն անհատին ու կազմակերպությանը տարբեր նպատակներով  համայնքի բյուջեից  կլորիկ գումարներ հատկացվեցին:

Ուշագրավը  «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան»  ՀՈԱԿ-ին  գույք ձեռք բերելու եւ տարածքը վերանորոգելու համար հատկացվող 11 մլն 500 հազար  դրամ հատկացնելն էր: Այս գումարը հատկացվեց Բուլվարային թաղամասի վերանորոգման հաշվին, որի համար 60մլն դրամ էր նախատեսված: Ընդհանուր հաշվարկով համայնքի շուրջ 23կազմակերպությունների  տրամադրվեց  20 մլն 850 հազար դրամ: Քանդակագործ Զավեն Կոշտոյանի հիշատակը հավերժացնող պատկերագրքի տպագրման ծախսերը  հոգալու  համար հատկացվող գումարին հատկապես  դեմ չէր ԳԱԼԱ խմբակցության ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, քանի որ Կոշտոյանն  իր քանդակագործության ուսուցիչն է եղել: Սամվել Բալասանյանը  կատակեց. «Փաստորեն քանդակել գիտեք, պարոն Բարսեղյան»:

Ավագանու այսօրվա կարևոր որոշումներից էր Գյումրիում  տրանսպորտի 70 կանգառների տեղադրման հարցը, ինչն էլ  ընդունվեց:Ավագանիներից մի քանիսի դիտարկմանը,  թե ինչու կանգառներին վերաբերող  նախագիծը հանձնաժողովում նախապես չի քննարկվել եւ միանգամից ընդգրկվել է նիստի օրակարգ, քաղաքապետը հակադարձեց, թե հրատապ էր եւ մինչև օգոստոս 37 ավտոբուս պետք է քաղաք բերվի: Այստեղ էլ նրան հակառակվեց Լևոն Բարսեղյանը՝ ընդգծելով, որ հրատապը տարերային աղետներին է վերաբերում կամ այլ շտապ դեպքերին, սա այդ դեպքը չէր: Ավագանիները քննարկեցին, թե ինչպես եւ ովքեր են տեր կանգնելու, հսկելու ավտոբուսների  աշխատանքը, դա երկար ուսումնասիրելու հարց է:  Քաղաքապետի խոսքերով տրանսպորտին վերաբերող հարցի շուրջ  հանրային քննարկում կկազմակերպվի: 

Ավագանին այսօր արտոնություն տվեց նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմին՝ զեղչելով  թեմապատկան փոխադրամիջոցների համար հաշվարկված գույքահարկի գումարը: Նման դիմում- խնդրանքով քաղաքապետին դիմել էր Շիրակի թեմի առաջնորդը՝ պատճառաբանելով, որ եկեղեցու միջոցները սուղ են: Այս որոշմանը դեմ էր ավագանու անդամներից մեկը: Հայկական վերածնունդ խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանը  քվեարկությունից առաջ անգամ հետաքրքրվեց՝ թերահավատորեն հնչեցնելով. «Եկեղեցին այդքան սնա՞նկ է»:Քաղաքապետն ակնհայտորեն պաշտպանեց. «Այդ առումով , այո, սնանկ է»:
Ավագանին այօր հաստատեց նաև կարևոր այն  4 ծրագիրը, որոնց իրագործման համար կառավարությունը մոտ կես մլրդ դրամի  սուբսիդավորում պետք է անի: Ծրագրերը  կներկայացնենք առաջիկայում: